Տերմինաբանական կոմիտե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Տերմինաբանական կոմիտե, լեզվի տերմինաշինությունը նորմավորող, տերմինների կազմության, փոխառության ընթացքը կանոնավորող գիտական մարմին։ Ազգային լեզուների տերմինաշինության աշխատանքները գլխավորելու նպատակով ԽՍՀՄ միութենական և ինքնավար հանրապետություններում 1920-1930-ական թվականներին ստեղծվել են տերմինաբանական հանձնաժողովներ (խորհուրդներ, կոմիտեներ)։ Իր գործունեությամբ դրանցից ամենաբեղմնավորն ու ճանաչվածը 1933 թվականից առ այսօր ԽՍՀՄ ԳԱ կազմում գործող տեխնիկական տերմինաբանական կոմիտեն է։ ՀԽՍՀ-ում 1920-ական թվականներին տերմինաշինությունը ղեկավարվել է լուսժողկոմատի կողմից։ 1933 թվականին վերջինիս կազմում ստեղծվել է տերմինաբանական խորհուրդ, հետագայում՝ տերմինաբանական կոմիտե, որը 1955 թվականից գործում է ՀԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր։ Տերմինաբանական կոմիտեի կազմը (նախագահ, տեղակալ, գիտքարտուղար, անդամներ) հաստատում է Մինիստրների խորհուրդը։ Նրա կազմի մեջ մտնում են լեզվաբաններ, տարբեր գիտություններ ներկայացնող գիտնականներ։ Ըստ իր կանոնադրական իրավունքի՝ «Տերմինաբանական կոմիտեն հայոց լեզվի գործող նորմաներին և սկզբունքներին համապատասխան քննարկում և լուծում է հայերենի ուղղագրության, կետադրության, նոր տերմինների և ուղղախոսության վիճելի հարցերը, ընտրություն է կատարում մասնագիտական և տերմինաբանական բառարաններում և առհասարակ լեզվում գոյություն ունեցող զուգահեռ տերմինների ու բառերի միջև, քննարկում այդ առթիվ եղած անհատական ու կոլեկտիվ առաջարկները և ընդունում համապատասխան որոշում․․․» ։ Տերմինաբանական կոմիտեն կոորդինացնում, ամփոփում է մինիստրությունների և ԳԱ-ի կազմում գործող ճյուղային (մաթեմատիկական, լեզվաբանական, բժշկական, գիտատեխնիկական և այլն) տերմինաբանական հանձնաժողովների աշխատանքը։ Տերմինաբանական կոմիտեի որոշումները պարտադիր են ԽՍՀՄ-ում հայերեն գրող և հրատարակող բոլոր անձանց, հիմնարկների ու հաստատությունների համար։ Տերմինաբանական կոմիտեի որոշումները պարբերաբար հրատարակվում են մամուլում և առանձին ուղեցույց տեղեկատուներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 676 CC-BY-SA-icon-80x15.png