Սովորել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների ֆակուլտետում, եղել է ուսուցիչ էջմիածնի Գևորգյան ճեմարանում (1878-1883 թթ., 1885-1891 թթ.), ապա՝ տեսուչ՝ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում (1891-1894 թթ.) և Գևորգյան ճեմարանում (1894-1899 թթ., 1902-1905 թթ.)։ 1911-1920 թվականներին դասախոս և տեսուչ էր Մոսկվայի արևելյան լեզուների համալսարանում (Լազարյան ճեմարան)։ Թողել է հայագիտական հարուստ ժառանգություն (մասամբ՝ անտիպ)։ Կազմել է գրաբարի դասագրքեր, հրատարակել հայ միջնադարյան տաղերգություններ («Դրիգորիս Աղթամարցին և յուր տաղերը», 1898 թ., «Մկրտիչ Նաղաշ և յուր տաղերը», 1898 թ. և այլն), Ստեփանոս Օրբելյանի «Ողբ»-ը (1885 թ.), Հակոբ Կարնեցու «Տեղագիր Վերին Հայոց»-ը (1903 թ.), Գրիգոր Մագիստրոսի «Թղթեր»-ը (1910 թ.), գրել ուսումնասիրություններ միջնադարյան հայ մշակույթի գործիչների մասին («Համամ Արևելցի», 1896 թ., «Պետրոս Ա Գետադարձ», 1897 թ.), կազմել «Վիմական տարեգիր» (1913 թ.) ժողովածուն։ Զբաղվել է նաև հայոց վանքերով և արվեստի հուշարձաններով, հայ ազգագրության և եվրոպական հայագիտության պատմության հարցերով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 620)։