Թևավոր հրթիռ

Թևավոր հրթիռ, միանգամյա օգտագործման անօդաչու թռչող սարք, թռիչքի հետագիծը որոշվում է սարքի թևի, շարժիչի քարշուժի, ծանրության ուժի և աերոդինամիկ ամբարձիչ ուժի համադրությամբ[1]։ Անգլերեն cruise missile եզրը վերաբերվում է կառավարվող հրթիռներին։
Թևավոր հրթիռները օգտագործվում են վերգետնյա կամ վերջրյա նշանակետերի խոցման համար, ապահովելով նշանակետերի խոցման բարձր հավանականությունը սարքերի կառավարման համակարգի միջոցով։ Թևավոր հրթիռները նախագծված են հզոր մարտագլխիկների մեծ հեռավորություններով հասցման համար մեծ ճշգրտությամբ։ Ժամանակակից թևավոր հրթիռները հնարավորություն ունեն թռչելու գերձայնային կամ մերձձայնային արագություններով, ինքնակառավարվող են, կարող են թռչել ոչ-բալիստիկ հետագծով, չափազանց ցածր բարձրությունների վրա։
Թևավոր հրթիռները տարբերվում են անօդաչու թռչող սարքերից (ԱԹՍ) հետևյալ առանձնահատկություններով. թևավոր հրթիռները մեկանգամյա օգտագործման են և միշտ «զոհվում» են առաքելության ավարտին, չեն իրականացնում հետախուզություն, մարտագլխիկը ներառված է սարքի իրանի մեջ և այն չի կարող առանձնացվել սարքից։
Գոյություն են ունեցել նաև հատուկ հարմարեցված ինքնաթիռներ, որոնք կառավարվում էին մահապարտ-օդաչուների կողմից[2]։ Թևավոր հրթիռները նախկինում անվանվում էին նաև ռումբ-ինքնաթիռ։
Առաջին թևավոր հրթիռը Գերմանական V-1 թռչող-ռումբն է, որը կիրառվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։
Համեմատություն այլ տեսակի հրթիռների և ինքնաթիռների հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համեմատած այլ տեսակի և տիպի հրթիռների հետ, սահմանում են հետևյալը.
Առավելություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հրթիռի ուղղությունը սահմանելու ունակությունը, ներառյալ կոր հետագիծը, որը մարտահրավերներ է ստեղծում թշնամու հակահրթիռային պաշտպանության համակարգերի համար։
- Ցածր բարձրության վրա շարժվելու և ռելիեֆը շրջանցելու ունակությունը, ինչը դժվարացնում է ռադիոտեղորոշման միջոցների կողմից հրթիռի հայտնաբերումը։
- Ժամանակակից թևավոր հրթիռները նախատեսված են բարձր ճշգրտությամբ թիրախները խոցելու համար։
Թերություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Համեմատաբար ցածր արագություններ (ձայնի արագությամբ՝ ~1150 կմ/ժ), միջուկային ուղղահոս օդա-ռեակտիվ շարժիչով հնարավոր է հասնել մոտ 5 Մախ արագության, այսինքն՝ հիպերձայնային արագության։
- Բարձր գին այլ զինամթերքի համեմատ։
- Բոլոր պայթուցիկ լիցքերի համեմատաբար ցածր արտադրողականություն, բացառությամբ միջուկայինների։
Համեմատություն անձնակազմով կառավարվող ինքնաթիռների հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անձնակազմով կառավարվող ինքնաթիռների հետ համեմատ, թևավոր հրթիռի հիմնական առավելությունը դրա անօդաչու լինելն է, որը թույլ է տալիս պահպանել անձնակազմը և նվազեցնել չափսերը, այդպիսով դժվարացնելով դրա հայտնաբերումը: Քանի որ թևավոր հրթիռները նախատեսված են միանգամյա օգտագործման համար, դրանց շարժիչների և այլ բաղադրիչների ռեսուրսի համար պահանջները շատ ավելի քիչ են:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Միջնադարյան չինական «Հուո Լոն Ցզին» տրակտատում նկարագրվում է չկառավարվող թևավոր հրթիռը՝ ագռավի տեսքով (神火飛鴉 Շեն հուո ֆեյ յա, բառացիորեն «հրեղեն թռչող ոգեղեն ագռավ»):
Գործնականում չկառավարվող հրթիռները (վառոդային շարժիչով) Եվրոպայում լայնորեն սկսեցին կիրառվել 19-րդ դարի սկզբին։
Անօդաչու, ավտոմատ կերպով կառավարվող «թռչող ռումբ» ստեղծելու գաղափարը ծագել է ավիացիայի առաջին տասնամյակում, նույնիսկ Առաջին համաշխարհային պատերազմից առաջ։ Այն առաջարկվել է 1910 թվականին ֆրանսիացի ինժեներ Ռենե Լորանի կողմից, որն ավելի հայտնի է որպես ուղղահոս օդա-ռեակտիվ շարժիչի 1913 թվականի արտոնագրի տերը։ Այս գաղափարը իրականացնելու համար անհրաժեշտ տեխնոլոգիական պայմանները շուտով ստեղծվեցին.
- 1913 թվականին դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ գերմանացի Վիրթը մշակեց անօդաչու թռչող սարքի համար ռադիոկառավարվող համակարգ և ցուցադրեց այն կրկեսի հրապարակում՝ կառավարելով փոքր ինքնաթիռի մոդել։
- 1914 թվականի ամռանը Ֆրանսիայում ամերիկացի ինժեներ Էլմեր Սփերին առաջին անգամ փորձարկեց գիրոսկոպիկ ինքնաղեկասարքը ամերիկյան Curtiss ընկերության կողմից արտադրված ինքնաթիռի վրա։ Այս համակարգը թույլ էր տալիս ինքնաթիռին մնալ տվյալ ուղղության վրա առանց օդաչուի միջամտության։
Գործնական զարգացումները միաժամանակ ընթանում էին մի քանի երկրներում: Առաջին գործնական քայլերը ձեռնարկեց ամերիկացի գյուտարար Պիտեր Հյուիթը, որը 1915 թվականի ապրիլին Էլմեր Սփերիին և նրա Sperry Gyroscope Company ընկերությանը ներգրավեց «թռչող ռումբի» նախագծի մեջ: Հատուկ հագեցած ինքնաթիռի վրա ավտոմատ կառավարման համակարգի առաջին հաջող թռիչքային փորձարկումները տեղի ունեցան 1916 թվականի սեպտեմբերի 12-ին: Ավտոմատ ռեժիմով ինքնաթիռը հասավ նշանակված բարձրությանը և թռավ որոշակի հեռավորություն՝ բավարար կերպով պահպանելով կողմնացույցի ուղղությունը, և սկսեց իր վայրէջքը դեպի թիրախը, որից հետո Սփերիի որդին՝ Լոուրենսը, որը գտնվում էր ինքնաթիռում, ստանձնեց կառավարումը[3]:
Միևնույն ժամանակ, Մեծ Բրիտանիայում, Արչիբալդ Լոուն աշխատում էր զինվորականների կողմից պատվիրված ռադիոկառավարվող «թռչող ռումբի» վրա՝ օդանավերը և ցամաքային թիրախները ոչնչացնելու համար։ Առաջին թռիչքի փորձը տեղի է ունեցել 1917 թվականի մարտի 21-ին և ավարտվել է վթարով: Նմանատիպ նախագիծ էր մշակել նաև Հենրի Ֆոլանդը: Մոտավորապես 6-7 մետր երկարությամբ, մոտավորապես 230 կգ քաշով և 35 ձիաուժ հզորությամբ շարժիչով թռչող սարքը արտադրվել է «Airplant Establishment Royal Aircraft Factory» ընկերության կողմից: Երեք անհաջող թռիչքի փորձերից հետո նախագիծը փակվել է 1917 թվականի հուլիսին[4]:
1920 թվականին Անգլիայում ստանդարտ Bristol F.2B կործանիչը հագեցած էր ռադիոկառավարմամբ և հաջողությամբ թռիչք էր իրականացնում։ Անվտանգության համար օդաչուն գտնվում էր խցիկում։ Սակայն ընդամենը մեկ տարի անց փորձարկվեց անօդաչու ռադիոկառավարվող ինքնաթիռը։
1924 թվականին «Տեխնիկա և կյանք» ամսագրում հրապարակվեց Ֆ. Ա. Ցանդերի «Թռիչքներ դեպի այլ մոլորակներ» աշխատությունը, որտեղ առաջարկվում էր թևերի օգտագործումը հրթիռային շարժիչով թռչող սարքերի վրա[5]։
1927 թվականին մշակվեց «Լարինգ» օդային տորպեդան (այդ ժամանակի տերմինաբանությամբ)՝ ոչ մեծ թռչող սարք մխոցային աստղաձև շարժիչով և գիրոսկոպիկ կառավարման համակարգով, որը հագեցած էր 113 կգ մարտագլխիկով: Նավերի վրա և իրաքյան անապատներում նախագծի լայնածավալ փորձարկումներից հետո արտադրությունը ճանաչվեց ոչ նպատակահարմար։
1950-ականների վերջին սկսվեց հզոր հեղուկ վառելիքով աշխատող հրթիռային շարժիչներով թևավոր հրթիռների մշակումը, ինչը թույլ տվեց զգալիորեն բարձրացնել հրթիռների բնութագրերը։
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Թևավոր հրթիռները դասակարգվում են հետևյալ կերպ՝
- ըստ լիցքի տեսակի՝
- միջուկային սպառազինությամբ
- սովորական սպառազինությամբ
- ըստ առաքելության (նպատակի)՝
- ռազմավարական
- օպերատիվ-մարտավարական (առավել հաճախ՝ հականավային)
- մարտավարական
- ըստ բազավորման տեսակի (արձակման)՝
- ցամաքային
- օդային
- ծովային
- ստորջրյա
- վերջրյա։
Ներկայումս ծովային բազայի թևավոր հրթիռներով հագեցած են նավերը, հրթիռային նավակները և սուզանավերը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Kettering Bug - թևավոր հրթիռի նախատիպ
- Սուզանավերից արձակվող թևավոր հրթիռներ
- Անօդաչու թռչող սարք
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «К-22» — Линейный крейсер / [под общ. ред. Н. В. Огаркова]. — М. : Военное изд-во М-ва обороны СССР, 1979. — С. 483—484. — (Советская военная энциклопедия : в 8 т. ; 1976—1980, т. 4).
- ↑ Кузнецов К. (1999). «"Цветок вишни" или "Придурок"» (02).
{{cite journal}}: Cite journal requires|journal=(օգնություն); Unknown parameter|Journal=ignored (|journal=suggested) (օգնություն) (ռուս.) - ↑ Werrell, 1985, էջ 7
- ↑ Werrell, 1985, էջ 8
- ↑ «РАЗВИТИЕ КРЫЛАТЫХ РАКЕТНЫХ АППАРАТОВ В СССР в 1930—1939 гг». Արխիվացված օրիգինալից 2010-10-11-ին. Վերցված է 2010-05-06-ին.
{{cite web}}: no-break space character in|title=at position 56 (օգնություն)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Werrell, Kenneth P. (1985). The Evolution of the Cruise Missile. Maxwell Air Force Base, Alabama: Air University Press. էջեր 289. (անգլ.)