Տաճատ Սահակյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Տաճատ Սահակյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 8, 1916 |
Ծննդավայր | Բռնակոթ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունվարի 16, 1999 (82 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան (1940) |
Կոչում | պրոֆեսոր |
Մասնագիտություն | պատմաբան, հայագետ և մանկավարժ |
Աշխատատու | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |

Տաճատ Մկրտչի Սահակյան (հուլիսի 8, 1916, Բռնակոթ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հունվարի 16, 1999, Երևան, Հայաստան), հայ պատմաբան, հայագետ, մանկավարժ։ Պրոֆեսոր, «Ժողովրդական կրթության գերազանցիկ»։ ԽՄԿԿ անդամ (1942): Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տաճատ Սահակյանը ծնվել է 1916 թվականին, Սիսիանի շրջանի Բռնակոթ գյուղում։ Անվանակոչվել է Նիկողայոս Ադոնցի կողմից՝ Ավարայրի ճակատամարտի նահատակ Տաճատ Գնթունու պատվին[1]։
Երկու տարեկանում զրկվել է հորից։ 1936 թվականին գերազանցությամբ ավարտել է Սիսիանի միջնակարգ դպրոցը, նույն թվականին ընդունվել է և 1940 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը[1]։ Վերադարձել է գյուղ և աշխատել այնտեղի միջնակարգ դպրոցում[2][3]։
1940 թվականին զորակոչվել է կարմիր բանակ զինվորական ծառայության։ Կիևի զինվորական հատուկ օկրուգի 4-րդ հրետանային գունդը 1941 թվականի հունիսի 22-ին տեղակայվել էր Բրոդի քաղաքում, որը պատերազմի առաջին օրը ենթարկվել էր գերմանական զորքերի հարձակմանը։ Սահակյանը ծառայել է գնդում որպես քաղղեկի տեղակալ։ 1941 թվականի օգոստոսին գրոհներից մեկում վիրավորվել է։ Ապաքինվելուց հետո կրկին ծառայության է անցել Անդրկովկասյան զինվորական օկրուգում՝ սկզբում Թբիլիսիում, այնուհետև, 1942 թվականի փետրվարից՝ հայկական դիվիզիայի հրաձգային գնդում։ 1942 թվականին Սահակյանը ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը։ 1942 թվականի սեպտեմբերին 408-րդ հայկական դիվիզիայում մասնակցել է Տուապսեի շրջանում մղվող մարտերին։ Տուապսե-Գոյթղ ուղղությունում և Օստրովսկու կիրճում կատաղի կռիվներից մեկում վիրավորվել է և բուժվելուց հետո զորացրվել։ Ցուցաբերած խիզախության համար պարգևատրվել է «Արիության համար», «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալներով, «Ժողովրդական կրթության գերազանցիկ» կրծքանշանով և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվոգրով[2]։
1943-1944 ուսումնական տարում Տաճատ Սահակյանը մանկավարժական աշխատանքի է անցել հայրենի Բռնակոթ գյուղի միջնակարգ դպրոցում որպես ուսմասվար և պատմության ու գերմաներենի ուսուցիչ։ 1944 թվականի սեպտեմբերին ընդունվել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ասպիրանտուրան և աշխատել նույն ինստիտուտի հայ ժողովրդի պատմության ամբիոնում[2]։ 1949 թվականին նա պաշտպանել է «Սյունյաց թագավորությունը» թեմայով թեկնածուական թեզը և ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, իսկ 1956 թվականին արժանացել է դոցենտի կոչման[3]։ Նա 50 տարի շարունակ հայ ժողովրդի պատմության հատուկ դասընթաց է կարդացել Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության և բանասիրական ֆակուլտետներում[4]։
1991 թվականի նոյեմբերի 29-ին Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի հայ ժողովրդի պատմության ամբիոնը, նկատի ունենալով Տաճատ Սահակյանի գիտամանկավարժական բազմամյա արգասավոր գործունեությունը, նրան ներկայացրել է պրոֆեսորի կոչման[5]։
Տաճատ Սահակյանը զբաղվել է հասարակական ակտիվ գործունեությամբ[2]։ Նա հանրապետության տարբեր հիմնարկ-ձեռնարկություններում կարդացել է գիտական զեկուցումներ, անցկացրել դասախոսություններ, պատմել հայագիտության նորագույն նվաճումների մասին[6]։
Տաճատ Սահակյանը վախճանվել է 1999 թվականի հունվարի 16-ին, Երևանում[4]։ Թաղված է հայրենի Բռնակոթ գյուղում։ Իր խնդրանքի համաձայն՝ շիրմաքարին փորագրված է Րաֆֆու հետևյալ բանաստեղծական տողը. «Արդյո՞ք գալու է մի օր ժամանակ…»[1]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Տաճատ Սահակյանն ամուսնացած է եղել քիմիկոս, մանկավարժ Քնարիկ Սահակյանի (1922-2020) հետ։
Զավակներ.
- Աշոտ Սահակյան (1947), ճարտարապետ
- Վահան Սահակյան (1949), կիբեռնետիկ-ճարտարագետ
- Հասմիկ Սահակյան (1953), բանասեր
- Սահականուշ Սահակյան (1960), բանասեր, թարգմանիչ, կինոպրոդյուսեր, ժուռնալիստ
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմաբան Տաճատ Սահակյանը մի շարք գիտական հոդվածների և աշխատությունների հեղինակ է.
- «Սյունիքը 13-15-րդ դարերում»
- «Սյունյաց նախարարության դերը Արշակունիների թագավորության ժամանակաշրջանում»
- «Սյունիքը մարզպանական շրջանում»
- «Արշակունյաց թագավորության անկումը»
- «Րաֆֆու հայ ազգային-ազատագրական շարժման գաղափարախոսությունը»[1]
- «481-484 թվականների հայ ազատագրական պատերազմը»
- «Հայաստանի պետական անկախության վերականգնումը 9-րդ դարի վերջին քառորդում»
- «Սյունյաց թագավորության հիմնումը և նրա քաղաքական դերը 11-րդ դարում»
- «Հայաստանը և հայ մշակույթը աշխարհի անվանի մարդկանց գնահատմամբ»
- «Ռուսաստանի հետ Արևելյան Հայաստանի միավորման առաջադիմական նշանակությունը»[7]
Տաճատ Սահակյանի «Գյուղացիական ապստամբությունը Սյունիքում 10-րդ դարում» գիտական աշխատությունը 1964 թվականին ֆրանսերենով հրատարակվել է Փարիզում[7]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան (1985)[8]
- «Արիության համար» մեդալ[8]
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
- «Ժողովրդական կրթության գերազանցիկ» կրծքանշան
- ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգիր
- Խաչատուր Աբովյանի անվան մեդալ
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]
2023 թվականի սեպտեմբերի 30-ին Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի մայիսի 24-ի «Հուշատախտակների տեղադրման մասին» հ.587-Ա որոշման հիման վրա Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց, 17 հասցեի շենքի պատին փակցվել է Տաճատ Սահակյանի հիշատակը հավերժացնող հուշաքար[9]։
Հուշաքարի հեղինակն է ճարտարապետ, ԽՍՀՄ ճարտարապետների միության անդամ Աշոտ Սահակյանը («Հայհեղինակ» ՀԿ, թիվ 08/5830, 03․02․2022), քանդակագործը՝ Կամսար Վարդանյանը, քարագործ վարպետները՝ Նարեկ Վարդանյանը և Արթուր Վարդանյանը[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Արդյո՞ք գալու է մի օր ժամանակ…».
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Հայաստանի ուսուցիչները մեծ հայրենականում (Ա. Հ. Հարությունյան, Լ. Ս. Մելքումյան, Ա. Ղ. Սուքիասայան), «Լույս» հրատարակչություն, Երևան, 1982:
- ↑ 3,0 3,1 Բենիկ Սիսյան. «Սիրով և նվիրումով»։ «Սովետական դպրոց», դեկտեմբերի 22, 1977 թ., թիվ 51 (2469)։
- ↑ 4,0 4,1 Արմեն Կարապետյան. «Գիտնականը Բռնակոթ գյուղից»։ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ, հուլիսի 19, 2001 թ., թիվ 70 (2786)։
- ↑ Սահականուշ Սահակյան. «Լիարժեք ապրած տարիներ»։ «Ազգ» օրաթերթ, հունվարի 17, 2009 թ., թիվ 5 (4141)։
- ↑ Լ. Շահինյան. «Անսպառ եռանդ»։ «Երեկոյան Երևան» օրաթերթ, հունվարի 17, 1977 թ.։
- ↑ 7,0 7,1 Ամալյա Նահապետյան. «60 լիարժեք տարիներ»։ «Մանկավարժ» թերթ, փետրվարի 14, 1977 թ., թիվ 4 (368)։
- ↑ 8,0 8,1 «Память народа». m.pamyat-naroda.ru. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ «Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի մայիսի 24-ի «Հուշատախտակների տեղադրման մասին» հ.587-Ա որոշում».
- ↑ «Տաճատ Սահակյան. անվանի գիտնականն ու մանկավարժը»։ «Եթեր» շաբաթաթերթ, թիվ 49 (1534), նոյեմբերի 30, 2023 թ., էջ 6։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սահականուշ Սահակյան. «Մեր քարը ծանր է»։ «Առավոտ» օրաթերթ, N 213 (6985), 1 դեկտեմբեր 2023 թ., ուրբաթ, էջ 7
|
- Հուլիսի 8 ծնունդներ
- 1916 ծնունդներ
- Բռնակոթ (Սյունիքի մարզ) գյուղում ծնվածներ
- Հունվարի 16 մահեր
- 1999 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ՀՊՄՀ շրջանավարտներ
- Հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոսներ
- ԽՄԿԿ անդամներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Արիության մեդալակիրներ
- Հայ հայագետներ
- Հայ մանկավարժներ
- Հայ պատմաբաններ
- Հայ պրոֆեսորներ
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ
- Պատմական գիտությունների թեկնածուներ