Սինո-ճապոներեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Սինո-ճապոներեն բառապաշար կամ կանգո (ճապ.՝ 漢語 - Հան բառեր), վերաբերում է ճապոներենի բառապաշարի այն հատվածին, որը ձևավորվել է չինարենում կամ որում առկա են չինարեն տարրեր։ Քերականական և շարահյուսական որոշ կառույցներ նույնպես կարող են համարվել սինո-ճապոներեն։

Կանգոն սինո-ճապոներենի ճապոներեն անվանումն է և նշանակում է «չինարեն բառեր»[1]։ Կանգոն ճապոներենի ընդհանուր բառապաշարի երեք հիմնական բաժիններից մեկն է։ Մյուս երկու բաժիններն են մայրենի ճապոներենի բառապաշարը և այլ լեզուներից փոխառությունները։ Հաշվարկվել է, որ ճապոներենի բառապաշարի մոտ 60%-ը կանգո բառապաշարն է, սակայն առօրյա խոսքում այն կազմում է բառերի մոտ 18%-ը [2]։

Կանգոն, որը ճապոներենում չինարեն ծագում ունեցող բառերի գործածումն է, չպետք է շփոթել կանբունի հետ, որը իսկական չինարեն բառեր գրելն է ճապոնացիների կողմից։ Եվ՛ կանգոն և՛ կանբունը ունեն սինո-քսենիկ լեզվաբանական և հնչյունաբանական տարրեր, որոնք կարելի է գտնել կորեերենում և վիետնամերենում, այսինքն՝ դրանք օտար (սինո) տարրեր են։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինաստանի մեծ տարածքի և զարգացած մշակույթի շնորհիվ չինարենը պատմության ընթացքում մեծ ազդեցություն է ունեցել ճապոներենի, կորեերենի, վիետնամերենի և արևելաասիական այլ լեզուների վրա այնպես, ինչպես հունարենը և լատիներենն են ազդել Եվրոպայի պատմության վրա։ Օրինակ՝ միջին չինարենում վառոդ բառի համարժեքը հուոյաո (火藥) է, իսկ կորեերենում դրա համարժեքը հուայակն է, ճապոներենում՝ կայակու։ Երբ տեղի են ունեցել չինարենի և ճապոներենի միջև առաջին բախումները, ճապոներենում դեռևս չկային գրային համակարգ, այնինչ չինարենն ուներ գրավոր լեզու և ակադեմիական շատ տեղեկատվություն, որն էլ իր հերթին առաջ էր բերում նոր բառեր և տերմիններ ստեղծելու անհրաժեշտությունը[3]։ Չինարենն այսպիսով դարձել էր գիտության, կրթության և կրոնի լեզուն։ Ճապոներենում գործածված ամենահին գրային համակարգը գրական չինարենն էր, որը կոչվում էր կանբուն։ Կանբուն գրային համակարգը պարտադրում էր, որ յուրաքանչյուր գրագետ ճապոնացի վարժ տիրապետի գրավոր չինարենին, սակայն շատ քիչ ճապոնացիներ էին վարժ խոսում չինարեն։

Չինարենից վերցված բառերի արտասանությունը նմանեցվում էի չինարենի արտասանությանը։ Սինո-ճապոներեն բառապաշարը դեռևս ճապոներենում շատ կարևոր մաս է, ինչպես օրինակ լատիներեն կամ հունարեն ծագման բառերը անգլերենում։

Չինարենից փոխառությունները նաև ազդել են ճապոներենի հնչյունաբանության վրա՝ առաջ բերելով լեզվի այնպիսի զարգացումներ, ինչպիսիք են փակ վանկերը և ձայնավորների և բաղաձայնների երկար արտասանությունը։

Քերականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինո-ճապոներեն բառերը հիմնականում գոյականներ են, որոնցից շատերը բայական կամ ածականական գոյականներ են, որն էլ նշանակում է, որ դրանք կարող են նախադասության մեջ հանդես գալ որպես բայեր կամ ածականներ։ Բայական գոյականները կարող են գործածվել որպես բայեր սուրու (する, "անել") մասնիկը կցելու դեպքում։

Ճապոներենում բայերն ու ածականները փակ դաս են, և չնայած չինարենից արված բազմաթիվ փոխառություններին՝ փաստորեն դրանցից ոչ մեկը չի դասվում խոնարհվող բայերի կամ ածականների շարքին, այլ դասվում են այլաբանորեն խոնարհվածների շարքին։

Բացի գոյական + սուրու բանաձևից բայական գոյականները, որոնց արմատը արտահայտված է մեկ հիերոգլիֆով, ենթարկվում են հնչյունային փոփոխությունների, ինչպես օրինակ սուրու(〜する) - զուրու(〜ずる) :

Սինո-ճապոներեն և սինո-ճապոնական արտասանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանգո տերմինը հաճախ կիրառվում է օնյոմի (音読み) տերմինի հետ, որը նշանակում է հնչյունների ընթերցում։ Այն մի համակարգ է, որը թույլ է տալիս չինարենից փոխառած բառերը կարդալ չինարենին հնարավորինս նման։ Օնյոմին նաև հայտնի է ինչպես սինո-ճապոնական արտասանություն և տարբերվում է կունյոմիից (訓読み), «կարդալ ըստ նշանակության»), որի դեպքում չինարեն հիերոգլիֆները կարդացվում են մայրենի ճապոներենի բառերի արտասանությամբ։

Այդուհանդերձ, կան դեպքեր, երբ օնյոմիի և կունյոմիի միջև տարբերությունը կապված չէ ստուգաբանական ծագման հետ։ Ճապոնիայում ստեղծված չինական հիերոգլիֆները, որոնք կոչվում են կոկուջի (国字), սովորաբար ունեն միայն կունյոմի (訓読み), բայց կան կոկուջիներ, որոնք ունեն օնյոմի (音読み):

Ճապոնիայում ստեղծված բառեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած որ չինարենից վերցվել է մեծ չափով սինո-ճապոներեն բառապաշար, շատ բառեր ստեղծել են հենց ճապոնացիները՝ օգտագործելով սինո-ճապոնական ձևեր։ Սրանք հայտնի են որպես վասեի կանգո (和製漢語), որը թարգմանաբար նշանակում է «ճապոնացիների ստեղծած կանգո»։ Այն չպետք է շփոթել վասեի էիգոյի հետ (和製英語), որը նշանակում է «ճապոնացիների ստեղծած անգլերեն» [4]։

Շատ վասեի կանգոներ վերաբերում են գաղափարների, որոնք կան միայն ճապոներենում, ինչպես օրինակ դայմիո (大名), վակա (和歌), գեիշա(芸者) և այլն։

Բառերի մեկ այլ խումբ ստեղծվել է ճապոներեն բառակապակցություններից, ինչպես օրինակ՝ հենջի (返事), որը նշանակում է «պատասխան» և գալիս է ճապոներենի կաերիգոտո 返り事 բառակապակցությունից, որը նշանակում է «պատասխանել»։

Չինարենում հիերոգլիֆների միևնույն համադրությունը կարող է ունենալ տարբեր իմաստներ, կամ էլ ընդհանրապես իմաստ չունենալ։ Օրինակ՝ գոհան (ご飯 կամ 御飯, որը նշանակում է «եփած բրինձ») արտահայտությունը կեղծ կանգո է և գոյությություն չունի չինարենում։

Հնչյունաբանական նմանություններ ժամանակակից չինարենի և օնյոմիի միջև[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին հայացքից շատ սինո-ճապոներեն բառերի արտասանությունը նման չէ ժամանակակից չինարենի արտասանությանը։ Առաջին հերթին՝ չինարենից փոխառությունները իրականացվել են երեք հիմնական փուլերով․ դրանք են՝ գո-օն (呉音), կան-օն(漢音) և տո-օն (唐音): Այս փուլերը տեղի են ունեցել դարերի ընթացքում, չինարենի հնչյունաբանական պատմության տարբեր շրջաններում, և այսպիսով չինարեն արտասանությունը տարբերվում է ճապոներեն արտասանությունից։ Բացի այդ, ժամանակակից չինարենի և ճապոներենի միջև արտասանական տարբերությունների համար կա երկու հիմնական պատճառ.

  1. Սինո-ճապոներեն շատ բառեր փոխառվել են մ.թ. 5-9-րդ դարերում, վաղ միջին չինարենից հին ճապոներեն։ Այդ ժամանակից ի վեր երկու լեզուներն էլ նշանակալի փոփոխություններ են կրել։ Սա է պատճառը, որ արտասանությունը ժամանակի ընթացքում ավելի և ավելի է փոխվել։
  2. Միջին չինարենի վանկային կառուցվածքը ավելի բարդ էր քան հին ճապոներենինը, և առկա էին տարբերություններ այդ լեզուների ձայնավորների և բաղաձայնների միջև։ Այդ պատճառով փոխառված բառի արտասանությունը ուղղակի նմանեցվում էր չինարենին։

Այդուհանդերձ արտասանական նմանությունները բավականին հաճախ հանդիպող երևույթ են։ Արդյունքում, սինո-ճապոներենը կարելի է համարել չինարենի վաղ շրջանի փոփոխված նմանակ, և այն լեզվաբանների համար լավ հիմք կարող է լինել չինարենի զարգացումն ուսումնասիրելու համար։

Ստորև ներկայացված են ժամանակակից չինարենի և սինո-ճապոներենի օնյոմիի (արտասանության) միջև նմանությունները.

  1. Մանդարին չինարենում արևմուտքի հետ շփման արդյունքում հնչյունների փոփոխություն է տեղի ունեցել, որը կոչվում է քմայնացում։ Արդյունքում օրինակ՝ Peking (北京՝ կարդացվում է Պեկինգ)-ը դարձել է Běijīng (կարդացվում է ՝ Բեիձինգ)։ Սինո-ճապոներենում այս փոփոխությունները տեղի չեն ունեցել։ Այսպիսով, մանդարինի ցի (qì- 氣,օդ, շունչ, հոգի) բառը համապատասխանում է ճապոներենի կի բառին։
  2. Հին ճապոներենում չկար նգ կամ [ŋ] վանկի վերջավորությունը, որը բնորոշ է չինարենին։ Այս հնչյունը փոխառվելիս դառնում էր /i/ կամ /u/: /au/ և /eu/ հնչյունային համադրումները ճապոներենում հետագայում համապատասխանաբար դարձել են "ō" և "yō": Այսպիսով Տոկիո բառի չինարեն արտասանությունն է Dōngjīng (կարդացվում է՝ Դոնգձինգ):
  1. Ինչ վերաբերում է 京 հիերոգլիֆին, այն կարող է ունենալ տարբեր արտասանություն, օրինակ՝ կյո, կեի կամ կին։ Սա կապված է փոխառման տարբեր փուլերի հետ, որոնք տեղի են ունեցել տարբեր ժամանակաշրջաններում և տարբեր բարբառներից։ Սա նաև պայմանավորված է նրանով, որ ճապոնացիները խոսել են ճապոներենի տարբեր բարբառներով։
  2. Չինարենի ձայնավորները շատ հաճախ համապատասխանում են սինո-ճապոներենի ձայնավորներին։
  3. Մանդարին չինարենում ժամանակի ընթացքում կորել է խուլ և ձայնեղ բաղաձայնների միջև տարբերությունը։ Այստեղ բացառություն են չինարենի Վու բարբառները, օրինակ՝ Շանհայի բարբառը։ Շանհայի բարբառի ձայնեղ բաղաձայնները համընկնում են ճապոներենի գո-օն արտասանության հետ։ Օրինակ՝ 葡萄 (խաղող) բառը Շանհայի բարբառով կարդացվում է ինչպես բուդո (budo), և այն նույն կերպ է արտասանվում ճապոներենում։ Սակայն մանդարինում այն կարդացվում է փութաո (pútáo):
  1. Ժամանակակից մանդարինում բոլոր վանկերն ավարտվում են կամ ձայնավորով կամ էլ փոքր թվով բաղաձայններով, որոնցից են «n», «ng»կամ էլ «r» բաղաձայնները։ Միջին չինարենում սակայն վանկերը կարող էին ավարտվել օրինակ [p], [t], [k] և [m] բաղաձայններով, և սա պահպանվել է սինո-ճապոներենում։ Սակայն քանի որ սինո-ճապոներենում ևս թույլատրելի չէ վանկն այս բաղաձայններով ավարտել, վանկի վերջից կցվում է հավելյալ ձայնավոր։
  2. Մանդարինի «f» բաղաձայնը ճապոներենում համապատասխանում է «h» և «b» բաղաձայններին։ Վաղ միջին չինարենում չկար «f» Բաղաձայնը, սակայն կային /pj/ և /bj/ համադրությունները, որոնք պահպանվել են ճապոներենում։
  1. Հին ճապոներենի /p/ հնչյունը փոխարինվել է /h/-ով։ Երբ միջին չինարենի որևէ բառ ավարտվում էր /p/-ով, դա դժվարություն էր առաջացնում ճապոներենում։ Օրինակ՝ միջին չինարենի /dʑip/ (տասը) բառը փոխառվել է և հին ճապոներենում դարձել է /zipu/: Ժամանակի ընթացքում այն ենթարկվել է փոփոխությունների՝ /zipu/ > /zihu/ > /ziu/ > /zyū/ >/jū/:
  1. Ավելի բարդ է հին ատամնաշրթնային ռնգային հնչյունը։ 武 հիերոգլիֆը ուշ միջին չինարենում արտասանվում էր «մվու»։ Ճապոներենում այս արտասանությունը նմանակվել է՝ դառնալով «մու» կամ «բու»։
  1. Ժամանակակից չինարենի «r» սկզբնատառը ճապոներենում սովորաբար համապատասխանում է «ny» կամ «ni»- ին։ Փոխառման ժամանակ չինարենի այնպիսի բառեր, ինչպիսիք են 人(ren՝ մարդ) և 日(ri՝ օր), որոնք ժամանակակից չինարենում սկսվում են «r» սկզբնատառով, սկսվում էին [ɲ] քմային-ռնգային բաղաձայնով։ Այսպիսով չինարենի Rìběn (日本, Ճապոնիա) բառը համապատասխանում է ճապոներենի Nippon( Նիպպոն) բառին։
  1. Միջին չինարենում 五 (wu` հինգ ) հիերոգլիֆը և դրան նման այլ հիերոգլիֆներ արտասանվում էին կոկորդային-ռնգային բաղաձայն [ŋ]- ով։ Ժամանակակից մանդարինում այս օրենքը չի գործում, սակայն ան պահպանվել է չինարենի այլ բարբառներում։ Ճապոներենում արտասանությունը նման է միջին չինարենի [ŋ]-ին այն տարբերությամբ, որ ճապոներենում այն արտասանվում է «g» կամ «go»:
  1. Մանդարինի «hu» հնչյունը գոյություն չունի ճապոներենում և սովորաբար բաց է թողնվում, մինչդեռ մանդարինի «l» հնչյունը ճապոներենում դառնում է «r»:
  2. Մանդարինի «h» հնչյունը, որը գալիս է միջին չինարենի [x] կամ [ɣ] հնչյունից, ճապոներենում սովորաբար համապատասխանում է «k»-ին կամ «g»-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Shibatani, Masayoshi. The Languages of Japan (Section 7.2 "Loan words", p.142), Cambridge University Press, 1990. ISBN 0-521-36918-5
  2. Կաղապար:Nihongo2Kokuritsu Kokugo Kenkyuujo, "Terebi Hoosoo no Goi Choosa 1" (1995, Shuuei Publishing)
  3. Baxter-Sagart Old Chinese reconstruction, version 1.0 Archived 2011-08-14 at the Wayback Machine., also available at Wiktionary; see also Baxter's transcription for Middle Chinese
  4. Chung Karen S. (2001)։ «Chapter 7: Some Returned Loans: Japanese Loanwords in Taiwan Mandarin»։ in McAuley T. E։ Language change in East Asia։ Richmond, Surrey: Curzon։ էջեր 161–163։ ISBN 0700713778