Վալերի Աբաջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբաջյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ծնվել էհունվարի 23, 1958(1958-01-23) (66 տարեկան)
ԾննդավայրԿուլյաբ, Տաջիկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՎորոնեժի ֆիզիկական կուլտուրայի պետական ​​ինստիտուտ
Մասնագիտությունբռնցքամարտիկ
Պարգևներ և
մրցանակներ
«Աշխատանքային արիության համար» մեդալ և ԽՍՀՄ սպորտի միջազգային կարգի վարպետ

Վալերի Արշալույսի Աբաջյան (հունվարի 23, 1958(1958-01-23), Կուլյաբ, Տաջիկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային բռնցքամարտիկ, ԽՍՀՄ բացարձակ չեմպիոն (1982), ԽՍՀՄ եռակի չեմպիոն երկրորդ ծանր քաշային կարգում (1983—1985), ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադայի հաղթող (1983), Աշխարհի գավաթի նվաճող (1981), «Дружба-84» մրցաշարի մրցանակակիր, ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ (1981)։ «Աշխատանքային արիության» մեդալի ասպետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալերի Աբաջյանը ծնվել է 1958 թվականի հունվարի 23-ին Տաջիկստանի ԽՍՀ Կուլյաբ քաղաքում։ Տաջիկստանի կլիմայական պայմանների առանձնահատկությունները բացասաբար էին անդրադառնում երեխայի առողջության վրա, այդ պատճառով Աբաջյանի ընտանիքը՝ մինչ Վալերին կդառնար մեկ տարեկան, ստիպված էր տեղափոխվել Վրաստան։ 1959 թվականի աշնանից մինչ 1968 թվականի փետրվար ընտանիքի հետ ապրել է Վրացական ԽՍՀ Ախալցխա քաղաքում, այնուհետև ծնողների հետ տեղափոխվել է Վորոնեժ։ Մանկության տարիներին Վալերին զբաղվել է թեթև աթլետիկայով, խաղային մարզաձևերով, շախմատով։ Վորոնեժի թիվ 34 միջնակարգ դպրոցը 1974 թվականին ավարտելուց հետո աշխատել է գործարանում որպես ֆրեզերագործի աշակերտ, երկրորդ կարքի ֆրեզերագործ, այնուհետև, ավարտելով ԴՕՍԱԱՖ-ի վարորդական դասընթացները աշխատանքի է անցել Վորոնեժի ինժեներա-շինարարական ինստիտուտի վարչատնտեսական բաժնում։ Բոքս է սկսել պարապել 17 տարեկանից՝ զորակոչվելուց ութ ամիս առաջ։ 1976 թվականի մայիսից մինչև 1978 թվականի մայիս ժամկետային զինվորական ծառայություն է անցել Մոսկվայում՝ ՀՕՊ զորքերում, զորացրվել է ավագի կոչումով։ Զինվորական ծառայությունն ավարտելուն պես դարձել է «Զենիթ» մարզական ընկերության հրահանգիչ։ 1980 թվականի նոյեմբերից ընդգրկվել է ԽՍՀՄ հավաքականի կազմում, սկսել է միջազգային սիրողական կարիերան (մարզիչ՝ Վիկտոր Պանկին)։

Ռինգում ելույթ ունենալու տարիների ընթացքում Աբաջյանը դարձել է Աշխարհի գավաթի նվաճող (Մոնրեալ, 1981 թվական) և ԽՍՀՄ բացարձակ չեմպիոն (1982 թվական), երեք անգամ հաղթել է ԽՍՀՄ չեմպիոնատներում (1983—1985 թվականներին), ազգային առաջնություններում նվաճել է «արծաթ» (1986 թվական) և «բրոնզ» (1987 թվական), արժանացել է «ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ»-ի կոչման, պարգևատրվել է «Աշխատանքային արիության» մեդալով և ՀԼԿԵՄ ԿԿ «Մարզական արիություն» նշանով։

1985 թվականին ավարտել է Վորոնեժի պետական ֆիզկուլտուրայի ինստիտուտը, որն ավարտելուց հետո աշխատել է Վորոնեժի բարձրագույն ռազմական ուսումնարանում որպես դասվանդող սպա, այնուհետև տարբեր ուսումնական հաստատություններում որպես մարզիչ։

1990 թվականին Վորոնեժում հիմնադրել է քիքբոքսինգի մարզային ֆեդերացիան։ 1994-1999 թվականներին եղել է բոքսի և քիքբոքսինգի ֆեդերացիայի նախագահ։

1990-ականների վերջից աշխատել է Վորոնեժի պետական ֆիզկուլտուրայի ինստիտուտում, մենամարտության ամբիոնի դոցենտի պաշտոնում։ 2017 թվականի մարտից՝ մենամարտության տեսության և մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր։

Բացի այդ հանդիսանում է Վորոնեժի «Специальная олимпиада» հաշմանդամների ռեգիոնալ հասարակական կազմակերպության նախագահ (2001 թվականից), բոքսի մարզային ֆեդերացիայի վարչության անդամ, Ռուսաստանի հայերի միության Վորոնեժի ռեգիոնալ բաժանմունքի գործադիր տնօրեն, «Искра надежды» աուտիկ երեխաների և հաշմանդամների Վորոնեժի մարզային հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, թմրանյութերի շրջանառության հսկողության ֆեդերալ ծառայության Վորոնեժի մարզային վարչութան հանրային խորհրդի անդամ, Վորոնեժի մարզային դումայի ֆիզկուլտուրայի և սպորտի կոմիտեի հանրային խորհրդի անդամ, Վորոնեժ քաղաքի հանրային պալատի անդամ, «Единая Россия» կուսակցության Վորոնեժի մարզային բաժանմունքի խորհրդի քարտուղար։

«Վորոնեժի մարզի ոսկե ֆոնդ» ֆորումի դափնեկիր (2007), Վորոնեժ քաղաքի պատվավոր քաղաքացի (2012)։

Ամուսնացած է, ունի որդի և դուստր[1][2][3][4][5][6][7]։

Նվաճումներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ (1981)
  • Աշխարհի գավաթի նվաճող (1981)
  • ԽՍՀՄ բացարձակ չեմպիոն (1982)
  • ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադայի հաղթող (1983)
  • ԽՍՀՄ եռակի չեմպիոն երկրորդ ծանր քաշային կարգում (1983—1985)
  • «Աշխատանքային արիության» մեդալի ասպետ (1985)
  • «ԽՍՀՄ ԶՈՒ 70-ամյակ» հոբելյանական մեդալ
  • «Ռուսաստանի պետսպորտկոմի 80-ամյակ» հոբելյանական մեդալ
  • ՀամԼԿԵՄ ԿԿ «Մարզական արիություն» նշան[8]

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Техническая подготовка боксёра», ուսումնական ձեռնարկ (2002, Վ. Ա. Սաննիկովի հետ համատեղ)
  • «Обучение и совершенствование боксёра в технике бокса», ուսումնական ձեռնարկ (2005, Վ. Ա. Սաննիկովի հետ համատեղ)
  • «Теоретическая подготовка студентов 1 курса специализации «Бокс», обучающихся в вузах физической культуры», ուսումնական ձեռնարկ (2008, Վ. Ա. Սաննիկովի հետ համատեղ)
  • «Медико-биологические и психологические особенности тренировочной и соревновательной деятельности боксёров», ուսումնական ձեռնարկ (2011, Վ. Ա. Սաննիկովի հետ համատեղ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Удар с воронежским акцентом» (ռուսերեն). Юрий Бабаян, www.noev-kovcheg.ru. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին.
  2. «Valeriy Abadzhyan (URS)» (անգլերեն). www.amateur-boxing.strefa.pl.
  3. «Валерий Абаджян – боксёр, педагог» (ռուսերեն). www.bloknot-voronezh.ru. 11.11.2013. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 21-ին.
  4. «Обладатель Кубка мира Валерий Абаджян: Самое лучшее уже сделал» (ռուսերեն). Б. Валиев, www.sovsport.ru. 25.05.2006.
  5. «Синоним нокаута» (ռուսերեն). Марина Новикова, www.rg.ru. 29.01.2008.
  6. «Валерий АБАДЖЯН. ЧУМОВОЙ ТЯЖ ИЗ ВОРОНЕЖА» (ռուսերեն). Марина Новикова, www.alleyasporta.ru. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 24-ին.
  7. «Главный судья фестиваля» (PDF) (ռուսերեն). vrngmu.ru. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ ապրիլի 6-ին.
  8. Валерий Абаджян на сайте «Хайзаг»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]