Մայծը բարձրահասակ խոտաբույս է, հասնում է 3 մ բարձրության։ Ունի լավ զարգացած արմատների թելքային համակարգ։ Արմատները խորանում են մինչև 100-150 սմ։ Ցողունի ստորին հանգույցներում կարող է առաջանան օդային հենարանային արմատներ, որոնք ցողունին պաշտպանում են ընկնելուց և բույսին մատակարարում են ջուր և սննդանյութեր։
Ցողունն ուղղաձիգ է, 7 սմ տրամագծով, առանց ներսի խոռոչի (ի տարբերություն հացաբույսերից շատերի)։ Տերևներն աճում են յուրաքանչյուր հանգույցից, խոշոր են, գծային, նշտարաձև, մինչև 10 սմ լայնությամբ և 1 մ երկարությամբ։
Ցողունի գագաթը վերջանում է արական ծաղկաբույլի երկար փնջով։
Եգիպտացորենը լայնորեն մշակվող բույս է ամբողջ աշխարհում։ Միացյալ Նահանգներում հավաքվում է ամբողջ աշխարհի բերքի 40%-ը։ Մյուս խոշոր արտադրողներն են Չինաստանը, Բրազիլիան, Մեքսիկան։
2009 թ. ամբողջ աշխարհում եգիպտացորենի մշակության տակ է եղել 159 մլն. հա տարածություն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 467)։