Տիրուհի Կոստանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիրուհի Կոստանյան
Ծնվել է1865
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել է1951
Մահվան վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԱրղության օրիորդաց դպրոց և Գայանյան օրիորդաց դպրոց
Մասնագիտությունմշակութային գործիչ և թարգմանչուհի

Տիրուհի Կոստանյան (Կոստանյանց, 1865, Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1951, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մշակութային գործիչ, թարգմանիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիրուհի Կոստանյանը ծնվել է 1865 թվականին Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի)։ Կրթությունը ստացել է տեղի Արղության հայ օրիորդաց դպրոցում, այնուհետև՝ Թիֆլիսի Գայանյան օրիորդաց դպրոցում[1]։

1886 թվականին ամուսնացել է հայագետ Կարապետ Կոստանյանի հետ։ Նրանք մեկնել են Ռուսաստան, որտեղից էլ՝ Եվրոպա։ Այնտեղ Տիրուհի Կոստանյանը կատարելագործել է գերմաներենի իմացությունը։ Կովկաս վերադառնալուց հետո նա ունեցել է մշակութային գործունեություն[1]։

1890-ական թվականներին թարգմանություններ է կատարել ռուսերենից և գերմաներենից, որոնք հրապարակվել են արևելահայ մամուլում, մասնավորապես, «Արձագանք», «Լումա», «Հանդես գրականական և պատմական» և այլ պարբերականներում[1]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիրուհի Կոստանյանն օգտագործել է Մարգարիտ կեղծանունը։ 1892 թվականին «Արձագանք» թերթում նրա թարգմանությամբ լույս է տեսել Հենրիկ Իբսենի «Նորա» պիեսը։ Երկու տարի անց նա արձակ է թարգմանել Ուիլյամ Շեքսպիրի «Լիր արքա» ողբերգությունը։ Նույն թերթում տպագրել է «Իմ մանկական հիշողություններից» աշխատությունը և «Աղեքսանդրապոլ քաղաքի հրավերները» ազգագրական երկը։ 1903 թվականին «Ոստիկ» ժողովածուում հրապարակվել է Տիրուհի Կոստանյանի «Իմ ճանապարհորդական հիշողություններից» հուշագրությունը։ Նրա թարգմանած մանկական ստեղծագործություններից մի քանիսը հրատարակվել են առանձին գրքույկներով և արժանացել մամուլի ջերմ գնահատականին։ Եվս մեկ գրքույկ տպագրել է Արղության հայ օրիորդաց դպրոցի մասին[1]։

Տիրուհի Կոստանյանը կյանքից հեռացել է 1951 թվականին, Թբիլիսի քաղաքում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Ստեփանյան, Գառնիկ (1981). Կենսագրական բառարան. հայ մշակույթի գործիչներ, երեք հատորով. Vol. հատոր Բ, Ժ-Մ. Երևան: Սովետական գրող. էջ 128. ISBN 5-550-00265-5.