Սերոբ Ղազարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սերոբ Ղազարյան | |
---|---|
Ծնվել է | 1910[1] Բաղեշ, Բիթլիսի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] |
Մահացել է | ապրիլի 11, 1962[1] Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | լեզվաբան |
Հաստատություն(ներ) | Խորհրդային դպրոց[1], Երևանի պետական համալսարան[1] և Լեզվի ինստիտուտ[1] |
Ալմա մատեր | Հայկական պետական մանկավարժական համալսարան (1939)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1] |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր[1] (1953) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն, գրաբար և միջին հայերեն |
Երեխա(ներ) | Ռուբեն Ղազարյան |
Սերոբ Ղազարի Ղազարյան (1910[1], Բաղեշ, Բիթլիսի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] - ապրիլի 11, 1962[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ լեզվաբան, հայերենագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1953)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարձրագույն կրթությունն ստացել է Երևանի մանկավարժական ինստիտուտում։ 1940 թվականից մինչև իր կյանքի վերջը դասավանդել է Երևանի պետական համալսարանում։ 1942 թվականին ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի, 1953 թվականին՝ դոկտորի գիտական աստիճան։
1937-1948 թվականներին եղել է «Սովետական դպրոց» թերթի խմբագիր։ 1944-1959 թվականներին աշխատել է նաև ՀԽՍՀ ԳԱ լեզվի ինստիտուտում նախ որպես գիտական քարտուղար, ապա՝ որպես հայոց լեզվի պատմության բաժնի վարիչ։
Սերոբ Ղազարյանն զբաղվել է հիմնականում հայոց լեզվի պատմության, գրաբարի ու միջին հայերենի, դրանց զարգացման, պատմականորեն կրած փոփոխությունների հարցերով. մասնավորապես քննել է ռուսերենի ունեցած ազդեցությունը հայերենի վրա։ Բեղմնավոր աշխատանք է կատարել տերմինաբանական կոմիտեում, կազմել է համապատասխան ուղեցույց (Ուղեցույց տերմինաբանական կոմիտեի որոշումների, Ե., 1945)։ Կազմել է նաև դպրոցական-ուսումնական ձեռնարկներ, գրել հայերենագիտության տարբեր հարցերի նվիրված բազմաթիվ հոդվածներ։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայ և ռուս ժողովուրդների լեզվական հնագույն հարակցությունները, Երևան, ՀՍՍՌ ԳԱ հրատ, 1949։
- Գրաբարի դասագիրք, Երևան, ԵՊՀ հրատ., 1951։
- Ժամանակակից հայոց լեզուն և ռուսերենի դերը նրա հարստացման ու զարգացման մեջ, Երևան, ԳԱԱ հրատ., 1955։
- Հայ բարբառագիտության դասընթաց, Ահարոն Գրիգորյան, Սերոբ Ղազարյան, Երևան, ԵՊՀ, 1957։
- Հայոց գրական լեզվի պատմություն, Սերոբ Ղազարյան, Գևորգ Ջահուկյան, Երևան։ Հայպետհրատ, 1961։
- Հայոց լեզվի համառոտ պատմություն, Սերոբ Ղազարյան, Գուրգեն Սևակ, Երևան, ԵՊՀ, 1954։
- Հայոց լեզվի համառոտ պատմություն, Սերոբ Ղազարյան, Ռուբեն Ղազարյան, 2-րդ հրատ.,,Երևան, Երևանի համալս. հրատ., 1981։
- Միջին հայերեն, Երևան, ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1960։
- Հայոց գրական լեզվի պատմություն, հ. 1, Ե., 1961։
- Շատախի բարբառը, Մարլենա Մուրադյան, Սերոբ Ղազարյան, Երևան, ԵՊՀ հրատ., 1962։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Է. Աղայան, Հայ լեզվաբանության պատմություն, հ. 2., Ե., 1962։
- Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Ե., 1987։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերոբ Ղազարյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 22)։ |