Քամալ օլ-Մոլք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քամալ օլ-Մոլք
Ծնվել էսեպտեմբերի 29, 1848(1848-09-29)[1]
ԾննդավայրՔաշան, Սպահանի նահանգ, Իրան
Վախճանվել էօգոստոսի 18, 1940(1940-08-18) (91 տարեկան)
Մահվան վայրՆիշապուր, Ռազավի Խորասան, Իրան
ՔաղաքացիությունԻրան
ԿրթությունԴար ուլ Ֆունուն
Մասնագիտություննկարիչ
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներThe Egyptian man?
ՄեկենասներՆասր ադ Դին Շահ
ԱշակերտներShaukat al-Muluk Khaja Nouri?[2]
 Kamal-ol-molk Վիքիպահեստում

Քամալ օլ Մոլք (պարս.՝ کمال‌الملک, իսկական անունը՝ «Մուհամմադ Գաֆֆարի», սեպտեմբերի 29, 1848(1848-09-29)[1], Քաշան, Սպահանի նահանգ, Իրան - օգոստոսի 18, 1940(1940-08-18), Նիշապուր, Ռազավի Խորասան, Իրան), իրանցի նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քամալ օլ-Մոլքը սերում է հայտնի և շատ ազդեցիկ Կաշան Գաֆֆարիի տոհմից։ 19-րդ դարի իրանցի ամենահայտնի նկարիչներից մեկի՝ Աբուլ Հասան Գաֆֆարիի եղբոր որդին է։ Հայրը՝ Միրզա Բուզուրգ Գաֆֆարի Քաշանին, նույնպես հայտնի նկարիչ է եղել, արվեստի դպրոցի հիմնադիր, եղբայրը՝ Աբու Թորաբ Գաֆֆարին, նույնպես ընդունակ նկարիչ էր[3]։ Ըստ վկայությունների՝ Մուհամմադը մանկուց հետաքրքրություն է ցուցաբերել գեղագրության և նկարչության նկատմամբ։ Փոքր տարիքում նկարազարդել է իր սենյակի պատերը[4], այս նկարներից մի քանիսն այսօր էլ կարելի է տեսնել Գաֆֆարի ընտանիքի տանը։ Որոշ ժամանակ անց, բարձրագույն կրթություն ստանալու համար ընդունվել է Դար ուլ-Ֆունուն, որտեղ գեղանկարչություն է սովորել այն ​​ժամանակվա լայնորեն հայտնի վարպետներից մեկի՝ Մոզայեն ադ-Դավլայի ղեկավարությամբ, ով արվեստ է ուսումնասիրել Եվրոպայում[5]։ Մուհամմադը երեք տարի անցկացրել է ուսումնական հաստատությունում։ Աշակերտության տարիներին անունը եղել է Միրզա Մուհամմադ Քաշի և, չնայած երիտասարդ տարիքին, նույնիսկ այն ժամանակ կարողացել է հանրության ուշադրությունը գրավել իր ստեղծագործությունների վրա։

Պալատական նկարիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քամալ օլ-Մոլքի հետագա կարիերան պատահականության արդյունք է։ Մի օր Շահ Նասր ալ-Դինը այցելել է դպրոց և ուշադրություն է դարձրել ընդունակ աշակերտի աշխատանքների վրա։ Շահը Քամալին հրավիրել է արքունիք, որտեղ, գնահատելով նկարչի վարպետությունը, նրան շնորհել է «Քամալ օլ-Մոլք» (երկրային կատարելություն) տիտղոսը, որով նա հայտնի է դարձել։ Մուհամմադը դարձել է պալատական ​​գլխավոր նկարիչ և Շահ Նասր ալ-Դինի օրոք ստեղծել է մոտ 170 ստեղծագործություն, որոնց մեծ մասն այժմ կորած է։ Նրանք մեծ մասամբ պատկերում էին շահի և բարձրաստիճան պաշտոնյաների դիմանկարները, շահի ընդունելությունների և որսի տեսարանները, շահի պալատների գեղեցկությունը և այլն։ Նկարիչը աշխատել է շահի արքունիքում մինչև նրա մահը։ Շահ Նասր ալ-Դինը երկրում արևմտամետ բարեփոխումներ է իրականացրել և թանկարժեք գնումներ կատարել Վիեննայում՝ բարձր տոկոսադրույքներով վարկեր վերցնելով։ Իր պարտքերը մարելու համար շահը սկսել է օտարերկրացիներին լիցենզիաներ տրամադրել տարբեր տեսակի բիզնեսների, այդ թվում՝ բանկերի ստեղծման համար։ Արդյունքում Իրանի կախվածությունը օտարերկրյա կապիտալից արագ է աճել։ Թղթադրամների թողարկման մենաշնորհային իրավունքն անցել է անգլիական բանկին, որը շուտով սկսել է վարել Մեծ Բրիտանիայի շահերից բխող քաղաքականություն։ Այնուհետև շահը ծխախոտի լիցենզիան տվել է անգլիացի մայոր Թալբոտին՝ 50 տարի ժամկետով նրան տալով ծխախոտի արտադրության, վաճառքի և արտահանման մենաշնորհ։ Դրանից տուժել են ծխախոտ մշակող բազմաթիվ հողատերերի շահերը։ Դա հանգեցրել է անկարգությունների, օտարների գերիշխանության դեմ ժողովրդի բողոքի ակցիաների և հակաշահական գաղտնի կազմակերպությունների ի հայտ գալուն։ 1896 թվականին կատարված մահափորձի արդյունքում սպանվել է Շահ Նասր ալ-Դինը։

Տեղափոխություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քամալ օլ Մոլք, Շահ Մուզաֆար ադ-Դինի դիմանկարը (1901-1902): Մասնավոր հավաքածու

Նկարիչը հավանաբար բավականին մտերիմ հարաբերություններ է ունեցել շահի հետ։ Նա ծանր է տարել Նասր ալ-Դինի մահը և չի կարողացել աշխատել նրա իրավահաջորդի՝ Շահ Մուզաֆար ադ-Դինի (1896-1907) արքունիքում։ Մուհամմադ Գաֆֆարին նախընտրել է մեկնել Եվրոպա[4], որտեղ հնարավորություն է ունեցել հանդիպել նկարիչների հետ և կրկնօրինակել անցյալի վարպետների, մասնավորապես՝ Ռաֆայելի, Ռեմբրանդտի և Տիցիանի հայտնի ստեղծագործությունները, Եվրոպայում մնացել է մոտավորապես չորս տարի և այդ տարիների ընթացքում այցելել է թանգարաններ, ուսումնասիրել և փորձեր կատարել։ 1899 թվականին վերադարձել է Պարսկաստան։ Սակայն շահի արքունիքի թշնամանքն ու անվերջանալի խարդավանքները ստիպել են նրան նորից արտագաղթել, այս անգամ՝ Իրաք, որտեղ նա ստեղծել է մի քանի հրաշալի գործեր՝ «Ոսկերիչը աշակերտի հետ», «Ապագայի գուշակը» և այլն։

Երկու տարի անց Մուհամմադ Գաֆֆարին վերադարձել է հայրենիք[6] և միացել սահմանադրական շարժմանը, որը զարգացող քաղաքական գործընթաց է եղել։ Այդ ընթացքում նա մի քանի դիմանկարներ է նկարել։ 1905-1906 թվականներին Իրանը ցնցվել է բնակչության կատաղի ցույցերից, բազմամարդ հանրահավաքներ են կազմակերպվել շուկաներում, հրապարակներում և մզկիթներում։ 1907 թվականի հոկտեմբերին ընդունվել է նոր սահմանադրություն, որը զգալիորեն նվազեցրել է շահի իշխանությունը։ 1907 թվականին շահ Մուզաֆար ադ-Դինը մահացել է։

Սեփական դպրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրանի սահմանադրության ընդունումից հետո նոր մթնոլորտ է ստեղծվել։ Բազմաթիվ կրթված մարդիկ իշխանության են եկել և իրենց ներդրումն ունեցել Քամալ օլ-Մոլքի կրթական ծրագրերում։ Նա ստեղծել է իր սեփական արվեստի դպրոցը, որտեղ, բացի գեղանկարչությունից, դասավանդվել է իրանական այլ ավանդական արհեստներ՝ գորգագործություն, խճանկար, փայտի փորագրություն և այլն։ Նկարիչը իր գումարի զգալի մասը նվիրաբերել է կարիքավոր ուսանողներին, իսկ նրա ուսումնարանի պատերից դուրս են եկել 20-րդ դարի իրանցի նշանավոր նկարիչների մի ամբողջ համաստեղություն։

Երկրում անկարգությունները չեն դադարել, նոր շահ Մոհամմադ Ալին (1907-1909) չի կարողացել իրավիճակը վերահսկողության տակ պահել։ 1908 թվականին խռովություն է սկսվել, որի արդյունքում Մեջլիսը (խորհրդարանը) լուծարվել է, իսկ նրա շատ պատգամավորներ բանտարկվել են։ Շահի այդ կտրուկ քայլերի հետևանքով հակաշահական հեղափոխական շարժումն ավելի է ուժեղացել՝ տարածվելով հասարակության տարբեր շերտերում և հանգեցրել նրան, որ շահ Մուհամմադ Ալին ստիպված է եղել ապաստան գտնել ռուսական դիվանագիտական ​​ներկայացուցչությունում։ Դրանից երեք օր անց Արտակարգ իրավիճակների ազգային խորհուրդը հայտարարել է նրա պաշտոնանկության և իշխանությունը շահի 14-ամյա որդուն՝ Ահմադին (1909-1925) փոխանցելու մասին։ Դա երկրում հանգեցրել է էլ ավելի մեծ քաոսի, որը գործնականում տևել է մինչև 1925 թվականը, երբ Մեջլիսը օրենք է ընդունել Քաջարների դինաստիայի տապալման մասին։ 1925 թվականին Սահմանադիր ժողովը Շահի ժառանգորդ է հռչակել Ռեզա շահ Փահլավիին։ Քամալ օլ-Մոլքը, որն այդ ժամանակ 70 տարեկանն անց էր, հարկ չի համարել ընդհանուր լեզու գտնել նոր ռեժիմի հետ։ Ավելին, որոշ ժամանակ անց նա մեղադրել է Փահլավի դինաստային կոռուպցիայի մեջ՝ ասելով, որ այդ առումով այն ոչնչով չի տարբերվում Քաջարների դինաստիայից։ Հայտնի վարպետին կառավարությունում աշխատանքի ներգրավելու Շահի փորձերը հանդիպել են կոռումպացված նախարարների հետ աշխատելու նկարչի համառ դիմադրությանը։ Նրա դիրքորոշումը հարուցել է Ռիզա շահի զայրույթը, ով Քամալ օլ-Մոլքի արվեստի դպրոցը համարել է ապստամբության օջախ, նկարչին զրկել է իր ամսական նպաստից, իսկ դպրոցին՝ պետական դոտացիայից, որպեսզի ստիպի նրան հրաժարական տալ։

Նկարչի թաղման վայրը Նիշապուրում

Աքսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

1928 թվականին նկարչին աքսորել են Նիշապուր քաղաք։ Նա բնակություն է հաստատել քաղաքի մոտակայքում գտնվող Հոսեյն Աբադ գյուղում, որտեղ զբաղվել է հողագործությամբ։ Ողջ աքսորի ընթացքում նա ոչ մի նկար չի նկարել։ Աքսորի ընթացքում ամենատխուր միջադեպն այն է, որ նկարիչն անհայտ պատճառներով կորցրել է մի աչքը։

1940 թվականին, լինելով զառամյալ տարիքում, Քամալ օլ-Մոլքը մահացել է Նիշապուր քաղաքում։ Թաղված է նույն քաղաքում՝ նշանավոր բանաստեղծ Աթթարի գերեզմանի կողքին։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ է Քամալ օլ-Մոլքի դերը 19-րդ դարի երկրորդ կեսի 20-րդ դարի սկզբի պարսկական արվեստում։ Նրա ստեղծագործությունները օրինակ են ծառայում նկարիչների մի քանի սերունդների համար, նրա մանկավարժական գործունեությունը նպաստել է պարսկական ավանդական արվեստի նոր աշխարհայացքի ձևավորմանը, իսկ ռեալիստական ​​ձևով ստեղծված նրա լավագույն գործերը դասվել են համաշխարհային ռեալիստական ​​արվեստի լավագույն ստեղծագործությունների շարքին։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Даниил Семёнович Комиссаров Новый этап в иранской живописи: Камал Оль Мольк (XIX—XX вв.) — М.: Восточная литература, 2004.
  • Хабиб Аллах Айат Аллахи. История иранского искусства. СПб 2007, стр. 289, 294

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 WorldCat EntitiesOCLC, Inc., 2022.
  2. http://www.qajarwomen.org/fa/people/35.html
  3. "Kamal-ol-molk: Eminent Iranian Artist", Iran Review, Online:
  4. 4,0 4,1 «KAMĀL-AL-MOLK, MOḤAMMAD ḠAFFĀRI, A. Ashraf with Layla Diba, Encyclopaedia Iranica». Iranicaonline.org. Վերցված է 2014 թ․ հունվարի 21-ին.
  5. The Land of Kings, Regional Cooperation for Development, 1971, p. 98
  6. Issa, R., Pākbāz,R. and Shayegan, D., Iranian Contemporary Art, Booth-Clibborn Editions, 2001, p. 14

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քամալ օլ-Մոլք» հոդվածին։