Ֆելիքս Օսվալդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆելիքս Օսվալդ
Ծնվել էնոյեմբերի 3, 1866(1866-11-03)
Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էնոյեմբերի 3, 1958(1958-11-03) (92 տարեկան)
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունհնագետ
Տիրապետում է լեզուներինանգլերեն
Պարգևներ

Ֆելիքս Արթուր Քլեյր Օսվալդ (անգլ.՝ Felix Arthur Clair Oswald, նոյեմբերի 3, 1866(1866-11-03), Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - նոյեմբերի 3, 1958(1958-11-03)), անգլիացի երկրաբան, դիվանագետ։ Նոթինգհեմի համալսարանի պատվավոր պրոֆեսոր։

Մասնակցել էր Հ․ Ֆ․ Լինչի 1898 թվականի հայկական գիտարշավին, ուսումնասիրել Հայկական Լեռնաշխարհի Ֆելիքս Օսվալդ երկրաբանական կառուցվածքը Տրապիզոն-Էրզրում-Վան կտրվածքով, հրատարակել լեռնաշխարհի երկրաբանական սխեմատիկ քարտեզը (1907)։ Ավելի ուշ, գրականության տվյալների հիման վրա (հիմնականում Հ․ Աբիխի), կազմել էր Կովկասի երկրաբանական քարտեզը և նրա բացատրագիրը (1914), հնագիտական պեղումներ կատարել։ Հայկական լեռնաշխարհի վերաբերյալ հետազոտությունների արդյունքներն առաջին անգամ շարադրվել էին Օսվալդի «Քննախոսություն Հայաստանի երկրաբանության» մոնումենտալ երկի մեջ (1906)։ Արժեքավոր էին Օսվալդի Սիփան և Նեմրութ հրաբխային լեռնազանգվածների վերաբերյալ մանրակրկիտ դիտողությունները։ Այնուհետև Օսվալդը հրատարակում էր «Հայկական լեռնաշխարհի տեկտոնական զարգացման պատմության շուրջը» աշխատությունը գերմաներեն լեզվով (1910)։ «Ռեգիոնալ երկրաբանության ձեռնարկ» մատենաշարով 1912 թվականին անգլերեն լույս է տեսնում նրա «Հայաստան» մենագրությունը։ Օսվալդը 1915 թվականին պետական պաշտոնյայի առաքելությամբ ճամփորդել էր Հյուսիսային Կովկասում, ծանոթացել տեղի նավթաբեր ավազաններին։ Օսվալդի գիտական հետազոտությունների եզրահանգումները արդի երկրաբանության հայեցակետից կարևոր նշանակություն ունեն։ Մինչև այժմ պահպանում է իր գիտական բարձր հավաստիությունը Օսվալդի եզրակացությունը Արարատյան գոգավորության շրջակայքի օլիգոցենի և Ապենինյան թերակղզու օլիգոցենի ծովային նստվածքների հասակակից լինելու մասին։ Արդիական էին նրա պատկերացումները Հայկական լեռնաշխարհի և Կովկասի սահմաններում երկրակեղևի խճանկարաբեկորային (մոզաիկբլոկային) կառուցվածքի, մագմայական պրոցեսների և բեկորների (բլոկների) սահմանները կազմող խզման գծերի կապի, Պոնտոսի, Թալիշի ու Էլբուրսի ծալքավոր բեկորային լեռնաշղթաների տեկտոնական փոփոխությունների վերաբերյալ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։