Աբուլ Հասան Գաֆֆարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբուլ Հասան Գաֆֆարի
Ծնվել է1814[1][2][3]
ԾննդավայրՔաշան, Սպահանի նահանգ, Իրան
Վախճանվել է1866[1][2][3]
Մահվան վայրԹեհրան, Իրան
ՔաղաքացիությունԻրան
Մասնագիտություննկարիչ
ՈւսուցիչՄիհր Ալի
 Abul Hasan Ghaffari Վիքիպահեստում
Աբուլ Հասան Գաֆֆարի: Երիտասարդ Նասիր ադ-Դին շահ: Մանրանկար, 1854 թվական, Լուվր, Փարիզ:

Աբուլ Հասան Գաֆֆարի Կաշանի (հայտնի է նաև որպես Սանի Օլ Մոլկ և Աբուլ Հասան Երկրորդ, 1814[1][2][3], Քաշան, Սպահանի նահանգ, Իրան - 1866[1][2][3], Թեհրան, Իրան), պարսիկ նկարիչ։

Աբուլ Հասանը պատկանել է հայտնի և ազդեցիկ Գաֆֆարի տոհմին, որը Իրանին պարգևել է մի շարք երևելի անհատներ՝ քաղաքագետներ, նկարիչներ, գիտնականներ։ Նա նկարիչ Միրզա Մուհամմեդի ընտանիքի ավագ որդին էր և հանդիսանում էր Աբուլ Հասան Մոստավֆի նկարչի թոռական եղբորորդին։ Աբուլ Հասան Գաֆֆարին աշխատում էր ամենատարբեր տեխնիկաներով՝ յուղաներկով նկարում էր դիմանկարներ, մանրանկարներ՝ ջրաներկով, նաև զբաղվում էր լաքապատ զարդատուփերի նկարազարդմամբ։ 1829 թվականին, 15 տարեկան հասակում, նա ուսումը սկսում է Միհր Ալիի՝ Ֆետխ Ալի-շահ նկարչի գլխավոր պալատականի մոտ (1797—1834 թվականներ)։ Աբուլ Հասանը բավականին արագ յուրացնում է գեղանկարչական վարժությունները։ 1842 թվականին նա նկարում է Մուհամմեդ-շահ Կադժառի (1834—1848 թվականներ) դիմանկարը, որը վերջինս շատ է հավանում, ինչն էլ առիթ է հանդիսանում նկարչի թագավորական գեղանկարիչների շարքում մտցնելու համար։ Այդ ընթացքում իր ոճը վերջնականապես ձևավորվեց և իր ողջ կյանքի ընթացքում չփոխվեց։ Յուղանկարչական այդ ոճը գեղանկարչության մեջ համարվում էր Միհր Ալիի ոճի շարունակությունը։ Սակայն մանրանկարների ստեղծման գործում նա ցուցաբերեց մեծ երևակայություն և հնարամտություն։ Իր մանրանկարներին բնորոշ են օրիգինալությունը, նատուրալիզմը և տեխնիկական կատարելությունը։ Սա հատկապես վերաբերվում է դիմանկարային մանրանկարչությանը։

Աբուլ Հասան Գաֆֆարի։ Երկու երիտասարդ սիրահարներ։ Կտավ, յուղաներկ, 1843 թվական, Թեհրան, Գյուլիստանի դղյակ:

Ինչպես իր ժամանակների բոլոր նկարիչները Աբուլ Հասան Գաֆֆարին արտասովոր հետաքրքրություն էր ցուցաբերում առ եվրոպական արվեստը։ 1846 թվականին Պարսկաստանից հեռանալով նա մի քանի տարի անցկացրել է Եվրոպայում՝ ճանապարհորդելով Իտալիայով և ծանոթանալով Հռոմի տեղացի վարպետների արվեստին, Ֆլորենցիայով և Վենետիկով։ 1850 թվականին նկարիչը վերադարձավ հայրենիք։ Նույն թվականին նրան նշանակեցին «նակկաշ-բաշու» պաշտոնին (շահական արքունիքի գլխավոր նկարիչ)։ Այս շրջանում Աբուլ Հասանը ուսուցչությամբ էր զբաղվում Դար ալ-Ֆոնուն արվեստի դպրոցում (բարձրագույն ուսումնական հաստատություն՝ 1848-1896 թվականներին բացված շահ Նասր ադ Դին Շահի կողմից, որտեղ ուսուցանում էին եվրոպական նորագույն գիտություններ և նկարչական հմտություններ)։

Աբուլ Հասան Գաֆֆարի։ «Հազար ու մի գիշեր» ժողովածուի մանրանկար։ 1853 թվական, Թեհրան, Գյուլիստանի դղյակի գրադարան:

1853 թվականին գլխավորում էր հանրահայտ «Հազար ու մի գիշեր» պատմվածքների ժողովածուի նկարազարդման հիասքանչ նախագիծը։ Մի շարք մանրանկարներ կատարել է իր իսկ ձեռքով, բայց, բացի այդ, նրան հանձնարարված էր վերահսկողության տակ պահել ողջ աշխատանքային ընթացքը, որի մեջ ներգրավված էին 42 նկարիչ, ովքեր 1134 էջում կատարել էին 3600 նկարազարդում։ Նուրբ իրագործման և փայլուն կոլորիտի հետ մեկտեղ այդ մանրանկարներին բնորոշ է ևս մեկ յուրահատկություն՝ հեքիաթային հերոսները և դեպքերը տեղափոխվել էին XIX դարի Թեհրան, գործողությունները կատարվում էին ծանոթ վայրերում, իսկ Բաղդադի խալիֆան շատ էր նման Նասր ադ Դին շահին։ Այսօր այդ հիասքանչ աշխատությունը պահվում է Թեհրանում՝ Գյուլիստանի գրադարանում։

Աբուլ Հասան Գաֆֆարի։ Միրզա Յուսեֆ Մոստոֆի-օլ-Մամալեկ, Պարսկաստանի փոխնախարար (1859-1870 թվականներ)։ Մանրանկար, 1860-ական թվականներ, Թեհրան, Մալեհի թանգարան:

4 տարի անց Աբուլ Հասանին հանձնարարված այլ խոշոր գործը մի խումբ աշակերտների օգնությամբ գահի վրա, որդիներով, ծառաներով, օտարերկրյա պատգամախոսներով շրջապատված շահ Նասր ադ Դինի պատկերով որմնանկարների ստեղծումն էր (1856 թվական, Թեհրան, Իրան Բաստան թանգարան)։ 1861 թվականին նշանակվել է պարսից գերատեսչություն կնիքի և պաշտոնական կառավարական թերթի ղեկավար։ Իր գլխավորությամբ իրանական կյանքում այս նոր ճյուղը կրեց մի շարք բարելավվումներ և կատարելագործումներ. նա լույս է ընծայում արքայազների և քաղաքական գործիչների դիմանկարներով վիմագրությունների հիասքանչ շարք, որը իր մեջ պարունակում էր նաև հասարակության ուշադրությանը արժանի դեպքերի պատկերներ։

1860-ական թվականներին Աբուլ Հասանը հիմնականում զբաղվում էր վարչական գործունեությամբ, ոչ թե նկարչությամբ։ 1861 թվականին նրան շնորհվել է Սանի Օլ Մոլկ կոչումը, որով էլ նա, թերևս, ավելի հայտնի է, քան իրական անունով, իսկ հետագայում նրան է հանձնվել շինություն, որում Աբուլ Հասանը բացեց սեփական գեղարվեստի դպրոցը։ Իր համբավը ավելի մեծացավ 1864 թվականին, երբ նա նշանակվեց երկրի բոլոր տպագիր հիմնարկների տեսուչ։ 1866 թվականին Աբուլ Հասանը իր վրա վերցրեց ևս երեք պաշտոնական ամսագրերի հոգսը ու նշանակվեց գիտությունների նախարարի տեղակալ։ Հավանական է՝ մեծ ճնշումը, նրանից պահանջվող հսկայական պարտականությունները պատճառ դարձան, որ նկարչի առողջությունը չդիմացավ, և նույն 1966 թվականին նա վախճանվեց։ Իր երեք որդիները՝ Ասադուլլա Խանը, Սայֆուլլան և Յախյա Խանը, գնացին հոր հետքերով և դարձան նկարիչներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • B. W. Robinson, Persian Painting from Collections in the British Isles, London, 1967
  • Zoka, Yahya. Life and Works of Sani ol Molk. Tehran.1970
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբուլ Հասան Գաֆֆարի» հոդվածին։