Տրուբադուրների պոեզիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պրովանսի տրուբադուրների քնարերգությունը պատկանում է միջնադարի համաշխարհային գրականության առավել հետաքրքիր երևույթների թվին։ Այն առաջացել ու ծաղկել է Ֆրանսիայի հարավում՝ Պրովանսում։ Որոշակի են ոչ միայն նրա տարածքային, այլև ժամանակագրական սահմանները, չնայած տրուբադուրներից ոչ մեկը, բացի Գիրաուտ Ռիկիերից (13-րդ դարի երկրորդ կես), չի թվագրել իր բանաստեղծությունները։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին տրուբադուրները ստեղծագործել են 11-րդ դարի վերջերին, վերջինները՝ 13-րդ դարի 2-րդ կեսին։ 13-րդ դարը տրուբադուրների քնարերգության վերջալույսը դարձավ։ Պրովանսի պոեզիան ստեղծվել է երկու հարյուրամյակի ընթացքում։ Նրա լեզուն այժմ գրեթե մահացած պրովանսալերենն է։ Տրուբադուրներն ունեցել են իրենց ձիավոր շքախմբերը, որոնք նրանց ուղեկցել են Արևմտյան Եվրոպայի (Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Անգլիա) արքայական պալատներում ու իշխանական դղյակներում։ Այդ երգն ունեցել է նաև իր հատուկ կատարողները, դրանք, սերկամոնները և ժոնգլյորներն էին, միջնադարյան Եվրոպայում թափառող նվագածու երգիչները։ Լոմբարդիայից մինչև Իռլանդիա և Կաստիլիայից մինչև Բրաբանտ էին տարածվում այս երգի սահմանները։ Տրուբադուր երգիչները տարբեր խավերի ու դասերի ներկայացուցիչներ են եղել՝ արքաներ, բարձրաստիճան և ստորին հոգևորականներ ու վանականներ, սենյորներ ու իշխաններ, ֆեոդալներ, հերցոգներ ու ասպետներ, նաև ոչ տոհմիկ մարդիկ՝ թափառական երաժիշտներ (ժոնգլյորներ), ծառաներ, ճորտական կախում ունեցող հպատակներ, տղամարդկանց հետ՝ նաև կանայք։ Հաշվել են, որ ըստ պահպանված անունների տրուբադուր քնարերգուների թիվը հասնում է շուրջ 500-ի, որոնցից մանավանդ 40-ը նշանավոր քնարերգուներ են։ Նրանց թվում էին՝ Գիյոմը, Ակվիտանցին, Ջաուֆրե Ռյուդելը, Մարկաբրյունը, Բեռնարտ դը Վենտադոռնը, Պեյրե Օվեռնացին, Մարիա դը Վենտադոռնը, Իշխանուհի դը Դիան, Գիյոմ դը Կաբեստանը, Սորդելը, Պեյրե Կարդենալը և ուրիշներ։ Տրուբադուրների երգերից պահպանված թվով 2500-ը հրատարակված են, որը նշանակում է նաև պահպանված։

Ժանրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինը, կամ ինչպես տրուբադուրներն են անվանում դոննան, երգչի համար սիրո աստվածուհի է, որին նա պաշտում է՝ կատարելով, նրա սիրուց թելադրված տասնաբանյա պատվիրաններ։ Պրովանսի բանաստեղծները ստեղծագործել են տարբեր ժանրերով ու քնարական երգի տեսակներով՝ կանսոն կամ կանցոն, ալբա, պաստուրել, բալլադ, տենսոն, պարտիմեն, ողբ, սիրվենտ։

Կանսոնը տրուբադուրների սիրավառ սրտի երգն է, դոննայի գեղեցկության ներբողումը, նրա նկատմամբ երգչի նվիրումի ու խենթ սիրո արտահայտությունը։

Ալբան արշալույսի տաղ է, նկարագրությունն այն պահի, երբ սիրո վայելքից ինքնամոռացության մեջ ընկած երգչին տագնապալից ձայն է տալիս պահակը և նախազգուշացնում, որ շտապի բաժանվել իր դոննայից։

Պաստուրելը իդիլլիկ բնության մեջ հովվուհուն ներկայացնող բանաստեղություն է՝ հովվուհու և ասպետի երկխոսությունը։ Տենսոնն ու պարտիմենը վեճ, տրամախոսություն են, որ վարում են երկու տրուբադուրները։

Բալլադը քնարական պարերգ է։

Սիրվենտը քաղաքական, բարոյախոսական և կամ կրոնական քերթված է, իսկ ողբը՝ վախճանվածի հիշատակին նվիրված եղերերգ։

Տրուբադուրների երգը համաշխարհային պոեզիայի պատմության հետաքրքիր օղակներից մեկն է։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բանբեր Երևանի համալսարանի», թիվ 1 (76), Երևան, 1992 թվական, էջ 196-200