Վիշապագլուխ ավստրիական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիշապագլուխ ավստրիական
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Շրթնազգիներ
Տեսակ Վիշապագլուխ ավստրիական
Լատիներեն անվանում
Dracocephalum austriacum


Վիշապագլուխ ավստրիական (լատին․՝ Dracocephalum austriacum), շրթնազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

30-60 սմ բարձրությամբ բազմամյա բույս է։ Տերևները բաժանված են 3-5 փետրաձև բլթակների։ Ծաղիկները օղակաձև դասավորված են վերին տերևների ծոցերում։ Ծաղկաօղակները մոտեցած են և կազմում են հասկանման նոսր ծաղկաբույլ։ Բաժակը երկշուրթ է, վերին շուրթի միջին ատամը մյուսներից լայն է։ Պսակը մանուշակագույն է, երախում լայնացած խողովակով և երկշուրթ ետծալով։ Փոշանոթները մազոտ են։ Պտուղը կազմված է 4 մասերից՝ էրեմներից[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է Սևանի (Շորժա, Բաբաջան, Դարա, Արդանիշ) և Գեղամի (Լճաշեն) ֆլորիստիկական շրջաններում։ Ընդհանուր արեալը ընդգրկում է Միջին Եվրոպան, Բալկանյան թերակղզին, Կովկասը, այդ թվում Նախակովկասը, Արևմտյան և Հարավային Անդրկովկասը, ինչպես նաև Անատոլիան[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է վերին լեռնային և ենթալպյան գոտիներում` ծովի մակարդակից 1940-2500 մ բարձրությունների վրա, մարգագետիններում, անտառային բացատներում, քարքարոտ լանջերին։ Ծաղկում է հունիսին, պտղաբերում՝ հուլիսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս է։ Գյուղատնտեսական գործունեության արդյունքում աճելավայրերի պայմանների փոփոխության պատճառով տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների նվազում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված է Բեռնի կոնվենցիայի հավելված 2-ում։ CITES-ի հավելվածներում բացակայում է[1]։

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Սևան» ազգային պարկի տարածքում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիշապագլուխ ավստրիական» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիշապագլուխ ավստրիական» հոդվածին։