Սիբարիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիբարիս
հին հունարեն՝ Σύβᾰρις
Սիբարիս
ԵրկիրԻտալիա Իտալիա
Հիմնադրված էմ. թ. ա. 720 թ.
Հեռախոսային կոդ0981
Փոստային դասիչ87011[1]
Պաշտոնական կայքarcheocalabria.beniculturali.it/archeovirtualtour/calabriaweb/sibari1.htm
Սիբարիս (Իտալիա)##
Սիբարիս (Իտալիա)

Սիբարիս կամ Սիբարիդա (հին հունարեն՝ Σύβᾰρις), հին հունական հայտնի քաղաք Լուկանիայում, որը հիմնադրել են աքայացիներն ու տրիզինները մ.թ.ա. շուրջ 720 թվականին։ Ըստ լեգենդի` այն հիմնել են Աքայայից եկածները` ծագումով Էլիկայից։ Սիբարիսի մասին հավաստի տեղեկությունները շատ քիչ են, իսկ անտիկ պատմաբաններն իրենց գրություններում հաճախ անճշտություններ են գործում կամ նույնիսկ բացահայտորեն երևակայում։

Սիբարիսի մետաղադրամը (Նոմոս), որը պայմանականորեն թվագրվում է մ. թ. ա. 550-510 թվականներով

Անտոնին Լիբերալը վերապատմում է Նիկանդրի պոեմը, ըստ որի Էվրիբաթը` Եփեմի որդին` Ակսիա ցեղից, փրկում է Ալկիոնեային` Դիոմի և Մեգանիրայի որդուն, որին դելֆիականները Քիրֆի լեռան քարանձավ էին տանում, որպեսզի այնտեղ որպես քավող զոհաբերություն թողեն այն հրեշին, որը կոչվում էր Լամիա կամ Սիբարիդ։ Էվրիբաթը բռնում է Սիբարիդին և գցում ժայռից։ Այն վայրում, որտեղ Սիբարիդը հարվածում է ժայռին, առաջանում է Սիբարիդ անունով աղբյուրը։ Նրա անունով լոկրիդացիները կոչում են իրենց հիմնադրած Սիբարիս քաղաքը[2]։

Քաղաքը գտնվում էր Բրուտտիայի սահմանից ոչ հեռու, երկու գետերի` Սիբարիսի (այժմ` Կոսչիլե) և Քրատիսի (Κρᾶθις, այժմ` Կրատի) միջև, և թեև նա չուներ իր սեփական նավահանգիստը, բայց շնորհիվ իբր զարգացած առևտրի` հունական հեղինակների մոտ նկարագրվում է որպես շատ հզոր և հարուստ։ Ծաղկման շրջանում նրան ենթարկվում էր 25 այլ քաղաք (Ստրաբոնի տեղեկություններով), այնպես որ սիբարիտները կարող էին կրոտոնիատների դեմ մինչև 300 հազար զորք ուղարկել։ Այս ցուցանիշը բերվում է Դիոդորի գրվածքներում և, ամենայն հավանականությամբ, խիստ ուռճացված է, գոնե այն պատճառով, որ մեկ այլ վայրում նրա այդ թիվը վերագրվում է Սիբարիսի ողջ բնակչությանը։ Համարվում է, որ հարստությունը Սիբարիսի բնակիչներին սովորեցրել էր փափկասուն կենսակերպի, այնպես որ «սիբարիտ» բառը մտել է առակների մեջ և դարձել շքեղ կենցաղով ապրող մարդու խորհրդանիշ[3]։

Մ.թ.ա. 510 թվականին Տիրան Տելիոսի օրոք սիբարիտները պատերազմ սկսեցին Կրոտոնեի դեմ, սակայն պարտվեցին, և նրանց քաղաքը հիմնավեր ավերվեց, ընդ որում, ըստ լեգենդի` կրոտոնիատները փոխեցին Կրատիս գետի հունը ավերված քաղաքի սահմանագծում։ Ք.ա. 443 թվականին Աթենքի նախաձեռնությամբ Սիբարիսի մնացած բնակիչները Ատտիկայի տեղահանվածների հետ միասին նրա ավերակների մոտ կառուցում են նոր` Ֆուրի քաղաքը։ Ենթադրվում է, որ այն իր անունը ստացել է մոտակա Ֆուրիա կամ Ֆուրի աղբյուրի անունից, ինչը նշանակում է «բուռն» (հոսք)։ Դիոդորոս Սիկիլիացու համաձայն` քաղաքը հիմնել են գուշակ Լամպոնը, որը Պերիկլեսի մերձավոր շրջապատից էր, և Քսենոքրիտը (Ξενόκριτος)[4]: Նոր քաղաքի հիմնադրմանը մասնակցել են պատմաբան Հերոդոտոսը, սոֆիստ Պրոտագորասը և Միլեթից Հիպոդամոսը։ Որոշ ժամանակ Ֆուրիում ապրում էին Եվտիդեմ և Դիոնիսիդոր եղբայրները` ռազմական արվեստի և էրիստիկայի հայտնի դասախոսները։ Նորաստեղծ քաղաքը շուտով հասնում է զգալի հզորության, հատկապես Խարոնդի կառավարման ժողովրդավարական ձևից հետո, թեև նոր քաղաքի բնիկները այլևս սիբարիտները չէին, որոնք Ֆուրիայի հիմնադրումից անմիջապես հետո արտաքսվում են։ Մ.թ.ա. 284 թվականին սամնիտական պատերազմի ժամանակ քաղաքը զբաղված էր հռոմեական կայազորով, սակայն Երկրորդ Պունիկյան պատերազմի ժամանակ անցավ Հաննիբալի կողմը։ Հաննիբալն ի սկզբանե որոշում է ուժեղացնել Սիբարիսը` այստեղ տեղափոխելով Ատելլա[en] քաղաքի բնակիչներին, բայց հետո մ.թ.ա. 204 թվականին կողոպուտի է ենթարկում իր զորքին և 3500 բնակչի տեղափոխում Կրոտոն։ Երկրորդ Պունիկյան պատերազմի ավարտից հետո այստեղ ստեղծվում է հռոմեական գաղութ Կոպին (լատին․՝ Copiae):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. dati.beniculturali.it — 2014.
  2. Антонин Либерал. Метаморфозы. VIII. Ламия или Сибарида
  3. Обнорский Н. П. (1890–1907). «Сибарис». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. Диодор Сицилийский. Историческая библиотека. XII, 10

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիբարիս» հոդվածին։