Կրծքի երեխա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կրծքի երեխա, երեխան մինչև կյանքի առաջին տարվա վերջը։ Ծնվելու և պորտալարը կտրելու պահից սկսվում է կյանքի առաջին՝ նորածնության շրջանը։ Երկրորդ ամսից սկսվում է կյանքի երկրորդ՝ կրծքի հասակի շրջանը և շարունակվում մինչև առաջին տարվա վերջը։ Այդ շրջանում տեղի է ունենում բոլոր օրգանների և օրգան-համակարգերի ֆունկցիոնալ ունակությունների արագ զարգացում։ Կրծքի երեխաի ամենաբնորոշ առանձնահատկությունը հասակի երկարելը և մարմնի քաշի ավելանալն է։ Հասուն նորածնի մարմնի երկարությունը միջին հաշվով 50 սմ է, կյանքի առաջին տարում այն ավելանում է 25 սմ-ով։ 5-6 ամսում կրծքի երեխան կրկնապատկում է իր սկզբնական քաշը, 1 տարեկանում՝ եռապատկում։ Նորածնի ստամոքսի տարողությունը միջին հաշվով 30-35 մլ է։ Յուրաքանչյուր ամիս աճում է 20-25 մլ, 3-րդ ամսում հասնում՝ 100 մլ, իսկ 1 տարեկանում՝ 250-350 մլ։ Առաջին կաթնատամները ծլում են կյանքի 6-8-րդ ամսում։ 1 տարեկան երեխան պետք է ունենա 8 ատամ։ Երկու շաբաթից մինչև 6 ամսական երեխաների շնչառության հաճախականությունր 1 րոպեում 40-45 է, 6-7 ամսականներինը՝ 35-40, իսկ 7-12 ամսականներինը՝ 30-35։ Կյանքի առաջին տարում երեխայի մարմնի ջերմությունը 0,3-0,4°C-ով բարձր է մեծահասակների ջերմությունից։ Կրծքի երեխային բնորոշ է գլխուղեղի կեղևի ցածր գրգռողականությունը։ Համի զգացողությունը զարգանում է արդեն նորածնության շրջանից սկսած, հոտի պարզ տարբերակումը՝ կյանքի 4-րդ ամսում։ Նորածնի գլխի շրջագիծը 34-36 սմ է, որը կյանքի առաջին տարվա վերջում հասնում է 46 սմ։ Մեծ գաղթունը փակվում է առաջին տարվա վերջում։ Կրծքի երեխաի ողնաշարը չափազանց անկայուն է և երեխային վաղ ուղղահայաց դրության տեղափոխելու կամ նստեցնելու դեպքում ծռվում է։ Առողջ կրծքի երեխան 2-րդ ամսում պահում է գլուխը, 6-րդ ամսում նստում առանց օգնության, արտասանում առանձին վանկեր, 9-10-րդ ամսում կանգնում է առանց հենարանի, քայլում ուրիշի օգնությամբ, իսկ 1 տարեկանում՝ ինքնուրույն։ 10 ամսականում պարզ արտասանում է բառեր։ 1 տարեկանի բառապաշարը 10-12 բառ է։ Ճիշտ կազմակերպված սնուցման, խնամքի և դաստիարակության դեպքում կրծքի երեխան աճում և զարգանում է բնականոն։

Կրծքի երեխայի խնամքը հիմնված է խիստ մաքրության վրա։ Մաքուր պետք է լինի այն ամենը, ինչին շփվում է երեխան (սպիտակեղեն, խաղալիքներ, ամանեղեն և այլն)։ Երեխայի սենյակը մաքրում են խոնավ շորով։ Յուրաքանչյուր երեխա պետք է ունենա իր մահճակալը։ Սենյակում օդի ջերմաստիճանը պետք է լինի 20-22°C։ Աչքերը լվանում են արտաքին անկյունից դեպի քիթը։ Քիթը մաքրում են վազելինի յուղով կամ եռացրած ջրով թրջած բամբակով։ Կրծքի երեխային պետք է լողացնել ամեն օր (ջրի ջերմաստիճանը 36,5-37°C)։ Մաշկի ծալքերին քսում են յուղ (վազելին, բուսական՝ անպայման նախօրոք եռացրած), մանկական դիմափոշի (պուդրա)։ Կրծքի երեխան պետք է կանոնավոր հերթականությամբ քնի, սնվի և խաղա։ Երեխայի շնչառական և մարսողական օրգանների լորձաթաղանթը նուրբ է, հեշտությամբ վնասվում է և հաճախակի ախտահարվում։ Երբեմն կրծքի երեխայի օրգանիզմում կարող է ի հայտ գալ անսովոր ռեակցիա (էքսուդատիվ կատարային դիաթեզ) մոր կաթի, կովի կաթի, ցիտրուսային բույսերի հյութերի և ձվի դեղնուցի նկատմամբ։ 2-3 ամսականում կարող է զարգանալ ռախիտ, որի կանխարգելումը վիտամին D-ով սկսում են 2 շաբաթականից։ Կյանքի առաջին 2-3 ամսում կրծքի երեխաները վարակիչ հիվանդությունների նկատմամբ աննկալունակ են, որը հետագայում վերանում է։ Կրծքի երեխային կատարում են կանխարգելիչ պատվաստումներ՝ ծննդատանը տուբերկուլոզի, իսկ այնուհետև կապույտ հազի, դիֆթերիայի, ծաղկի դեմ։ Արտաքին միջավայրի վնասակար գործոնների ազդեցության նկատմամբ օրգանիզմի դիմադրողականության բարձրացմանը օժանդակում են ֆիզիկական դաստիարակությունը և օրգանիզմի կոփումը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 692 CC-BY-SA-icon-80x15.png