Վարդակակաչ Սոսնովսկու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Վարդկակաչ Սոսնովսկուից)
Վարդկակաչ Սոսնովսկու
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Շուշանածաղկավորներ (Liliales)
Ընտանիք Շուշանազգիներ (Liliaceae)
Ենթաընտանիք Շուշանայիններ (Lilioideae)
Ցեղ Վարդակակաչ (Tulipa)
Տեսակ Վարդկակաչ Սոսնովսկու (T. sosnowskyi)
Միջազգային անվանում
Tulipa sosnowskyi

Վարդակակաչ Սոսնովսկու (լատին․՝ Tulipa sosnovskyi), շուշանազգիների ընտանքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմամյա, սոխուկավոր բույս է, որն ունի 25-50 սմ բարձրություն։ Սոխուկը ձվաձև է, դարչնագույն, ներսից ոսկեգույն, մազոտ թեփուկներով։ Տերևները երկարավուն են, նշտարաձև, վերևում և ներքևում նեղացող, միշտ կորացած։ Ծաղիկը մեծ է, միայնակ, 8-10 սմ տրամագծով, գավաթանման, մուգ կարմիր։ Ծաղկապատի մասերը ձգված-սրացած են։ Առէջաթելերը մերկ են, սև, լայնացած, մինչև 2 մմ երկարությամբ։ Տուփիկի երկարությունը 3-7 սմ է, իսկ լայնությունը՝ 2-3 սմ[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է Զանգեզուրի (Քաջարան, Լեռնաձոր, Փխրուտ, Տաթև, Շիկահող, Կապան) և Մեղրու (լեռնագագաթ՝ Բերդաքար, Արծվաբերդ, Գյումարանց, Վարդանիձոր, Լիճք, Վահրավար) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Նախիջևանում (Օրդուբադ, լեռնագագաթ՝ Սոյուխ)[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորին լեռնային և ենթալպյան գոտիներում՝ ծովի մակարդակից 700-2300 մ բարձրությունների վրա, ժայռոտ տեղերում, խոշորաքարոտ թափվածքներում և փլուզուտներում, խճաքարոտ տեղերում, կաղնու և գիհու նոսրանտառում, անտառի եզրերին և բացատներում։ Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում՝ մայիս-հունիսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է, որի տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Համարվում է Անդրկովկասի էնդեմիկ։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Մեկ պոպուլյացիա պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարդակակաչ Սոսնովսկու» հոդվածին։