Jump to content

Տանձենի բարձր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տանձենի բարձր
Տանձենի բարձր
Տանձենի բարձր
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Վարդազգիներ (Rosaceae)
Ենթաընտանիք Սալորայիններ (Amygdaloideae)
Տրիբա Maleae
Ցեղ Տանձ (Pyrus)
Տեսակ Տանձենի բարձր (P. communis)
Միջազգային անվանում
Pyrus communis
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տանձենի բարձր (լատին․՝ Pyrus elata), վարդազգիներ ընտանիքի տանձենի ցեղի 20-30 մ բարձրությամբ ծածկասերմ տերևաթափ հզոր ծառ։ Բնի տրամագիծը 50-80 սմ է։ Ճյուղերը փշավոր են։ Բողբոջները և ընձյուղները մերկ են, հազվադեպ մազմզուկապատ։ Տերևները համարյա կլոր են, 2-5-7 սմ երկարությամբ և 1,5-2,5 սմ լայնությամբ, կլորավուն հիմքով, սղոցաեզր, նոր բացված ժամանակ թեթևակի մազմզուկապատ, այնուհետև՝ մերկ, կամ միայն ջղերի ուղղությամբ մազմզուկապատ, վերևի կողմից փայլուն, ներքևի կողմից գունատ-անփայլ, չորացնելիս խիստ սևանում են։ Ծաղիկները միայնակ են կամ հավաքված վահաններում, բաժակաթերթիկները մնում են պտղի վրա, պատված են թաղիքանման աղվամազով։ Պտուղները կլորավուն են կամ սեղմված, 3-4 սմ տրամագծով, կոթունավոր, որը պտուղների երկարությունը գերազանցում է 2-3 անգամ։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Տարածված է Արևելյան Եվրոպայում, Միջին Ասիայում, Արևմտյան Եվրոպայի լեռներում, Կովկասում։ Ներկայումս հանդիպում է միայն մշակության մեջ։ Սովորական վայրի տանձենին ապրում է 150-300 տարի, իսկ կուլտուրական սորտերի կյանքի տևողությունը 25-30 տարուց չի անցնում։ Այս բույսերին բնորոշ է խիտ, առատ ճյուղավորությունը, առատ փշերը, մանր, բարակ տերևները, ուժեղ վեգետատիվ աճը, մանր, աննշան, տտիպ պտուղները, կոշտ, քարակերպ բջիջներով առատ պտղամսով, որը կարելի է ուտել միայն գերհասունացման ժամանակ։ Ներկայումս ամբողջ աշխարհում հայտնի են տանձենու ավելի քան 5000 սորտեր, որոնցից նախկին ԽՍՀՄ տարածքում շրջանացված են 150-ը։ Հայաստանում շրջանացված են հիմնականում այն սորտերը, որոնք ստացվել են Գյումրու լեռնային պտղաբուծական կայանում և բերվել են երկրի այլ շրջաններից (ամառային սորտեր՝ Լյուբիմիցա Կլապպա, Լետնի, Վիլյամս, Ռուսսկայա Մալգորժատկա, Բեսսեմյանկա, Սուռոգատ Սախարա, Բերե Կոզլովսկայա, աշնանային սորտեր՝ Օսեննյայա Դեկանկա, Անտառային գեղեցկուհի, Բերե զելյոնայա, Բերգամոտ կրասնի Օսեննի, Բերե Օկտյաբրյա, Լեռնային գեղեցկուհի, Պամյատ Միչուրինա, ձմեռային սորտեր՝ Բերե զիմնյայա Միչուրինա, Լենինականյան ուշահաս, Ելենա և այլն)։ Տանձենու մշակովի սորտերը բավականին պահանջկոտ են։ Խնձորենու հետ համեմատած դրանք ավելի ջերմասեր են և պակաս ցրտադիմացկուն[1]։

Ազնվագույն, լավ սորտերը հեռանկարային չեն բարձրլեռնային շրջանների համար, որտեղ օդի նվազագույն ջերմաստիճանը իջնում է - 26 °C-ից։ Բացված ծաղիկները ոչնչանում են արդեն -2-3 °C ցրտերի դեպքում, իսկ երիտասարդ, իսկ երիտասարդ, չփայտացած ընձյուղները ցրտահարվում են -5-6 °C սառնամանիքների դեպքում։ Ամառային սորտերի հաջող մշակման համար պահանջվում է 130, իսկ աշնանային և ձմեռային սորտերի համար՝ 150-180 անսառնամանիք օր։ Արժեքավոր պտղատու տեսակ լինելու հետ միասին սովորական տանձենին նաև դեկորատիվ բույս է, որը հատկապես աչքի է ընկնում ծաղկման շրջանում, ապրիլին և աշնանը, երբ հասունանում են պտուղները և տերևները ձեռք են բերում գեղեցիկ գունավորում։ Կարելի է տնկել խմբերով, ծառուղիներում, փողոցների տնկարկներում և որպես սոլիտեր[1]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

20 մ բարձրությամբ հսկա ծառ է, որն ունի բրգաձև սաղարթ և փշոտ ճյուղեր։ 8,5-10 սմ երկարությամբ և 4-5 սմ լայնությամբ տերևները կլոր ռոմբաձև են, սղոցաեզր, բարակ քիստավոր ատամիկներով, ալիքավոր եզրով, վերևում՝ կտրուկ սրացող, իսկ հիմքի մոտ՝ ավելի նեղ, մերկ կամ թեթևակի թավոտ։ Տանձաձև 5 սմ երկարության և 4 սմ լայնության պտուղները կանաչավուն-դեղին են, իսկ կոթի երկարությունը հասնում է մինչև 3 սմ-ի[2]։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է Դարեղեգիսի (Եղեգիս գետի կիրճ) և Մեղրու (Ջինդարա, Մուլկ) ֆլորիստիկական շրջաններում[2]։

Աճում է միջին և վերին լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 1400-2300 մ բարձրությունների վրա, լայնատերև անտառներում։ Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում՝ հունիս-սեպտեմբերին[2]։

Պահպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է։ Հայաստանի էնդեմիկ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ, CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[2]։

Պահպանություն չի իրականացվում[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. (1), Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (գրքի էջը 336)։
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տանձենի բարձր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տանձենի բարձր» հոդվածին։