Վիլյամ Սարոյանի հուշարձան (Երևան)
Վիլյամ Սարոյանի հուշարձան | |
---|---|
Վիլյամ Սարոյանի հուշարձան | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Համայնք | Կենտրոն |
Գտնվում է | Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում |
Բարձրություն | 3,2 մ |
Քանդակագործ(ներ) | Դավիթ Երևանցի |
Նախագծի հեղինակ | Ռաֆայել Հովհաննիսյան |
Ճարտարապետ(ներ) | Ռուբեն Հասրաթյան, Լևոն Իգիթյան |
Նյութ | բրոնզ |
Շինարարության ավարտ | 2008, դեկտեմբերի 13 |
Ներկա վիճակ | կանգուն
|
Վիլյամ Սարոյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում, տեղադրվել է 2008 թվականին։
Հեղինակներ
Տվյալներ
Հուշարձանը կառուցված է բրոնզից, բարձրությունը 3,2 մետր է, քաշը` 500 կգ։ Արձանը ներկայացնում է Սարոյանին 54 տարեկանում[1]։
Պատմություն
Մտահղացումը
Ամերիկահայ մեծանուն գրող Վիլյամ Սարոյանի արձանը տեղադրելու մտահղացումը Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի նախագահ Ռաֆայել Հովհաննիսյանինն է։ Գաղափարը ծագել է Բուդապեշտում, որտեղ նա գտնվել է նկարահանումներով։ Քաղաքի հենց կենտրոնում տեսնելով Ուիլյամ Շեքսպիրի արձանը՝ նա հիշել է, որ Երևանում Սարոյանի արձան չկա։ Վերադառնալով Հայաստան՝ նա նախաձեռնել է այդ գաղափարը կյանքի կոչելու աշխատանքները։ Այն պահանջում էր ֆինանսական միջոցներ, և առաջացան մեծ խնդիրներ։ Բայց քանի որ երկու տարի հետո Սարոյանի 100-ամյակն էր, Համահայկական աշխարհագրական ասոցիացիան նախաձեռնեց այդ ծրագիրը, որը ներկայացվեց ՀՀ մշակույթի նախարարություն, և ծրագիրն ընդգրկվեց սարոյանական միջոցառումների ցանկում։ Գումարի խնդիրը լուծելու համար նախաձեռնվեց հանգանակություն, որին իրենց ներդրումներով մասնակցեցին հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ՝ սկսած բարերարներից, վերջացրած թոշակառուներով[2]։
Արձանի ստեղծումը և տեղափոխումը Երևան
Քանդակի ստեղծումը վերապահվեց Դավիթ Երևանցուն։ Աշխատանքն իրականացվել է Պրահայում։ Արձանի ստեղծումը մեծ դժվարություն չներկայացրեց, բարդ էր այն Չեխիայից Հայաստան տեղափոխելը։ Սկզբում որոշվեց, որ այն պետք է բերվի օդանավով։ Սակայն պարզվեց, որ քանդակը չի տեղավորվում ինքնաթիռում։ Ստիպված Չեխիայից այն ավտոմեքենայով տեղափոխվեց Ֆրանկֆուրտ (Գերմանիա), որտեղից էլ բեռնատարով՝ Հայաստան։ Մոսկովյան-Մաշտոց խաչմերուկի տարածքը հատկացրել է Կենտրոն համայնքի թաղապետ Գագիկ Բեգլարյանը[2]։
Արձանի բացումը
Հուշարձանը բացվեց 2008 դեկտեմբերի 13-ին։ Բացմանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։ Վերջինս, ինչպես նաև քանդակի հեղինակներ Դավիթ Երևանցին, Լևոն Իգիթյանը հանդես եկան ելույթներով[1]։ Հանդիսավոր արարողությանը ներկա էին նաև Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանը, մի խումբ հասարակական և մշակութային գործիչներ։ Խաչմերուկին հարող տարածքը որոշ ժամանակ փակ էր երթևեկության համար, մոտենալ կարող էին միայն բացմանը ներկա գտնվել ցանկացողները[3]։ Արձանը բացելու պատիվը վերապահվեց Դ. Երևանցուն և Հ. Պողոսյանին։
Պատկերասրահ
-
Վիլյամ Սարոյանի արձանը
Ծանոթագրություններ
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վիլյամ Սարոյանի հուշարձան (Երևան) կատեգորիայում։ |