Օլեգ Լոբով (պատմաբան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օլեգ Լոբով (այլ կիրառումներ)
Օլեգ Լոբով | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 19, 1924 |
Ծննդավայր | Ռոստովի մարզ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | ապրիլի 17, 2009 (84 տարեկան) |
Վախճանի վայր | Նովոչերկասկ, Ռոստովի մարզ, Ռուսաստան |
Գերեզման | Ռոստովի մարզ |
Մասնագիտություն | պատմաբան և գրող |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Կաբարդինո-Բալկարիայի պետական համալսարան |
Ժանրեր | արձակ |
Պարգևներ |
Օլեգ Նիկոլաևիչ Լոբով (ռուս.՝ Олег Николаевич Лобов, դեկտեմբերի 19, 1924, Ռոստովի մարզ, ԽՍՀՄ - ապրիլի 17, 2009, Նովոչերկասկ, Ռոստովի մարզ, Ռուսաստան), ռուս պատմաբան, գավառագետ, գրող, պահեստազորի գնդապետ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) վետերան, կազակության վերածննդի ակտիվ մասնակից։ Նախաձեռնող խմբի կազմում մասնակցել է Դոնի կայսր Ալեքսանդր III-ի անվան կադետական կորպուսի վերաստեղծմանը[1], որտեղ հետագայում երկար տարիներ աշխատել է մանկավարժ և թանգարանի պահապան։ Նովոչերկասկ քաղաքի պատվավոր քաղաքացի (2006)[2][3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1941 թվականի հունիսին Օլեգ Լոբովը ավարտել է միջնակարգ դպրոցի իններորդ դասարանը։ Դեռ 16 տարին չլրացած, օգոստոսին կամավոր համալրել է Կարմիր բանակի շարքերը։ Մի քանի ամիս սովորել է Վլադիմիրի հետևակային ուսումնարանում։ 1941 թվականի նոյեմբերի 7-ին Կարմիր հրապարակի նշանավոր զորահանդեսի մասնակիցների շարքերում մեկնել է ռազմաճակատ։ Մոսկվայի մատույցներում տեղի ունեցած երկարատև արյունալի մարտերի ընթացքում Օլեգ Լոբովը ստացել է իր առաջին մարտական շքանշանը` «Արիության համար» մեդալը։
1942 թվականի սեպտեմբերի 1-ից Լոբովը հանդես է եկել Ստալինգրադյան ռազմաճակատում, որտեղ պարգևատրվել է «Ստալինգրադի պաշտպանության համար» մեդալով։ 1943 թվականից Կուրգան քաղաքում սովորել է Ստալինգրադի տանկային ուսումնարանում՝ «Т-34» տանկի հրամանատար մասնագիտությամբ։ Դեկտեմբերին նրան շնորհվել է «կրտսեր լեյտենանտի» զինվորական կոչում։
Ուկրաինայի ազատագրության գործողությունների ընթացքում տանկի անձնակազմը կրտսեր լեյտենանտ Լոբովի հրամանատարությամբ մասնակցել է Կորսուն-Շևչենկովսկայա ֆաշիստական խմբավորման ջախջախմանը։ Այս մարտերում Լոբովը ծանր վիրավորվել է։ Երեք ամիս կրտսեր լեյտենանտն անցկացրել է հոսպիտալում, որտեղ նրան շնորհվել է «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան։ Հետագայում Լոբովը պարգևատրվել է ևս մեկ «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշանով, «Հայրենական պատերազմի» II աստիճանի երկու շքանշաններով, Կարմիր աստղի երկու շքանշաններով։
1944 թվականի ամռանից Լոբովը կրկին եղել է տանկի հրամանատար, բայց արդեն Դոնի 5-րդ գվարդիական կազակական հեծելազորային կորպուսի 12-րդ գվարդիական կազակական դիվիզիայի 54-րդ տանկային գնդում։
1944 թվականի նոյեմբերի վերջին, երբ կատաղի մարտեր են տեղի ունեցել Հունգարիայի ազատագրության համար. 54 տանկային գնդի առջև խնդիր է դրված եղել 43-րդ և 45-րդ Դոնի հեծելավաշտային կազակական գնդերի հետ սերտ համագործակցությամբ գրավել Դանուբի գետանցումը և Մոհաչ քաղաքը։
«Т-34» տանկը, աշտարակին «Դոնի կազակ» գրությամբ, դուրս է եկել գետի ափ հինգ հոգանոց անձնակազմով, որի մարտական մեքենայի հրամանատարն է եղել լեյտենանտ Օլեգ Լոբովը։ Հարմար դիրք գրավելով և վաշտի երեք տանկերը նախապատրաստելով գրոհի՝ լեյտենանտ Լոբովը ստորաբաժանումներին տարել է հերթական հարձակման։ Սակայն թշնամին կատաղի կրակ է թափել նրանց վրա՝ գրոհի նետելով երեք տանկեր, երկու զրահամեքենա տասնյակ ավտոմատավորներով։ Ճանապարհի աջից և ձախից ուղիղ կազակների ուղղությամբ մարտի են նետվել երկու «Հովազներ»։ Դրանցից յուրաքանչյուրի հետևից շարժվել են զրահամեքենաները, իսկ ճանապարհի կենտրոնով գնոացել է անսովոր ահեղ ծանր տանկ։ Կազակները ոչինչ չեն իմացել գերմանական զորամասերում հայտնված «Արքայական վագրի» մասին։ Հիտլերի մտահղացմամբ դրանք պետք է բեկում մտցնեին պատերազմում և առաջին անգամ են հանդիպել խորհրդային տանկիստներին։ Լեյտենանտ Լոբովի անձնակազմի կողմից խփված «Արքայական վագրը» դարձել է այդ տիպի միակ տանկը 5-րդ գվարդիական Դոնի կազակական հեծելազորային կորպուսի մարտական հաշվում։ Իրենց մարտական ուղին դոնականները ավարտել են 1945 թվականի մայիսի 9-ին՝ Ավստրիական Ալպերում։ «Դոնի կազակ» մակագրությամբ տանկերի աշտարակների մյուս կողմում հայտնվել է սուվորովյան լոզունգը «Փառք Ալպերին»։
Նովոչերկասկում Օլեգ Լոբովն ապրել է իր կյանքի միայն երկրորդ կեսը` արժանանալով պատվավոր քաղաքացու կոչման։ Նովոչերկասկում Լոբովին ճանաչել են ոչ միայն որպես մոլի կոլեկցիոներ, այլ նաև գավառագետ։ Նա եղել է ծանր տանկերի գնդի հրամանատար՝ տեղակայված դեռևս մինչպատերազմական ժամանակներից հայտնի հրամանատարական կազմի կատարելագործման Կարմրադրոշ հեծելազորային դասընթացների կազմակերպման տարածքում։ Մինչ հեղափոխությունն այստեղ տեղակայված է եղել Դոնի կայսր Ալեքսանդր III-ի կադետական կորպուսը։ Երբ վերակառուցման ժամանակահատվածում պահեստի սպաների նախաձեռնող խումբը սկսել է զբաղվել նույն անվամբ ուսումնական հաստատության վերակառուցմամբ։
Իր ամբողջ կյանքում Օլեգ Լոբովը հավաքել է Նովոչերկասկի վերաբերյալ ֆոտոբացիկներ, պարբերական հրատարակություններ և նամականիշեր։ Պահեստազորում լինելով, նա ավարտել է Կաբարդինո-Բալկարական պետական համալսարանի պատմական ֆակուլտետը, դառնալով պատմաբան։ Մի շարք բուհերում դասավանդել է ռազմական արվեստի պատմություն, եղել համալսարաններից մեկի ուսումնական մասի վարիչը։
1992 թվականին «Հայրենիքի հուշարձաններ» գործակալությունը «Դոնը հին բացիկներում» անվանակարգում թողարկել է «Նովոչերկասկ» ժողովածուն, որի կազմի մեջ մտել են Լոբովի հավաքածուի 20-րդ դարի սկզբի 28 փոստային բացիկներ։ Իսկ տասը տարի անց Ռոստովում նրա հավաքածուի հիման վրա լույս է տեսել «Նովոչերկասկ Դոնի կազակների մայրաքաղաք» բացիկների հավաքածուն։ Քաղաքային կենտրոնական գրադարանի գավառագիտության բաժնի նյութերի օգնությամբ Օլեգ Լոբովը նախապատրաստել է «20-րդ դարի դոնականները։ Դոնական սպաները` 1914-1918 թթ. Առաջին համաշխարհային պատերազմի գեորգիևյան ասպետները» ժողովածուն, որը հրատարակվել է Ռոստովում 2004 թվականին։
Երկար տարիներ համագործակցել է «Ստանիցայի լրատու» ամսագրի խմբագրության հետ, որը հրատարակվել է Կանադայում կազակ էմիգրանտների հետնորդների կողմից։ Լոբովն ամսագրի համար պատրաստել է Դոնի ժամանակակից կազակության, Նովոչերկասկի և Դոնի կադետական կորպուսի մասին բազմաթիվ հոդվածներ։ Դրան ի պատասխան նա ստացել է բազմաթիվ նամակներ և ծանրոցներ ամսագրի համարներով, որտեղ հրապարակվել են նրա գործերը։
Լոբովը մահացել է 2009 թվականի ապրիլի 17-ին։ Ապրիլի 20-ին նրան թաղել են Նովոչեկասկյան նոր գերեզմանատան Փառքի ծառուղում։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան
- Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան (2)
- Կարմիր դրոշի շքանշան (2)
- «Խիզախության համար» մեդալ (ԽՍՀՄ)
- «Մարտական ծառայությունների» մեդալ
- «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ
- Մեդալ «Ստալինգրադի պաշտպանության համար»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ История
- ↑ «Почетные граждане города Новочеркасска». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ Почетные граждане города Новочеркасска
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Դեկտեմբերի 19 ծնունդներ
- 1924 ծնունդներ
- Ռոստովի մարզում ծնվածներ
- Ապրիլի 17 մահեր
- 2009 մահեր
- Ռուսաստանում մահացածներ
- Ռուսաստանում թաղվածներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- «Խիզախության համար» մեդալով պարգևատրվածներ (ԽՍՀՄ)
- «Մարտական ծառայությունների համար» մեդալով պարգևատրվածներ
- «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալով պարգևատրվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ռուս պատմաբաններ
- Ռուս գրողներ
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ
- Արիության մեդալակիրներ
- Ստալինգրադի ճակատամարտի մասնակիցներ
- Ռուս մանկավարժներ