Jump to content

Սերգեյ Չեխոնին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
13:28, 21 Ապրիլի 2024 տարբերակ, Armineaghayan (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Սերգեյ Չեխոնին
Ծնվել էփետրվարի 2 (14), 1878[1]
ԾննդավայրԼիկոշինո, Բոլոգովսկի շրջան
Վախճանվել էփետրվարի 23, 1936(1936-02-23)[2][3][4][…] (58 տարեկան)
Մահվան վայրԼյոռախ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Ֆրանսիա,  ԽՍՀՄ և  Գերմանական ռայխ
Մասնագիտությունգրաֆիկական դիզայներ, նկարիչ, գծանկարիչ, վիզուալ արտիստ, խեցեգործ, գծանկարիչ և porcelain painter
Ժանրխեցեգործություն և գրաֆիկա
 Sergey Chekhonin Վիքիպահեստում

Սերգեյ Վասիլևիչ Չեխոնին (անգլ.՝ Серге́й Васи́льевич Чехо́нин, փետրվարի 2 (14), 1878[1], Լիկոշինո, Բոլոգովսկի շրջան - փետրվարի 23, 1936(1936-02-23)[2][3][4][…], Լյոռախ[5]), ռուս խորհրդային նկարիչ՝ գծանկարիչ և գեղանկարիչ, թատրոնի բեմանկարիչ, դեկորատիվ-կիրառական արվեստի նկարիչ, գեղարվեստական արհեստների կազմակերպիչ, «Արվեստի աշխարհ» գեղարվեստական ​​միավորման անդամ։

Թատրերական զգեստների էսքիզ։ Ծաղրածու-աճպարար

Կենսագրություն

Սերգեյ Չեխոնինը ծնվել է Նիկոլաևյան երկաթուղու մեքենավարի ընտանիքում։ Մանկությունն անցկացրել է Նովգորոդ նահանգի Չուդովո կայարանում։ Տասնհինգ տարեկանից սկսել է ինքնուրույն վաստակել իր ապրուստի միջոցները․ աշխատել է որպես գործավար, գծագրող և գանձապահ շոգենավային կայանում։ 1896 թվականին մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ մինչև 1897 թվականը սովորել է Գեղարվեստը խրախուսող կայսերական ընկերությանը կից Նկարչության դպրոցում՝ Եվգենի Սաբանեևի և Յան Ցիոնգլինսկու մոտ և մինչև 1900 թվականը իշխանուհի Մ.Կ. Տենիշևայի մասնավոր դպրոցում՝ Իլյա Ռեպինի մոտ։ Բացի այդ, Չեխոնինը ուսումնասիրել է կերամիկայի արվեստը և որպես խեցեգործ-նկարիչ սկսել է իր ստեղծագործական կարիերան Մամոնտովի Աբրամցևյան կերամիկական արհեստանոցում 1902-1907 թվականներին՝ փորձառու խեցեգործ տեխնոլոգ Պյոտր Վաուլինի ղեկավարությամբ: 1907-1914 թվականներին աշխատել է Սանկտ Պետերբուրգի մոտ գտնվող Կիկերինոյի «Գելդվեյն-Վաուլինի» արհեստանոցում և Սմոլենսկի նահանգի Տալաշկինոյի Տենիշևայի արհեստանոցներում։

Նա մասնակցել է 20-րդ դարասկզբի բազմաթիվ խոշոր ճարտարապետական ​​կառույցների ձևավորմանը։ Միխայիլ Վրուբելի և Ալեքսանդր Գոլովինի հետ աշխատել է մոսկովյան «Մետրոպոլ» հյուրանոցի շենքի ճակատի մայոլիկե պաննոների վրա։ Սանկտ Պետերբուրգում նա պատրաստել էր «Ռոմանովների տան տոհմածառը» մայոլիկե պաննոներ Ֆեոդորովսկայա Աստվածածնի սրբապատկերի տաճարի համար՝ ի հիշատակ Պոլտավսկայա փողոցում Ռոմանովի տան կառավարման 300-ամյակի (1911-1915), «Միքայել Հրեշտակապետ»-ի պաննոն Բոլշոյ Սամպսոնևսկու պողոտայում գտնվող Մոսկվայի գնդի եկեղեցու համար (1915): Մասնակցել է իշխան Սերգեյ Շչերբատովի (1902-1903) տան «Ժամանակակից արվեստ» սալոնի նկարազարդումներին[6][7]։

Չեխոնինը մասնակցել է Ռուս նկարիչների միության (Սանկտ Պետերբուրգ, 1909) և «Արվեստի աշխարհ» (Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ) ցուցահանդեսներին և 1912 թվականին դարձել «Արվեստի աշխարհ» միավորման անդամ։ 1905 թվականի առաջին ռուսական հեղափոխությունից անմիջապես հետո Չեխոնինը դիմեց գրաֆիկային: Սկզբում որպես ծաղրանկարիչ համագործակցել է երգիծական ամսագրերի հետ, այնուհետև սկսել է զբաղվել գրքերի ձևավորմամբ ու գեղարվեստկան գրապիտակներ ստեղծելով։ Դրանցից են Կոնստանտին Բալմոնտի «Հնության կանչերը» (1907), Նադեժդա Տեֆֆիի «Յոթ կրակներ» (1910), Սաշա Չոռնիի «Երգիծանքներ» (1911-1912), Վ. Ա. Վերեշչագինի «Անցյալի հիշողությունը» (1914): 1906 թվականին «Հանդիսատես »ամսագրի չհրատարակված համարները փոխարինելու համար նա հրատարակեց «Դիմակներ» երգիծական ամսագրի ինը համարներ (6 և 7 համարները առգրավվել էին գրաքննության կողմից)։ 1907 թվականին Չեխոնինը նախագծել է Վ. Լ. Բուրցևի «Ռուսական հեղափոխության օրացույցի» «Հունվար» և «մայիս» թերթերը: Քաղաքական ծաղրանկարներ է նկարել Սանկտ Պետերբուրգի «Հանդիսատես », «Օայեկաձագ», «Սատիրիկոն» և «Նոր Սատիրիկոն» երգիծական ամսագրերի համար։ Դա նրան զգալի հաջողություն է բերել․ 1910-ականներին պարզվել է, որ Չեխոնինը այն վարպետներից մեկն է, ում աշխատանքով պայմանավորված է ռուսական գրքի գրաֆիկայի բարձր մակարդակը։

Տիրապետելով ձեռագրատառ գծագրության և զարդանկարի արվեստին՝ Չեխոնինը Դմիտրի Միտրոխինի և Գեորգի Նարբուտի հետ պատկանել է «Արվեստի աշխարհի» անդամների այն «երիտասարդ սերնդին», որի նկարիչները գրքի գրաֆիկայի արվեստը բարձրացրել են նոր բարձր մակարդակի։ Շարունակելով աշխատել գրքի գրաֆիկայի ոլորտում՝ Չեխոնինը համագործակցել է Սանկտ Պետերբուրգի բազմաթիվ ամսագրերի հետ։ «Կապույտ ամսագրի» էջերում նկարազարդել է «Երեք տառ» կոլեկտիվ վեպը (1911)։ 1912 թվականին Ի. Լեմանի տպարանի և հրատարակչության նոր տառատեսակների մրցույթում ստացել է 1-ին մրցանակ։ 1914 թվականի մայիսին ռուսական պատվիրակության հետ մեկնել է Լայպցիգ, որտեղ տպագրության և գրաֆիկայի միջազգային ցուցահանդեսի շրջանակներում պատրաստել է ռուսական էքսպոզիցիան։ 1916 թվականին Չեխոնինի ձևավորմամբ (նրան են պատկանել պահպանակները, տիտղոսաթերթը, տիտղոսատը և առաջին էջի անվանաթերթի մեծատառը) հրատարակվել է «պաշտամունքային» գիրք բոլոր մատենասերների համար՝ «Der moderne Buchschmuck in Russland» («Ժամանակակից ռուսական գրաֆիկա»), որի խմբագիրն է եղել Սերգեյ Մակովսկին, իսկ տեքստը գրել է Նիկոլայ Ռադլովը։ Նույն թվականին Չեխոնինը փորձել է իր ուժերը որպես թատերական նկարիչ Մոսկվայի Կ. Նեզլոբինի թատրոնի համար նա ստեղծեց զգեստների էսքիզներ Էդմոն Ռոստանի «Երազների արքայադուստրը» պիեսի համար[8][9]:

1913 թվականին Չեխոնինն օգնել է կազմակերպել Համառուսաստանյան 2-րդ տնայնագործական ցուցահանդեսը, որից հետո նրան հրավիրել են Գյուղատնտեսության նախարարության տնայնագործական արդյունաբերության բաժնում զբաղեցնելու խորհրդատուի պաշտոնը։ 1913-1915 թվականներին Սերգեյ Չեխոնինը ղեկավարել է արծնապակու դպրոցը (էմալով նկարչություն մետաղի վրա) Ռոստով-Յարոսլավսկիում, գեղարվեստական ​​կահույքի արտադրության արհեստանոցը Տուլայի նահանգի Կոլոգրիվում և ոսկեկարի և «հերյունակարի» արհեստանոցը Տորժկում[10]։

1917 թվականի հեղափոխությունից հետո Չեխոնինի ստեղծագործական կյանքն էլ ավելի հագեցած է դարձել։ Զբաղվել է հասարակական գործունեությամբ և աշխատանքի է անցել ՌԽՖՍՀ կրթության ժողովրդական կոմիսարիատի Կերպարվեստի վարչության գեղարվեստական ​​կոլեգիայում։ Մասնակցել է փողոցում կազմակերպվող փառատոների և թատերական ներկայացումների ձևավորմանը։ Կրթության ժողովրդական կոմիսարիատի նախագահ Անատոլի Լունաչարսկին 1918-1923 թվականներին Չեխոնինին նշանակել է Պետրոգրադի պետական ​​ճենապակու գործարանի «գեղարվեստական ​​բաժնի» ղեկավար, որը նրա ղեկավարությամբ արտադրել է հայտնի «ագիտացիոն ճենապակին»[11]։

Չեխոնինը մշակել է ՌԽՖՍՀ պետական ​​զինանշանի նախագիծը, քարոզչական պաստառներ, թղթադրամների և արծաթե մետաղադրամների էսքիզներ և Սովնարկոմի կնիքները։ Ստեղծել է Վլադիմիր Լենինի, Գրիգորի Զինովևի և պետական այլ գործիչների գրաֆիկական դիմանկարները։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  2. 2,0 2,1 2,2 Чехонин Сергей Васильевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 3,0 3,1 3,2 Շվեդիայի ազգային թանգարան — 1792.
  4. 4,0 4,1 4,2 KulturNav — 2015.
  5. «Чехонин Сергей Васильевич — ПроДетЛит». prodetlit.ru (ռուսերեն). 2021-07-27. Արխիվացված օրիգինալից 2021-12-08-ին. Վերցված է 2021-12-08-ին.
  6. Власов, Виктор Георгиевич «Современное искусство» // Новый энциклопедический словарь изобразительного искусства. В 10 т. — СПб.: Азбука-Классика. — Т. IX, 2008. — С. 92—94
  7. Лейкинд О. Л., Махров К. В., Северюхин Д. Я. Художники русского зарубежья 1917—1939. Биографический словарь. — СПб.: Изд-во «Нотабене», 1999. — С. 606—607
  8. Сеславинский, М.В. Рандеву: Русские художники во французском книгоиздании первой половины XX века: альбом-каталог. — Москва: Астрель, 2009. — С. 406—409. — 504 с. — ISBN ISBN 978-5-94829-036-2
  9. Сеславинский, М.В. Французские библиофильские издания в оформлении русских художников-эмигрантов (1920-1940-е годы): монография.. — Москва: ИД Университетская книга, 2012. — 254, [6] с.: ил. с. — ISBN 978-5-454-00003-5
  10. Лейкинд О. Л., Махров К. В., Северюхин Д. Я., 1999. — С. 607
  11. Власов, Виктор Георгиевич «Агитационное искусство» // Новый энциклопедический словарь изобразительного искусства. В 10 т. — СПб.: Азбука-Классика. — Т. I, 2004. — С. 74—77

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Չեխոնին» հոդվածին։