Տիգրան Միկելե Շիրինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տիգրան Միկելե Շիրինյան
իտալ.՝ Michele Dicran Sirinian
MD Sirinian.jpg
Ծնվել է1923 մարտի 12
Թուրքիա Թուրքիա Ստամբուլ
Մահացել էդեկտեմբերի 11, 2003(2003-12-11) (տարիքը 80)
Իտալիա Իտալիա
Բնակության վայր(եր)Իտալիա Իտալիա
ՔաղաքացիությունFlag of Italy.svg Իտալիա
Flag of Italy (1861–1946).svg Իտալիայի թագավորություն
ԱզգությունՀայ
ԴավանանքԿաթոլիկ
ՄասնագիտությունՏիեզերագիտություն
Ալմա մատերՄիլանի պոլիտեխնիկական ինստիտուտ

Տիգրան Միկելե Շիրինյան (Սիրինյան, իտալ.՝ Michele Dicran Sirinian, 1923, մարտի 12, Ստամբուլ - 2003, դեկտեմբերի 11), իտալական ռազմական օդուժի և տիեզերագիտության հայ խոշորագույն մասնագետ, Իտալիայի ռազմական ավիացիայի գեներալ, պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիգրան Շիրինյանը ծնվել է 1923 թ. մարտի 12-ին՝ Պոլսում, Հայոց ցեղասպանությունը վերապրած կեսարացի կաթոլիկ Միհրան և Եղիսաբեթ Շիրինյանների ընտանիքում։

1942 թ. Պոլսի պապական նվիրակ Անջելո Ռոնալդիի (հետագայում՝ Հռոմի պապ Հովհաննես 18-րդ) միջնորդությամբ տեղափոխվում է Միլան` ապաստանելով հորաքրոջ՝ Քեհյանների ընտանիքում։

Ավարտում է Միլանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարագիտական ֆակուլտետը, որից հետո գործուղվում է Հռոմ: Տաղանդի և աշխատասիրության շնորհիվ նա կարճ ժամանակում գիտական լուրջ ձեռքբերումներ է ունենում տիեզերական ճարտարագիտության և իտալական ռազմական օդուժի բնագավառում։ Նա դառնում է Իտալիայի զինված ուժերի բարձրաստիճան սպա։ Երիտասարդ հասակում դառնում է Հռոմի Լա Սապիենցա համալսարանի տիեզերագիտական ճարտարագիտության պրոֆեսոր, միաժամանակ` ռազմաօդային ուժերի վերահսկիչ զորավար։

Գիտական ներդրումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալական առաջին «Սան Մարկո» արբանյակը

Շիրինյանը մեծ ներդրում ունի իտալական «Սան Մարկո» տիեզերական ծրագրի իրականացման գործում, որի հեղինակն է նա։ Ըստ դրա՝ Քենիայում (ԱֆրիկաՀնդկական օվկիանոսի ափամերձ տիեզերակայանից 1964 թվականի դեկտեմբերի 15-ին 20։24։00-ին (UTC) տիեզերք է ուղարկվում իտալական առաջին «Սան Մարկո» արբանյակը։ Շնորհիվ մեկ այլ գիտնական, պրոֆեսոր Լուիջի Պրոլիոյի և Տիգրան Շիրինյանի, ինչպես նշում էին լրատվամիջոցները, Իտալիան այդ ժամանակ կանգնեց տիեզերքը նվաճող ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի կողքին։

Այնուհետև նրան հրավիրում են ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչություն (ՆԱՍԱ), որտեղ ամերիկացի գործընկերների հետ Տեխասում թռիչքի է պատրաստում Scout փոխադրող տիեզերանավը։

Կապը Հայաստանի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո նրա նախաձեռնությամբ իտալացիները ձեռք բերեցին և Հայաստան առաքեցին «Վիլլաջիո Իտալիա» բնակավայրի շենքերի տանիքներին անհրաժեշտ շինանյութ։

Բերգամո քաղաքի եկեղեցական Frati Camilliani հաստատության՝ մինչ օրս Աշոցքում գործող հիվանդանոցներում Շիրինյանը ստեղծել է լաբորատորիաներ՝ անհրաժեշտ սարքավորումներով։

1995 թ. տիկնոջ՝ Նաձարենա Մոսկատելիի և դուստրերի հետ առաջին անգամ այցելել է հայրենիք, հյուրընկալվել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Առաջինին։

Հայ գիտնականի հետագա ծրագրերը ծավալվել են Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (ՀՊՃՀ) 1999-2001 թվականներին, սակայն թոշակառու լինելու հանգամանքը և հիվանդությունը կասեցրին նրա հայրենանպաստ եռանդուն գործունեությունը։ Մեծ ջանքերի շնորհիվ, Եվրամիության նյութական և բարոյական աջակցությամբ, գիտնականը ՀՊՃՀ-ում իրականացրել է Pregetto Tempus Tacis-ի տիեզերագիտական նորագույն ծրագիրը, որում ներառվել են ուսանողական դասընթացներն ու դասախոսների վերապատրաստումը։

ՀՊՃՀ-ի գիտական խորհրդի որոշմամբ՝ տրանսպորտային համակարգի մասնագիտացված սրահը 2005 թ. հուլիսին անվանակոչվել է պրոֆեսոր Տիգրան Միկելե Շիրինյանի անվամբ՝ որպես օդային տրանսպորտի տնտեսագիտության և կառավարման լսարան։

Ընտանիքի անդամներին Շիրինյանի ուղղած վերջին պատգամը եղել է սա. «Մի թողեք, որ իմ թոռները մոռանան իրենց հայկական արմատները և այն սերը, որ ես մշտապես տածել եմ հայրենիքիս հանդեպ»[1]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինը՝

  • Նաձարենա Մոսկատելի

Դուստրերը՝

  • Իզաբելա. նա ևս զբաղվում է գիտությամբ ու տեխնիկայով
  • Աննա. հայագետ է

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]