Սթիգ Լարսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

շվեդ.՝ Stieg Larsson
Ծնվել էօգոստոսի 15, 1954(1954-08-15)[1][2][3][…]
ԾննդավայրSkelleftehamn, Շելեֆտեո, Վեստերբոտեն, Շվեդիա
Մահացել էնոյեմբերի 9, 2004(2004-11-09)[1][2][3][…] (50 տարեկան)
Մահվան վայրՍտոկհոլմ, Շվեդիա[4]
ԳերեզմանHögalids columbarium
Քաղաքացիություն Շվեդիա
Մայրենի լեզուշվեդերեն
Կրոնաթեիզմ
ԵրկերՄիլենիում
Մասնագիտությունլրագրող, գրող, խմբագիր և սցենարիստ
Պարգևներ և
մրցանակներ
Կայքstieglarsson.se
 Stieg Larsson Վիքիպահեստում

Սթիգ Լարսոն (շվեդ.՝ Karl Stig-Erland Larsson; օգոստոսի 15, 1954(1954-08-15)[1][2][3][…], Skelleftehamn, Շելեֆտեո, Վեստերբոտեն, Շվեդիա - նոյեմբերի 9, 2004(2004-11-09)[1][2][3][…], Ստոկհոլմ, Շվեդիա[4]), շվեդ ձախակողմյան հասարակական գործիչ, գրող և լրագրող, դետեկտիվ լրագրող Միքայել Բլումքվիստեի և հաքեր Լիսբեթ Սալանդերի մասին «Միլենիում» եռագրության հեղինակ։ Հայտնի է նաև աջակողմյան ծայրահեղականության և ռասիզմի մասին իր հետազոտական աշխատանքներով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթիգ Լարսոնի հայրը տեղական «Վեստերբոտենս-Կուրիրեն» օրաթերթի նկարիչն է եղել։ Սթիգի ծնվելու ժամանակ նրա ծնողները 19 տարեկան են եղել։ Իր կյանքի առաջին ինը տարիները տղան ապրել է հորական կողմի տատիկի հետ։ Այնուհետև նա տեղափոխվել է ծնողների մոտ, որոնք այդ ժամանակ ևս մեկ որդի են ունեցել։ Սթիգ Լարսոնի պապիկը՝ մոր հայրը, հակաֆաշիստ է եղել։ 1940 թվականին նրան ուղարկել են «Ստուրշյոն» գիշերօթիկ ճամբար, որը Շվեդիայի հյուսիսում (Լեն Նորբոթեն) է եղել։ Պատերազմից հետո այդ ճամբարը վերանվանվել է «աշխատանքային ճամբար»։

16 տարեկանում Սթիգ Լարսոնը հեռացել է տնից։ 18 տարեկանում՝ Հարավային Վիետնամի ազատագրման ժամանակ ազգային ճակատին օգնելու առաքելությամբ ստեղծված շվեդական կազմակերպության կողմից կազմակերպված հանդիպման ժամանակ, նա ծանոթացել է ճարտարապետ Եվա Գաբրիելսոնի հետ, որը այնուհետև դարձել է նրա կյանքի ընկերը։

Սթիգ Լարսոնը Շվեդիայի Սոցիալիստական կուսակցության քաղաքական ակտիվիստն է եղել (որը մինչև 1982 թվականը կրել է կոմունիստական աշխատավորական լիգա անունը)։ Աշխատել է խմբագիր՝ շվեդական «Չորրորդ ինտերնացիոնալ» ամսագրում, որը Շվեդիայում ներկայացնում էր Չորրորդ Ինտերնացիոնալի բաժինը։ Նա նաև պարբերաբար գրել է «Ինտերնացիոնալ» օրաթերթի համար։ 1987 թվականին դուրս է եկել կուսակցությունից, քանզի չի ցանկացել պաշտպանել կասկածելի Ժողովրդավարական բովանդակության սոցիալիստական ռեժիմները։

Եղել է գիտական ֆանտաստիկայի սիրահարների շվեդական ակումբի (շվեդ.՝ Skandinavisk Förening för Science Fiction) նախագահ։

1977 թվականին մասնակցել է Էրիթրեայի ազատագրման ժողովրդական ճակատի կանանց պարտիզանական ջոկատների պատրաստմանը. նրանց սովորեցրել է նռնականետի կիրառման գաղտնիքները[7]։ Բայց շուտով ստիպված է եղել թողնել այս գործունեությունը՝ երիկամների հիվանդության պատճառով։ Շվեդիա վերադառնալուց հետո շվեդական «Tidningarnas Telegrambyrå» խոշորագույն լրատվական գործակալությունում աշխատել է գրաֆիկական դիզայներ (1977-1999 թվականներ)։

1981 թվականին Եվա Գաբրիելսոնի հետ ժամանել է ազատագրված Գրենադա, որտեղ նրանք ուսումնասիրել են հեղափոխության զարգացումը, գյուղատնտեսական կոոպերատիվների, կանանց կազմակերպությունների փորձը և հանդիպել հեղափոխական կառավարության տարբեր գործիչների, այդ թվում՝ Մորիս Բիշոփի հետ։ Հայրենիք վերադառնալիս մասնակցել են շվեդա-գրենադական համերաշխության կազմակերպության ստեղծմանը[8]։

1982 թվականից Սթիգ Լարսոնը եղել է բրիտանական հակաֆաշիստական «Searchlight» թերթի սկանդինավյան ներկայացուցիչը, հիմնել է շվեդական «Էքսպո» (Expo) կազմակերպությունը, որը ստեղծվել է երիտասարդության շրջանում ծայրահեղ աջակողմյան, ռասիստական և նացիստական հայացքների տարածմանը հակազդելու համար. հրատարակել է համանուն ամսագիրը։

Նա գրել է «Աջակողմյան ծայրահեղականությունը» գիրքը, ինչպես նաև կարդացել է դասախոսություններ և մասնակցել հրապարակային բանավեճերի՝ Շվեդիայում աջակողմյան ծայրահեղական կազմակերպությունների մասին։ Միքայել Էքմանի հետ համահեղինակել է «Շվեդական դեմոկրատներ. ազգային շարժում» (Sverigedemokraterna: den nationella rörelsen) և «Շվեդական դեմոկրատներ. հայացք ներսից» (Sverigedemokraterna från insidan) հետազոտությունները։

Սթիգ Լարսոնը պայմանագիր է կնքել՝ Միքայել Բլումկվիստի մասին իր երեք վեպերի հրատարակման համար, սակայն չի հասցրել դրանք տպագրել իր կյանքի օրոք։ 2004 թվականի նոյեմբերի 9-ին հիսունամյա Լարսոնը ինֆարկտից մահացել է՝ չաշխատող վերելակի պատճառով ոտքով իր գրասենյակի 7-րդ հարկ բարձրանալիս։ Նրա մահից հետո մամուլում լուրեր են տարածվել, որ գրողի մահը կարող է պատահական եղած չլինել, քանի որ կենդանության օրոք նա բազմաթիվ սպառնալիքներ է ստացել նեոնացիստներից[9]։ Նրա հրատարակիչ Եվա Գեդինը հերքել է այդ սին լուրերը։ Հրատարակիչները և ընկերները խոստովանել են, որ Լարսոնը ծայրահեղ և անկուշտ ծխող է եղել (օրական ավելի քան 60 ծխախոտ է օգտագործել)։

Ներկայումս նրա վեպերը բացառիկ ժողովրդականություն են վայելում։ Դրանք թարգմանվել են տասնյակ լեզուներով և հրատարակվել ավելի քան 65 միլիոն տպաքանակով[10]։

2008 թվականի մայիսին հրապարակվել է 1977 թվականի Լարսոնի կտակի բովանդակությունը, որում նա իր խնայողությունները կտակել է Կոմունիստական աշխատավորական լիգայի (Շվեդիայի ներկայիս Սոցիալիստական կուսակցության) բաժանմունքին։ Սակայն, քանի որ կտակը չի վավերացվել վկաների կողմից, շվեդական օրենքներով այն անվավեր է, և Լարսոնի ամբողջ ունեցվածքը, ներառյալ՝ գրքերի վաճառքից հետմահու ստացած գումարները, անցել են նրա հորն ու եղբորը։

2011 թվականի հունվարի 16-ին՝ գրողի կինը՝ Եվա Գաբրիելսոնը հայտնել է ամուսնու վերջին՝ չգրված վեպը գրելու իր մտադրության մասին[11], սակայն 2015 թվականի մարտին հայտարարվել է, որ Դավիդ Լագերկրանցն ավարտել է «Աղջիկը, որը խրվել է սարդոստայնում» վեպը, որն ամփոփել է հայտնի եռագրությունը։ Այն լույս է տեսել 2015 թվականի օգոստոսի 27-ին (ԱՄՆ-ում և Ռուսաստանում՝ 2015 թվականի սեպտեմբերին)

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1974 թվականից մինչև իր կյանքի վերջին օրերը Լարսոնն ապրել է գրող և հասարակական ակտիվիստ Եվա Գաբրիելսոնի հետ։ Վերջինիս խոսքերով՝ իրենց ամուսնությունը երբեք պաշտոնապես գրանցված չի եղել, քանի որ Լարսոնը մտավախություն է ունեցել, որ իր գործունեությունը կարող է վտանգի ենթարկվել օրինական հարաբերությունների ու ընդհանուր սեփականության պատճառով։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետազոտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ստիգ Լարսոն, Աննա-Լենա Լոդենիուս «Աջակողմյան ծայրահեղությունը». — Ստոկհոլմ, 1991. — 343 էջ
  • Ստիգ Լարսոն, Միքայել Էկման, «Շվեդ դեմոկրատներ. ազգային շարժում». — Ստոկհոլմ, 2001. — 364 էջ
  • Իդրիս Ահմեդի, Ստիգ Լարսոն, Սեսիլիա Էնգլունդ, «Վեճ պատվի մասին. ֆեմինիզմ կամ ռասիզմ». — Ստոկհոլմ, 2004. — 136 էջ
  • Ռիխարդ Սլատտ, Մարիա Բլումկվիստ, Ստիգ Լարսոն, Դեյվիդ Լագերլեֆ, «Շվեդ դեմոկրատներ. հայացք ներսից». — Ստոկհոլմ, 2004. — 144 էջ


Գեղարվեստական գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2005 — «Män som hatar kvinnor» (շվեդ.՝ «Կանանց ատող տղամարդիկ»),
2008 — «The Girl with the Dragon Tattoo» (անգլ. թարգմանաբար՝ «Վիշապի դաջվածքով աղջիկը»)
  • 2006 — «Flickan som lekte med elden» (շվեդ.՝ «Աղջիկը, որը խաղացել է կրակի հետ»),
2009 — «The Girl Who Played with Fire» (անգլ. թարգմանաբար՝ «Աղջիկը, որը խաղացել է կրակի հետ»),
  • 2007 — «Luftslottet som sprängdes» (շվեդ.՝ «Աղջիկը, որը տակնուվրա է արել կրետի բույնը»),
2009 — «The Girl Who Kicked the Hornets' Nest» (անգլ. թարգմանաբար՝ «Աղջիկը, որը պայթեցրել է օդային ամրոցները »),
  • «Det som inte dödar oss» (շվեդ.՝ «Աղջիկը, որը խրվել է սարդոստայնում») — հեղինակ՝ Դավիդ Լագերկրանց

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2009 — «Վիշապի դաջվածքով աղջիկը» / Män som hatar kvinnor — շվեդական էկրանավորում[12]
  • 2009 — «Աղջիկը, որը խաղացել է կրակի հետ» / Flickan som lekte med elden — շվեդական էկրանավորում[13]
  • 2009 — «Աղջիկը, որը պայթեցրել է օդային ամրոցները» / Luftslottet som sprängdes — շվեդական էկրանավորում[14]
  • 2010 — «Միլենիում» / Millenium — շվեդական էկրանավորում[15]
  • 2011 — «Վիշապի դաջվածքով աղջիկը» / The Girl with the Dragon Tattoo — հոլիվուդյան էկրանավորում[16]
  • 2018 — «Աղջիկը, որը խրվել է սարդոստայնում» / The Girl in the Spider’s Web — հոլիվուդյան էկրանավորում[17]

Կենսագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պետթերսոն Յան-Էրիկ, Ստիգ Լարսոն, «Այն մարդը, որը գնացել է շատ վաղ», Մ. Էքսմո, Դոմինո, 2011
  • Եվա Գաբրիելսոն, Մարի Ֆրանսուազ Կոլոմբանի։ Միլենիում, Ստիգ և ես։ Մ. Էքսմո, Դոմինո, 2011

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արժանացել է «Platinum Bestseller Nielsen Bestseller Awards» մրցանակին՝ «Վիշապի դաջվածքով աղջիկը» վեպի համար[18]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #131563955 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. http://new.deadlypleasures.com/barry-awards/
  6. http://www.bouchercon.com/anthony-awards/winners-and-nominees/2000s/
  7. Homa Khaleeli. Stieg Larsson 'spent year training Eritrean guerrillas'
  8. Oto Higuita. «Stieg Larsson: inclaudicable activista e insoslayable escritor».
  9. Barry Forshaw Crime writer taken too soon(անգլ.) // The Times. — Times Newspapers Ltd., 23 августа 2008.
  10. Inspector Norse: Why are Nordic detective novels so successful? // The Economist. — The Economist Newspaper Limited, 11 мая 2010.
  11. Кузьмичёв, Игорь (2011 թ․ հունվարի 16). «Гражданская жена Стига Ларссона допишет его последний роман». FashionTime.ru. Վերցված է 2011 թ․ հունվարի 16-ին.
  12. Män som hatar kvinnor (2009)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  13. Flickan som lekte med elden (2009)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  14. Luftslottet som sprängdes (2009)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  15. Millenium (2010)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  16. «Девушка с татуировкой дракона (2011) на сайте Internet Movie Database».
  17. «Девушка, которая запуталась в паутине (2018) на сайте Internet Movie Database».
  18. «21st Century Platinum Hall of Fame» (անգլերեն). Nielsen Awards. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթիգ Լարսոն» հոդվածին։