Քամիները Հայաստանի տարածքում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քամիները Հայաստանի տարածքում, Հայաստանի տարածքին բնորոշ է քամու փոփոխական ռեժիմը։ Տարվա ընթացքում գերիշխում են հիմնականում արևմտյան օդային հոսանքները։ Սակայն լեռնային ռելիեֆի պայմաններում, հատկապես ցածրադիր վայրերում, օդային հոսանքները շեղվում են իրենց նախնական ուղղությունից։ Օդային հոսանքների արևմտյան ուղղությունը շուրջ տարին պահպանվում է միայն 2500-3000 մ-ից բարձր լեռներում։

Հայաստանի տարածքին բնորոշ են բրիզը, ֆյոնը և լեռնային-հովտային քամիները։

Բրիզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիզն առաջանում է հիմնականում անտիցիկլոնային պարզ եղանակներին՝ Սևանա և Արփի լճերի, Ապարանի և մյուս խոշոր ջրամբարների ափերին։ Սևանա լճի ավազանում (հատկապես՝ Մասրիկի դաշտում) դիտվում է ապրիլ-հոկտեմբերին։ Լճից փչող բրիզի արագությունը մինչև 1,8 մ/վ է, ցամաքից փչողինը՝ մինչև 2,4 մ/վ (լեռն, քամու ազդեցությամբ)։

Ֆյոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆյոնը բնորոշ է Աղստևի հովտին, Սևանա լճի ավազանին (հատկապես՝ Գավառի շրջակայքում) և Ջանգեզուրին։ Այն առավել ցայտուն է արտահայտված Սևանա լիճ-Աղստևի հովիտ հատվածում, որի ազդեցությամբ Դիլիջանում և Իջևանում ձմռանն օդի հարաբերական խոնավությունն ավելի ցածր է, քան ամռանը։ Եղել են դեպքեր, երբ մի քանի ժամվա ընթացքում ֆյոնի հետևանքով օդի ջերմաստիճանը բարձրացել է 15-20 °C-ով։ Եթե դա տեղի է ունենում վաղ գարնանը, լեռներում սկսվում է բուռն ձնհալ, որի հետևանքով սկսվում են գետերի աղետաբեր հորդացումներ։

Լեռնահովտային քամիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեռնահովտային քամիները Հայաստանում դիտվում են գրեթե ամենուր, հատկապես ամռանը՝ պարզկա եղանակին։ Լավ արտահայտված են Արարատյան գոգավորությունում, դիտվում են ամբողջ տարվա ընթացքում, ուժեղանում հունիս-սեպտեմբերին. արագությունը՝ 3-20 մ/վ, իսկ հովտային քամին սկսվում է առավոտյան. կեսօրին արագությունը հասնում է առավելագույն արժեքին։ Երեկոյան (մոտավորապես ժամը 18-19-ին) սկսվում է լեռնային քամին, որը ժամը 22-23-ին հասնում է առավելագույն արագության։ Երևանում սկսվում են մայրամուտից առաջ՝ ժամը 16-17-ին. ամռանը դրանց շնորհիվ գիշերները համեմատաբար զով են, և մեծանում է օդի ջերմաստիճանի օրական տատանման լայնույթը։

Արագությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մթնոլորտի մրրկային (տուրբուլենտ) շարժման հետևանքով Հայաստանում քամու արագությունն ու ուղղությունը փոփոխական են։ Բաց տեղանքում դրանց տարեկան միջին արագությունը, ըստ բարձրության, ավելանում է. հյուսիսարևելյան շրջաններում, Արարատյան գոգավորությունում և Զանգեզուրում այն 2 մ/վ է, բարձրլեռնային շրջաններում ու Սևանի ավազանում՝ 2-5 մ/վ։

Հանրապետության ցածրադիր շրջաններում, Շիրակի դաշտում և Արարատյան գոգավորությունում քամու առավելագույն արագություն դիտվում է ամռանը, Սևանի ավազանում, բարձրլեռնային և հյուսիսարևելյան շրջաններում ու լեռնանցքներում՝ ձմռանը։ Օրվա ընթացքում առավելագույն արագությունը դիտվում է կեսօրին, նվազագույնը՝ առավոտյան, իսկ լեռնահովտային շրջանառության վայրերում՝ երեկոյան և գիշերը (Երևան, Եղվարդ և այլն)։ Ուժեղ քամիներով օրերի թիվը Մեղրիում 1 է, Գյումրիում՝ 84, Սիսիանի լեռնանցքում՝ 134, և այլն։ Հիմնականում լինում են ձմռանը՝ մթնոլորտային ցուրտ ճակատների ու ցիկլոնների անցման ժամանակ, և ամռանը՝ լեռնահովտային շրջանառության ակտիվ զարգացման պայմաններում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։