Հակաֆաշիստական շարժում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ուշադրություն․ հոդվածը կամ հոդվածի բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարան-ից և կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից

Հակաֆաշիստական շարժում, ֆաշիզմի դեմ ուղղված մասսայական դեմոկրատական շարժում։ Միավորում է աշխարհի միլիոնավոր մարդկանց (անկախ սոցիալական վիճակից, քաղաքական հայացքներից, կրոնական համոզմունքներից) մեկ ընդհանուր ձգտումով՝ պահպանել խաղաղությունը և դեմոկրատիան ընդդեմ ֆաշիզմի և պատերազմի հրձիգների։ Հակաֆաշիստական շարժման կազմակերպիչն ու ոգին է բանվոր դասակարգը և նրա ավանգարդը՝ կոմունիստական և բանվորական կուսակցությունները, իսկ հենարանն ու ղեկավար ուժը՝ Խորհրդային Միությունը։ Առաջացել է 20-րդ դարի 20-ական թվականներին, երբ բուրժուազիան հեղափոխական վերելքի հետևանքով վտանգի ենթարկված իր իշխանությունը պահպանելու համար ապավինեց ֆաշիզմին։ 1921 թվականին, ի պատասխան ֆաշիստների հարձակման, հակաֆաշիստական շարժում սկսվեց Իտալիայում, որտեղ 1922 թվականի հոկտեմբերին ֆաշիստական վարչակարգ հաստատվեց։ 1924 թվականին իտալական կոմունիստները ֆաշիզմի բոլոր հակառակորդներին կոչ արեցին միավորվել։ Հակաֆաշիստական շարժումը ծավալվեց Հունգարիայում, Բուլղարիայում (որտեղ հաստատվել էին տեռորիստական դիկտատորական վարչակարգեր)։ 1920 թվականին հակաֆաշիստական շարժում առաջացավ Գերմանիայում, որն ուղղված էր նացիոնալ-սոցիալիստական կուսակցության և ծայրահեղ աջ այլ տեռորիստական խմբավորումների դեմ։ 1926 թվականին շարժում սկսվեց Լեհաստանում, Պիլսուդսկու վարչակարգի դեմ։ 1921 թվականին Կոմինտերնի 3-րդ կոնգրեսը, Վլադիմիր Իլյիչ Լենինի ղեկավար մասնակցությամբ, միասնական բանվորական ճակատի տակտիկա մշակեց ընդդեմ ֆաշիզմի և նրա դեմ պայքարի եղանակների, որը կարևոր նշանակություն ունեցավ հակաֆաշիստական շարժման ծավալման համար։ Կոմինտերնը կոմկուսակցություններին կոչ արեց վարել ֆաշիզմի մեկուսացման և նրա դեմ ամենալայն խավերին համախմբելու քաղաքականություն։ Միասնական հակաֆաշիստական ճակատ ստեղծելու ուղիներ գտնելու նպատակով 1933 թվականին Փարիզում գումարվեց Եվրոպական հակաֆաշիստական բանվորական կոնգրես, որը որոշակի դեր խաղաց շարժման զարգացման գործում։ 1935 թվականին կայացավ գրողների հակաֆաշիստական կոնգրես՝ ի պաշտպանություն մշակույթի։

Խորհրդային Միության աշխատավորները ջերմորեն պաշտպանում էին ֆաշիզմի զոհերին, կազմակերպում համերաշխության միտինգներ, օգնության հանգանակություն, ապաստան տալիս հակաֆաշիստներին և այլն։ Հակաֆաշիստական շարժման հետագա զարգացման համար հույժ կարևոր նշանակություն ունեցավ Կոմինտերնի 7-րդ կոնգրեսը (1935), որը ֆաշիզմի դեմ պայքարը համարեց կոմկուսակցությունների գործունեության հիմնական խնդիրներից մեկը և մշակեց միասնական բանվորական և հակաֆաշիստական ազգային ճակատի տակտիկա։ Կոնգրեսում նշվեց նաև ԽՍՀՄ-ում սոցիալիզմի հաղթանակի նշանակությունը, որը բարձրացնում էր ԽՍՀՄ-ի միջազգային կշիռն ու դերը որպես ֆաշիզմի դեմ ու կոլեկտիվ անվտանգության համար աշխատավորների պայքարի պատվարի։

Հակաֆաշիստական շարժման պատմության վառ էջերից Է իսպանական ժողովրդի 1936-1939 թվականների ազգային-հեղափոխական պատերազմը։ Բազմաթիվ երկրների աշխատավորներ, ինտերնացիոնալ բրիգադների շարքերում, կռվեցին հանուն Իսպանական հանրապետության, մարտնչելով ֆաշիզմի դեմ։ Իսպանական հակաֆաշիստներին հատկպես մեծ և բազմակողմանի օգնություն ցույց տվեց խորհրդային երկիրը։

Երկրորդ համաշխարհային պատերազմով սկսվեց շարժման նոր փուլ։ Խորհրդային զինված ուժերի, ինչպես և դաշնակից զորքերի հարվածները գերմանական զավթիչներին, կարմիր բանակի հաղթանակները ոգևորեցին ամբողջ աշխարհի հակաֆաշիստներին։ Ամենուրեք ծայր առավ Դիմադրության շարժումը, որը մինչպատերազմյան հակաֆաշիստական շարժման ուղղակի շարունակությունն էր։ Օկուպացված երկրներում ծավալվեց զինված պայքար ընդդեմ օկուպանտների և նրանց հանցակիցների։ Եվրոպայի մի շարք երկրներում Դիմադրության շարժմանը մասնակցում էին ֆաշիստական համակենտրոնացման ճամբարներից փախած խորհրդային մարդիկ։ Հակաֆաշիստների շարքերում էին նաև Խորհրդային Հայաստանի և սփյուռքահայության ներկայացուցիչները։ Պատերազմական շրջանի հակաֆաշիստական շարժման չափերի մասին են վկայում զինված ապստամբությունները Սլովակիայում (1944), Վարշավայում (1944), Փարիզում (1944), Պրագայում (1945) և այլուր։

Հիտլերյան Գերմանիայի և նրա դաշնակիցների ջախջախումից հետո Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի երկրներում ոչնչացվեցին ֆաշիզմ ծնող ներքին ուժերը՝ մոնոպոլիստական կապիտալը, խոշոր հողատիրությունը, և հաստատվեցին ժողովրդա-դեմոկրատական կարգեր։ Սակայն արևմտյան երկրներում պահպանվեցին կապիտալիստական մոնոպոլիաները, երկար տարիներ ֆաշիստական վարչակարգը պահպանվեց Իսպանիայում, ազատության մեջ մնացին բազմաթիվ ռազմական հանցագործներ, որոնք աստիճանաբար վերսկսեցին իրենց գործունեությունը, քողարկվելով տարբեր ցուցանակներով, բայց չվախելով իրենց հիմնական նպատակները։ Նեոֆաշիստական կազմակերպություններ առաջացան Իտալիայում, Արևմտյան Գերմանիայում, Ավստրիայում և այլուր։ 1967 թվականին (մինչև 1974) ռազմա-ֆաշիստական դիկտատուրա հաստատվեց Հունաստանում, 1973 թվականին՝ Չիլիում, որտեղ սակայն աճող դիմադրություն են ցույց տալիս երկրի հայրենասերները։ Հակաֆաշիստական շարժման համար երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առավել բարենպաստ պայմաններ կան, քան մինչպատերազմյան շրջանում։ Այժմ, երբ սոցիալիզմի համաշխարհային սիստեմը վերածվում է հասարակական զարգացման վճռական գործոնի, դեմոկրատիայի կողմնակիցները շատ ավելի ուժեղ են։ Համաշխարհային ասպարեզում ուժերի հարաբերակցությունը շարունակվում է փոփոխվել հօգուտ սոցիալիզմի, բանվորական և ազգային-ազատագրական շարժման։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 64 CC-BY-SA-icon-80x15.png