Էմմա Հիլլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմմա Հիլլ
Դիմանկար
Ծնվել է1829
Մահացել է1890
Մասնագիտությունմոդել
 Emma Madox Brown Վիքիպահեստում

Մաթիլդա «Էմմա» Հիլլ (անգլ.՝ Matilda «Emma» Hill, ամուսնական անունը՝ Էմմա Մեդոքս Բրաուն, անգլ.՝ Emma Madox Brown, 1829 - 1890), պրեռաֆայելիտ նկարիչ Ֆորդ Մեդոքս Բրաունի բնորդուհին և երկրորդ կինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմմա Հիլլը ծնվել է մոտ 1829 թվականին աղքատ որմնադրի ընտանիքում և չի ստացել այդ ժամանակների համար անգամ նվազագույն կրթությունը։ Մոտ 1848 թվականին Էմման դարձել է բնորդուհի, շուտով նաև՝ նկարիչ Ֆորդ Մեդոքս Բրաունի սիրուհին, որն այդ ժամանակ փոքր դուստր ունեցող այրի տղամարդ էր։ Այդ ժամանակ նա հավանաբար օգտագործել է իր մոր օրիորդական ազգանունը, քանի որ Բրաունն իր օրագրերում հիշատակել է Էմմային Սթոուն ազգանվամբ[1]։ Զույգի առաջին երեխան՝ դուստր Քեթրինը, ծնվել է 1850 թվականին արտամուսնական ձևով։ Բրաունն ամենայն հավանականությամբ հետաձգել է ամուսնությունը իր ֆինանսական դժվարությունների, ինչպես նաև իր և Էմմայի սոցիալական անհավասարության պատճառով։ Որպեսզի նկարչին արժանի կին լինի, Էմման 1852 թվականին հաճախել է երիտասարդ կանանց համար դպրոց։ 1853 թվականին զույգը պսակադրվել է Լոնդոնի Սուրբ Դունսթանի եկեղեցում։ Հարսանիքի վկաները եղել են նկարչի՝ Պրեռաֆայելիտների եղբայրության երկու ընկերները՝ Դանթե Գաբրիել Ռոսսետտին և Թոմաս Սեդոնը[2]։

Դատելով օրագրերից, որոնք Բրաունը վարել է ողջ կյանքի ընթացքում, նա և Էմման սիրել են իրար, թեպետ հաճախ են վիճել։ Զույգի երկրորդ երեխան՝ Օլիվեր Մեդոքս Բրաունը, ավելի հայտնի է եղել ընտանեկան Նոլլի (անգլ.՝ Nolly) փաղաքշական անվամբ, ծնվել է 1855 թվականին։ Երիտասարդ տարիքում ընդհանուր վարակումից նրա մահը ծանր ցնցում է եղել ծնողների համար։ Երրորդ զավակը՝ որդի Արթուրը, ծնվել է 1856 թվականին, մահացել է տասը ամսականում։ Այսպիսով, Էմմայի բոլոր երեխաներից ապրել է միայն ավագ դուստր Քեթրինը։

1872 թվականին դստեր հարսանիքին Էմման վարակում է ստացել և մի քանի ամիս ծանր հիվանդացել։ Դա համընկել է Բրաունի ընկերոջ՝ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի կյանքի ճգնաժամի և հենց Բրաունի հոդատապի նոպաների հետ[3]։ Կրտսեր որդու մահից հետո Էմմայի մոտ ալկոհոլի հակում է առաջ եկել։

Էմման մահացել է 1890 թվականին «երկար և ծանր» հիվանդությունից հետո։

Նկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրվանկարներ և դիմանկարներ

Կենցաղային նկարներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Portrait - Emma Hill (later Mrs Madox Brown), 1848
  2. Emma Hill (later Mrs Madox Brown), 1852
  3. Portrait of Emma Madox Brown, 1872
  4. Pretty Baa-Lambs(անգլ.)baa-lamb նշանակում է նաև «ապօրինի երեխա»»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմմա Հիլլ» հոդվածին։