Սուրիկեն
Սուրիկեն | |
---|---|
Տեսակ | զենքի ընտանիք |
Ենթատեսակ | throwing weapon?, prohibited weapon? և ninja tool? |
Երկիր | Ճապոնիա |
Սյուրիկեն (ճապ.՝ 手裏剣) (բառացիորեն թարգմանվում է «ձեռքի մեջ թաքցրած սայր»[1]), ճապոնական նետողական զենք, սակայն երբեմն օգտագործվում էր հարված հասցնելու համար։ Սյուրիկեններն իրենցից ներկայացնում են ոչ մեծ շեղբեր, որոնք պատրաստված են կենցաղային իրերի՝ աստղերի, ասեղների, մեխերի, դանակների, մետաղադրամների օրինակով։
Սյուրիկենի արտաքին տեսքն արտացոլում է ճապոնացիների միստիցիզմի հանդեպ հետաքրքրությունը։ Շատ հաճախ զենքի մակերևույթին դրոշմվում էին տարբեր նշաններ, քանի որ և՛ զենքը պատրաստողը, և՛ դրանից օգտվողը հավատում էին, որ այդ կերպ կարող են իրենց կողմ գրավել հզոր գերաշխարհային ուժեր[2]։
Որպես կանոն, մարտիկի զինանոցում սյուրիկենը լրացուցիչ զենք էր, որը լրացնում էր թուրը՝ կատանը կամ յարի նետը, սակայն շատ հաճախ հենց սյուրիկենն էր որոշիչ դեր խաղում մարտի ժամանակ[3]։ Սյուրիկենին տիրապետելու արվեստը, որը հայտնի է սյուրիկեն-ջուցու անունով, դասավանդվել է որպես երկրորդական հմտություն այնպիսի հայտնի դպրոցներում, ինչպիսիք են յագյու-րյու, կատորի-սինտո-րյու, իտտո-րյու, կուկիսին-րյու, տոգակուրե-րյու դպրոցները[4]։
Գոյություն ունեն սյուրիկենների երկու տեսակ՝ բո-սյուրիկեններ (ճապ.՝ 棒手裏剣) և սյակեններ (ճապ.՝ 車剣) (սյակենների մեջ տարբերում են հիրա-սյուրիկեններ (ճապ.՝ 平手裏剣), սեմբան-սյուրիկեններ, տեպան-սյուրիկեններ)։
Բո-սյուրիկեններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բո-սյուրիկենը սեպաձև նետողական զենք է, որը պատրաստված է երկաթից կամ պողպատից, ունի քառանկյուն, կլոր կամ ութանկյուն ձև։ Որպես կանոն, սրված են մեկ կողմից, սակայն հանդիպում են նաև երկկողմանի սրվածք ունեցող տեսակները։ Բո-սյուրիկենի երկարությունը տատանվում է 12-ից մինչև 21 սմ, իսկ քաշը՝ 35-150 գրամ[5]։ Զենքը կարելի է նետել տարբեր ձևերով՝ գլխավերևից, ներքևից, կողքից և հետև, և այդ տարբերակներից յուրաքանչյուրի ժամանակ սայրը մատի օգնությամբ ուղղվում է ճիշտ ուղղությամբ։ Պետք չէ բո-սյուրիկենները շփոթել կունայ տիպի (հարվածային զենք, որը նույնպես օգտագործվում է որպես նետողական) զենքի հետ։ «Բո» բառը ճապոներենից թարգմանաբար նշանակում է «ասեղ»։
Բո-սյուրիկենները պատրաստվում էին կենցաղային իրերի օրինակով և ունեն տարբեր չափսեր և ձևեր։ Դրանցից շատերը իրենց անունը ստացել են իրենց նախորդի անունից՝ կուգի-գատա (մեխի ձև), արի-գատա (ասեղի ձև), տանգո-գատա (դանակի ձև), մնացյալները անունը ստացել են իրենց ձևով նմանեցնող իրերից՝ օկո-գատա (նիզակի ձև), մացուբա-գատա (սոճու ասեղի ձև)[5]։
Տարբեր վարպետ-զինագործները սյուրիկենների վրա դրոշմում էին զանազան տեղեկատվություն, որը (իրենց կարծիքով) պետք է հեշտացներ ռազմիկ-նինջայի կյանքը։
Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչ այսօր անցկացվել են բազմաթիվ ուսումնասիրություններ բո-սյուրիկենների պատմությունը պարզելու համար, և, այնուամենայնիվ, դրանց ծագումը մնում է անհայտ։ Մասամբ դա պայմանավորված է նրանով, որ սյուրիկեն-ջուցու արվեստը գաղտնի է պահվում, ինչպես նաև նրանով, որ հին Ճապոնիայում կային նետողական զենքերի բազմաթիվ հայտնագործողներ։ Առաջին հիշատակվողներից մեկը գանրիցու-րյու դպրոցն է (XVII դար)։ Այդ դպրոցի պահպանված սայրերի նմուշները իրենցից ներկայացնում են նետի կամ կաշվե արտադրության մեջ օգտագործվող ասեղի նման ինչ-որ իր[5]։
Բացի այդ, վաղ հիշատակություններում կան գրառումներ կարճ դանակների և թրերի մասին, որոնք օգտագործվում էին որպես նետողական զենք, ինչպես նաև այն մասին, որ սամուրայ (ճապ.՝ 侍, բու ́շի ճապ.՝ 武士) Միյամոտո Մուսասին մարտերից մեկում իր հակառակորդին սպանել է դիպուկ նետումով։
Ժամանակակից սյուրիկենները պատրաստվում են չժանգոտվող պողպատից։ Դրանք կարելի է ձեռքբերել Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի բազմաթիվ զենքերի խանութներում։ Սյուրիկենները պահելը կամ կրելը ապօրինի են համարվում Բելգիայում, Կանադայում[6], Գերմանիայում և Մեծ Բրիտանիայում[7]։ ԱՄՆ-ում որոշ նահանգներ նույնպես արգելում են դրանք (օրինակ՝ Կալիֆոռնիան[8], Ինդիանան[9], Նյու Յորքը[10]), մինչդեռ այլ նահանգները թույլատրում են դրանց ձեռքբերումը։
Սյակեններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիրա-սյուրիկեն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիրա-սյուրիկենները պատրաստվում են բարակ մետաղական թիթեղներից, որոնք վարպետները ստանում են սովորական իրերից՝ մետաղադրամներից (հիսի-գան), ատաղձագործական գործիքներից (կուգի-նուկի) և այլն։ Իրենց ձևի պատճառով դրանք հաճախ անվանում են «նինջաների աստղեր»։ Հիրա-սյուրիկենների կենտրոնում հաճախ թողնում են անցք, ինչը թույլ է տալիս դրանք տեղափոխել պարանի վրա, ինչպես նաև հեշտացնում է դրանց դուրս բերումը փայտի մեջ խրվելու ժամանակ։ Գոյություն ունեն սյուրիկենների տարբեր տարատեսակներ, և հաճախ դրանք տարբերում են ծայրի սրվածքների քանակությամբ։ Բացի այդ, ինչպես բո-սյուրիկենների պարագայում, հիրա-սյուրիկենների տարբեր ձևերը ասոսացվում են դպրոցների հետ, որտեղ դրանք կիրառվում էին։
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձևավորված կարծիքին հակառակ (հոլիվուդյան ֆիլմեր, խաղեր, անիմե), սյուրիկենները չեն հանդիսացել նինջաների սպառազինության հիմնական մասը՝ դրանք լրացուցիչ զենք էին հանդիսանում[11]։ Հիմնականում սյուրիկենները օգտագործվում էին թշնամուն ապակողմնորոշելու համար, իսկ հիմնական նպատակը սամուրայի մարմնի մասերն են, որոնք պաշտպանված չեն զրահի կողմից՝ դեմքը, աչքերը, ձեռքերը և ոտքերը։
Սյուրիկենները կարող էին կրել գոտու ետևում, քանի որ հին Ճապոնիայում դրանք արգելված զենք չէին համարվում[1]։ Երբեմն դրանք կրում էին մազերի մեջ, որպես մազակալ[1]։
Սյուրիկենները կարող էին թաղել հողի մեջ, որպեսզի վնաս հասցնեն նրանց, ով կկանգնի նրանց վրա, կամ պահել ձեռքի մեջ՝ օգտագործելով դրանք մերձամարտում։ Երբեմն դրանց վրա թույն էին քսում և նետում կամ ուղղակի դնում երևացող վայրում, որպեսզի ինչ-որ մեկը վերցնի և թունավորվի։
Հնադարյան սյուրիկենները վատ են պահպանվել, քանի որ դրանք պատրաստվում էին անորակ մետաղից և շատ հաճախ օգտագործվում էին որպես միանգամյա օգտագործման զենք։
Արտացոլումը մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդունված է համարել, որ սյուրիկենները եղել են ճապոնական նինջաների զենքը։ Դրանք կարելի է հանդիպել բազմաթիվ հին և ժամանակակից գրքերում, կինոնկարներում և խաղերում։ Սյուրիկենները օգտագործել են կոմիքս-գրքերի հերոսները (օրինակ՝ Բեթմենը, Էլեկտրան, Նինջա - կրիաները, Միխոն), խաղերի կերպարները («No One Lives Forever 2: A Spy in H.A.R.M.’s Way», «Mortal Kombat: Deception», «Shadow Warriors», «Ninja Gaiden» «Tenchu», «Mini Ninjas»), անիմե («Նարուտո», «Soul Eater», «Մոնոնոքե հիմե») և կինոնկարներից («Նինձյան Բևեռլի-Հիլզից», «Երեք նինջաները»)։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Sogubudo». Введение в сюрикэн-дзюцу и краткая история искусства. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 29-ին.
- ↑ «Чертовы Кулички: информационно-развлекательный портал». Сюрикэн-дзютсу. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 29-ին.
- ↑ Malmstrom, Bud (1984). «How To Make a Throwing Star». Black Belt. Active Interest Media. 22 (10): 61–64.
- ↑ «Федеральный закон« "Об оружии" от 13.12.1996 N 150-ФЗ»». Консультант-плюс. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 29-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 Mol, Serge (2003). Classical weaponry of Japan: special weapons and tactics of the martial arts. Tokyo: Kodansha International. էջեր 159–160. ISBN 978-4-7700-2941-6.
- ↑ Regulations Prescribing Certain Firearms and other Weapons, Components and Parts of Weapons, Accessories, Cartridge Magazines, Ammunition and Projectiles as Prohibited or Restricted, SOR/98-462
- ↑ Cite legislation UK | type = si | year = 1988 | number = 2019 | si = Criminal Justice Act 1988 (Offensive Weapons) Order 1988}}
- ↑ «California Penal Code Section 12020». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ «Chapter 5. Prohibited Instruments of Violence IC 35-47-5-12» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ New York Penal Law § 265.01 - Criminal Possession of a Weapon in the Fourth Degree, see http://law.onecle.com/new-york/penal/PEN0265.01_265.01.html
- ↑ Ratti, Oscar; Adele Westbrook (1991). Secrets of the samurai: a survey of the martial arts of feudal Japan. Tokyo: Tuttle martial arts. էջ 328. ISBN 978-0-8048-1684-7.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Nawa, Yumio (1962) Kakushi Buki Soran (An Overview of Hidden Weapons)
- Seiko Fujita (June 1964) Zukai Shurikenjutsu / 図 解 手 裏 剣 術 (An Overview of Shuriken-jutsu)
- Finn, Michael (1983) Art of Shuriken Jutsu
- Hammond, Billy (1985) Shuriken jutsu: The Japanese Art of Projectile Throwing A.E.L.S
- Shirakami, Eizo (1985) Shurikendo: My Study of the Way of Shuriken
- Iwai, Kohaku (1999) Hibuki no Subete ga Wakaru Hon (Hidden Weapons) BAB, Japan
- Kono, Yoshinori (1996) Toru Shirai: Founder of Tenshin Shirai Ryu in Aikido Journal #108
- Saito, Satoshi in Skoss, Diane ed. (1999) Sword & Spirit: Classical Warrior Traditions of Japan Vol. 2 Koryu Books