Հակաօդային պաշտպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է ՀՕՊից)
Jump to navigation Jump to search
Ուշադրություն․ հոդվածը կամ հոդվածի բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարան-ից և կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից
Գերմանական հայտնի Flak հակաօդային 88-մմ տրամաչափի զինատեսակը

Հակաօդային պաշտպանություն (ՀՕՊ), պաշտպանության միջոցառումների համախումբ հակառակորդի օդային հարձակումը կասեցնելու համար։

Տարբերում են ՀՕՊ-ի հետևյալ տեսակները՝

Երկրի ՀՕՊ ԱՍՀՄ-ում համապետական միջոցառումների և ՀՕՊ-ի զորքերի մարտական գործողությունների համախումբ է, որն ապահովում է բնակչության, կարևորագույն շրջանների, վարչական-քաղաքական և արդյունաբերական-տնտեսական կենտրոնների, կարևոր ռազմատնտեսական օբյեկտների և զինված ուժերի խմբավորումների պաշտպանությունը հակառակորդի օդային ուժերի հարձակումից։ Իրագործում են երկրի ՀՕՊ-ի զորքերը՝ համագործակցելով այլ զորատեսակների և Վարշավայի պայմանագրի մասնակից երկրների ՀՕՊ-ի զորքերի հետ։ ԱՄՆ-ում և մյուս խոշոր երկրներում երկրի ՀՕՊ-ի գործը կատարում են ռազմաօդային ուժերը:

Զորքի ՀՕՊ հակառակորդի օդային հարձակումները կասեցնելու մարտական գործողությունների, ինչպես նաև հետախուզելու, զորքին տեղեկացնելու, տարակենտրոնացնելու, քողարկելու և պատսպարելու միջոցառումների համախումբ է, որն իրագործում են ցամաքային ՀՕՊ-ի զորքերը՝ համագործակցելով երկրի ՀՕՊ-ի զորքերի հետ։

Նավատորմի ՀՕՊ իրագործում են ՀՕՊ-ի նավային միջոցները՝ համագործակցելով երկրի ՀՕՊ-ի զորքերի հետ։ ՀՕՊ-ի զարգացումը, պայքարի միջոցներն ու հնարավորությունները ուղղակիորեն կախված են թշնամու թռչող ապարատների զարգացման մակարդակից։

ՀՕՊ-ի կազմավորումը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակաօդային պաշտպանությունը Հայաստանում կազմավորվել է անկախության ձեռքբերումից հետո։ 1992 թվականի սեպտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարը հրաման է ստորագրել ՀՕՊ վարչություն ստեղծելու մասին։ Վարչության ստեղծումից հետո այն սկսեց համալրվել սպայական և ենթասպայական կազմով։ Բացի այդ իրականացվեց նաև նախկին հակաօդային պաշտպանության զորքերում ծառայած պահեստայինների զորակոչը, որի ժամանակ զորակոցվեց 400 սպա և ենթասպա[1]:

ՀՕՊ-ը Առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիայի կայսերական ռազմաօդային ուժերի Անգլիայի վրա հարձակման սկզբին ամբողջ երկրում առկա էր ընդամենը 33 հակաօդային զինատեսակ։

Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում ՀՕՊ զորքի և նավատորմի մարտական գործողություններն ապահովող միջոցներից էր և մինչև 50-ական թվականների կեսերը հակաինքնաթիռային պաշտպանության բնույթ էր կրում։ Այնուհետև սկսվեց ՀՕՊ-ի զարգացման նոր փուլ՝ երբ մի շարք երկրների բանակներ սկսեցին զինվել միջուկային զենքով, բալիստիկ և թևավոր հրթիռներով, ռեակտիվ ավիացիայով, ռադիոէլեկտրոնային տեխնիկայով: Դրա հետ կապված անսահմանափակ մեծացան ռազմական ուժերի՝ միջուկային և սովորական զենքով հանկարծակի օդային հարված հասցնելու հնարավորությունները։ Ուստի, ՀՕՊ-ի դերն ու նշանակությունը կտրուկ մեծացավ։ Սկսվեց ՀՕՊ-ի կազմակերպման և վարման նոր միջոցների, ձևերի ու եղանակների մշակումը։ Հակաինքնաթիռային պաշտպանության հիմնական միջոցներն են զենիթային հրթիռային համալիրները, զենիթային հրետանին, կործանիչ ավիացիան, ռադիոէլեկտրոնային պաշտպանության և ռադիոտեխնիկական միջոցները, որոնք կարող են կասեցնել ինքնաթիռների, անօդաչու ապարատների, թևավոր հրթիռների և այլ թռչող ապարատների հարձակումները։

Հակահրթիռային պաշտպանության հիմնական միջոցներն են որսացող–ոչնչացնող հրթիռները, ռադիոլոկացիոն կայաններն ու ռադիոէլեկտրոնային պաշտպանության միջոցները, որոնց նպատակն է հակառակորդի բալիստիկ հրթիռներն իրենց թռիչքի հետագծի վրա որսալն ու ոչնչացնելը և դրանց նշանառությունը ճշգրտող համակարգերին ու միջոցներին ռադիոտեխնիկապես խանգարելը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png