Վերցրե՛ք ձեր որդուն, սըր (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերցրե՛ք ձեր որդուն, սըր
տեսակգեղանկար
նկարիչՖորդ Մեդոքս Բրաուն
տարի1851
բարձրություն38,1 սանտիմետր[1]
լայնություն70,5 սանտիմետր[1]
ուղղությունՊրեռաֆայելիտներ
նյություղաներկ
գտնվում էԹեյթ[1]
հավաքածուԹեյթ և Լոնդոնի ազգային պատկերասրահ
հիմնական թեմաchild born out of wedlock?
կայք
Ծանոթագրություններ

«Վերցրե՛ք ձեր որդուն, սըր» (անգլ.՝ Take Your Son, Sir!), անգլիացի գեղանկարիչ և բանաստեղծ, պրեռաֆայելիտների կարկառուն ներկայացուցիչ Ֆորդ Մեդոքս Բրաունի անավարտ նկարը։ Հեղինակը կտավը վրձնել է 1851-ից 1856 թվականներն ընկած ժամանակահատվածում։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 70.5 × 38.1 սմ։ «Վերցրե՛ք ձեր որդուն, սըր» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Թեյթ բրիտանական պատկերասրահում (Լոնդոն, Միացյալ Թագավորություն

Կոմպոզիցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վերցրե՛ք ձեր որդուն, սըր» անավարտ ստեղծագործությունում պատկերված է կին, որը հենց նոր է ծննդաբերել ու գրկի նորածին մանկանը մեկնում է դեպի հորը։ Կնոջ դալուկ դեմքին նկատվում է վառ տենդագին կարմրություն, որը գրիմ է հիշեցնում, կամ էլ տուբերկուլոզի նախանշաններ։ Ծննդաբերած կնոջ աչքերը կիսով չափ փակ են։ Փոքրիկ բարակաշուրթ բերանը բաց վիճակում է, որի հետևանքով երևում են ատամները։ Ըստ հետազոտող Դևիդ Սոնսթրոյեմի, կնոջ ատամների երևալը Վիկտորյական դարաշրջանում խորհրդանշել է կնոջ վիրավորանքն ու ագրեսիան[2]։ Կնոջ դեմքը լի է տառապանքով և զուրկ գրավչությունից։

«Առնոլֆինի ամուսինների դիմանկարը», 1434 թվական (դետալ)

Կնոջ հետևում Ֆորդ Մեդոքս Բրաունը պատկերել է պատ, որը պաստառապատված է աստղազարդ կանաչ պաստառով։ Գլխավերևում փակցված է կլոր հայելին, որում արտացոլված են սենյակի կահավորանքն ու երեխայի հայրը։ Այդ տղամարդը հագել է կոստյում, իսկ գլխին գլխարկ է դրել։ Նա ձեռքերն առաջ է պարզել, որ կնոջից վերցնի նորածնին։ Հայելու գաղափարը, ըստ հավանականության, նկարի հեղինակ Ֆորդ Մեդոքս Բրաունը վերցրել է Յան վան Էյքի ամենահայտնի կտավներից մեկից՝ «Առնոլֆինի ամուսինների դիմանկարը»։ Հայելու արտացոլանքում՝ երկու նկարներում էլ երևում են սենյակները, դեկորները, ինչպես նաև նկարների հեղինակները։

Կոմպոզիցիայի ներքևի ամբողջ հատվածը զբաղեցնում է կնոջ հանդերձանքը։ Այն 1850-ական թվականների նորաձևության ոճն է իր մեջ արտացոլում։ Հանդերձանքն իրենից ներկայացնում է շրջազգեստ-կրինոլին (բարակ օղակապերով լայն շրշազգեստ), սակայն զգեստի ուրվագծերն ու ծալքերը պատկերված են կոպիտ շտրիխներով և անավարտ են մնացել։

Կտավի անվանումն ու հեղինակի անունը գրված են անավարտ շրջազգեստի հատվածում՝ աջ կողմում։ Բացի հագուստից, անավարտ են մնացել նաև ստեղծագործության ձախ ֆոնը և նորածին մանկան շուրջբոլորը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմմա Հիլլ. 1852 թվականի ուրվանկար, որն արվել է Ֆորդ Մեդոքս Բրաունի կողմից՝ հարսանիքից մի քանի օր առաջ:

«Վերցրե՛ք ձեր որդուն, սըր» ստեղծագործությունում կնոջ պատկերման համար, ամենայն հավանականությամբ, կեցվածք է ընդունել հեղինակի՝ Ֆորդ Մեդոքս Բրաունի սիրուհին և հետագայում երկրորդ կինը դարձած Էմմա Հիլլը (1829-1890 թվականներ)։ Այս կինը, 1848 թվականից կեցվածք է ընդունել նաև հեղինակի ուրիշ ստեղծագործություններում, մասնավորապես՝ «Հրաժեշտ Անգլիային» կտավի ստեղծման համար։ Էմման ծանոթացել է կնակորույս դարձած Ֆորդ Մեդոքս Բրաունի հետ և ապրել վերջինիս տանը։ Նրանց առաջին երեխան՝ Քեթրին Մեդոքս Բրաունը (1850-1927) ծնվել է ոչ օրինական կապից։ «Վերցրե՛ք ձեր որդուն, սըր» կտավում՝ հայելու արտացոլանքում երևացող տղամարդը նկարի հեղինակն է՝ Ֆորդ Բրաունը։ Վերջինս և Էմման օրինական ամուսնացել են 1853 թվականին։ Այսպիսով, կտավը ստեղծելու պահին Էմման և Ֆորդը դեռևս պաշտոնապես ամուսնացած չէին։ Վիկտորյական դարաշրջանի խիստ բարոյական կանոններով այդպիսի կապը ենթարկվում էր սուր պախարակության։ Նկարի անվանումը երբեմն մեկնվում է այլ կերպ. ոչ թե ընտանեկան վիճակում ուղղակի գրկել սեփական երեխային, այլ ճանաչել արտամուսնական կապից ծնված որդու հայրությունը[3]։

Ըստ արվեստի պատմության մասնագետ Մարսիա Փոյնթոնի այս կտավը խորհրդանշում է կյանքի և մահվան հակադրությունը։ Այսպես, սավանի մեջ բարուրած երեխայի պատկերումը հիշեցնում է այդ ժամանակներին բնորոշ բժշկական տրակտատ, որտեղ ներկայացված է պտուղն ու կնոջ ներքին օրգանները[4]։ Համարվում է, որ հեղինակը վերջնականապես դարդարեցրել է նկարի ստեղծման աշխատանքները որդու՝ տասն ամսական Արթուրի մահվանից հետո, 1857 թվականի հուլիսին[5]։

Կտավի կոմպոզիցիան արված է հետևյալ կերպ՝ կինը պատկերված է զավակի հետ նկարի կենտրոնում։ Այն կարելի է համարել նաև կրոնական ուղղվածության, որը հիշեցնում է Տիրամորը մանկան հետ. կնոջ գլխավերևի հայելին նման է լուսապսակի[6], իսկ պատի պաստառն իրենին աստղազարդ երկինքն է խորհրդանշում։ Նկարի հեղինակը կարող էր այս սրբապատկերը ստեղծել կամ անկեղծությունից ելնելով կամ էլ հեգնանքի շրջանակներում[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://www.tate.org.uk/art/artworks/brown-take-your-son-sir-n04429
  2. David Sonstroem. Teeth in Victorian Art
  3. Ford Madox Brown, Take Your Son, Sir!(չաշխատող հղում) — ArtMastered
  4. Pointon, Marcia, "Interior Portraits: Women, Physiology and the Male Artist", Feminist Review, No. 22 (Spring, 1986), pp. 5-22
  5. ‘Take your Son, Sir’ — Tate
  6. Take your Son, Sir — Victorian Web
  7. Ford Madox Brown. Take your Son, Sir (1851)(չաշխատող հղում)Art and Illustration