Քինգ-Քրեյնի հանձնաժողով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քինգ-Քրեյնի հանձնաժողով (1919 թ. լուսանկար)

Քինգ-Քրեյնի հանձնաժողով (անգլ.՝ King–Crane Commission), հատուկ հանձնաժողով կազմված 1919 թվականին, ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի որոշմամբ, Առաջին համաշխարհային պատերազմում պարտված Թուրքիայում ազդեցությունների ոլորտներն ուսումնասիրելու նպատակով։

Անվանումն ստացել է ամերիկյան պաշտոնյաներ Հենրի Չերչիլ Քինգի և Չարլզ Ռիչարդ Քրեյնի անուններից։ Փարիզի հաշտության կոնֆերանսում (1919-20) հաղթանակած Անտանտի երկրները և դաշնակիցները, ի թիվս այլ հարցերի, քննել էին նաև Օսմանյան Կայսրության հետագա գոյության, քաղաքական կառուցվածքի, կայսրությունում բնակվող ազգային փոքրամասնությունների, ինչպես նաև Հայաստանի ինքնորոշման հարցերը։ Միացյալ Նահանգները, որը ձևականորեն չէր միացել Թուրքիայի մասնատման վերաբերյալ Անտանտի երկրների միջև պատերազմի տարիներին կնքված գաղտնի համաձայնագրերին, իրականում պահանջում էր այնպես բաժանել կայսրությունը, որպեսզի ԱՄՆ-ը նույնպես ունենար իր ազդեցության ոլորտները։ Այդ իսկ պատճառով ԱՄՆ-ի պատվիրակությունը կոնֆերանսում առաջարկել էր ստեղծել հանձնաժողովներ Օսմանյան կայսրության մասնատման ենթակա շրջանների ուսումնասիրման համար, ինչպես նաև պահանջել վիճելի շրջանների հարցերը կարգավորելու համար միջդաշնակցային հետաքննիչ հանձնաժողով ուղարկել Օսմանյան կայսրություն։ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի պատվիրակությունները խուսափել էին մասնակցել այդ հանձնաժողովին։ Նախագահ Վիլսոնը քաղաքականապես չհեղինակազրկվելու և, առաջին հերթին, ամերիկյան գործարար շրջանների շահերը բավարարելու համար որոշում է միայն ամերիկյան ներկայացուցիչներից կազմել հանձնաժողով՝ Հենրի Չերչիլի Քինգի և Չարլզ Ռիչարդ Քրեյնի գլխավորությամբ, թեև այն պաշտոնապես ներկայացվում էր որպես միջդաշնակցային հետաքննիչ հանձնաժողովի ամերիկյան մասնաճյուղ։ Հանձնաժողովի կազմում ներգրավվել էին նաև Թուրքիային լավատեղյակ անձինք (փորձագետներ)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1919 թվականի հունիսի 10-ին հանձնաժողովն իր ամբողջական կազմով ժամանում է Հայֆա (Սիրիա)։ Ավարտելով աշխատանքները Սիրիայում՝ հանձնաժողովն ուղևորվում է Կիլիկիա, որտեղ հանդիպում է տեղի բնակչության ներկայացուցիչների, մասնավորապես՝ հայ և թուրք բնակչության պատվիրակների հետ։ Հուլիսի 23-ին հանձնաժողովը ժամանում է Կոստանդնուպոլիս, որտեղ հավաքում և մշակում է նյութեր Պոլսի, նեղուցների, Անատոլիայի և Հայաստանի մասին։

Քինգ-Քրեյնի հանձնաժողովը խուսափում է այցելել Անատոլիա և Հայաստան՝ պատճառաբանելով, թե «Չորսի խորհրդից» նման հրահանգ չի ստացել, թեև զեկուցագրում պատրվակ է բերում հարմար ճանապարհների բացակայությունը, և, որ ամենակարևորն է, տեղի բուն բնակչության բացակայությունը, որը տեղահանվել է պատերազմի տարիներին կամ կոտորվել։ Հանձնաժողովը Կոստանդնուպոլսում պարբերաբար հանդիպումներ է ունենում տարբեր ազգերի ու համայնքների ներկայացուցիչների հետ։

1919 թվականի օգոստոսի 1-ին հանձնաժողովն ընդունում է հայկական պատվիրակությանը՝ Պոլսի հայոց պատրիարք Զավենի գլխավորությամբ։ Հայկական պատվիրակության կազմում միասնաբար հանդես են գալիս արևելահայերը և արևմտահայերը, թեև տարածքային պահանջների հարցում որոշակի տարակարծություն կար նրանց միջև, արևմտահայերը պահանջում էին 6 վիլայեթները, Կիլիկիան, նավահանգիստներ Սև և Միջերկրական ծովերի ափերին՝ այդ ամենը հիմնավորելով նրանով, որ Հայաստանն է «միակ կարևոր օազիսը մուսուլմանական անապատում և մուսուլմանական միլիտարիզմի դեմ արևմտյան քաղաքակակրթության հենարանը ապագա պայքարում»։ Արևելահայերն ավելի չափավոր էին, նույնիսկ մանդատի հարցում վերջիններս խուսափում էին կոնկրետ նշել հովանավորող պետությունը, այն դեպքում, երբ արևմտահայերը Հայաստանի մանդատը առաջարկում էին ԱԱՆ-ին ու մերժում մեկ ընդհանուր մանդատը Թուրքիայի և Հայաստանի վրա. քանզի հայ-թուրքական հարաբերությունները հնարավոր չէր կարգավորել, առավել ևս ապրել միևնույն կառավարման ներքո։ Հանձնաժողովն ընդհանուր կարծիք մշակհլու համար հանդիպումներ է ունենում նաև հույների, բուլղարացիների, քրդերի, մակեդոնացիների, ասորիների, վրացիների և այլոց պատվիրակների հետ։

1919 թվականի օգոստոսի 21-ին, ավարտելով աշխատանքները Պոլսում, հանձնաժողովը վերադառնում է Փարիզ և իր զեկուցագիրը ներկայացնում ամերիկյան պատվիրակությանը։ Զեկուցագրում որոշակիորեն դրվել էր Հայաստանի հարցը, որը բխեցվում էր կոնֆերանսում մանդատների հաստատման վերաբերյալ ընդունված որոշումներից, թուրքական կայսրության նկատմամբ վարվելիք քաղաքականության և ապագա խաղաղության հաստատման մասին վիլսոնյան ծրագրի 12-րդ կետից։ Առաջարկվում էր կազմել նոր, անկախ Հայաստան, որին տնտեսապես աջակցելու, թուրքական վրեժխնդրությունից զերծ պահելու, ինչպես և նրա անվտանգությունը պահպանելու համար պետք էր հաստատել որևէ հզոր երկրի երկարաժամկետ մանդատ։ Գերադասելի էր համարվում ԱՄՆ-ի մանդատը, քանի որ վերջինս արտահայտում էր հայերի մեծամասնության ցանկությունը։

Զեկուցագրի հեղինակները կարծում էին, որ այն կարժանանա դաշնակիցների հավանությանը, քանզի թուրքերն էլ են նախընտրելի համարել Հայաստանի վրա ամերիկյան մանդատը։ Հանձնաժողովը խուսափել էր նշել Հայաստանի սահմանները և միայն կարծիք էր հայտնել, որ հայերը պետք է զբաղեցնեն այն տարածքները, որտեղ հնարավոր կլիներ ապահովել քրիստոնյաների մեծամասնությունը։ Ընդհանուր առմամբ, հանձնաժողովն հանգում է այն եզրակացության, որ հովանավորության ենթակա երեք պետությունները՝ Թուրքիան, Հայաստանը և Սիրիան, պետք է լինեն մեկ մանդատային երկրի ընդհանուր հսկողության ներքո։ Իսկ քանի որ այդ երկրները տնտեսապես ոչ բարվոք վիճակում էին, և անհրաժեշտ էր խուսափել այնտեղ հետագա քաղաքական լարվածություններից, ապա ցանկալի էր, որ այդ պետությունները լինեին ԱՄՆ-ի միացյալ մանդատի ներքո, որին և ձգտում էին տեղի ժողովուրդները։ Սակայն կոնֆերանսում ամերիկյան պատվիրակությունը զեկուցագիրը շրջանառության մեջ չի դնում, ինչը պայմանավորված էր ոչ այնքան Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի արևելյան քաղաքականության վերաբերյալ բացասական կարծիքով, որքան ԱՄՆ-ի քաղաքական շրջաններում առաջ եկած հակավիլսոնյան թևի ուժեղացումով, որոնք նախագահից պահանջում էին չխառնվել եվրոպական պետությունների «խարդավանքներին» և հավատարմորեն հետևել «Մոնրոյի դոկտրինային» (մեկուսացման քաղաքականությանը)։

Արդյունքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Այսպես Քինգ-Քրեյնի հանձնաժողովն իր պահանջներով և առաջարկություններով խաթարում էր Մեծ Բրիտանիայի և հատկապես Ֆրանսիայի շահերը, որոնք անհողդողդ էին Թուրքիայում իրենց բաժինը ստանալու հարցում։ Հանձնաժողովը չի բավարարում նաև ԱՄՆ-ի շահագրգիռ շրջաններին, քանի որ վայրերի մասին տեղեկությունները հիմնականում ստացվել էին տեղի պատվիրակություններից և միշտ չէ, որ համապատասխանում էին իրականությանը, այնուամենայնիվ, դրանք որոշակի պատկերացում էին տալիս ամերիկյան կառավարությանը Թուրքիայի մասնատման ենթակա շրջանների սոցիալ-տնտեսական վիճակի ու նյութական ռեսուրսների մասին։ Որոշ չափով բացահայտվում է նաև Թուրքիայում ապրող տարբեր ազգությունների ու համայնքների քաղաքական հոսանքների դիրքորոշումը ԱՄՆ-ի նկատմամբ։

Հանձնաժողովը ոչնչով չի նպաստում հայկական խնդրի լուծմանը։ Այդպիսի խնդիրների ամբողջական քննարկման և ուսումնասիրման համար գեներալ Ջեյմս Հարբորդի գլխավորությամբ մի նոր ամերիկյան պատվիրակություն գործուղվում է Թուրքիա։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քինգ-Քրեյնի ամերիկյան հանձնաժողովը և Հայաստանի մանդատի հարցը, Սողոմոնյա ն Ս Ա, «Պատմության հարցեր», պր. 2, Ե., 1989։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։