Ջորջ Մարտիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջորջ Մարտիկյան
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 7, 1903(1903-11-07)[1]
ԾննդավայրԲաբերդ, Օսմանյան կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 23, 1977(1977-10-23)[1] (73 տարեկան)
Մահվան վայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանԱրարատ Գերեզմանատուն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրոնՀայ Առաքելական Եկեղեցի
Մասնագիտությունռեստորատոր և շեֆ խոհարար
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Medal of Freedom
 George Mardikian Վիքիպահեստում

Ջորջ Մարտիկյան (անգլ.՝ George Mardikian, նոյեմբերի 7, 1903(1903-11-07)[1], Բաբերդ, Օսմանյան կայսրություն - հոկտեմբերի 23, 1977(1977-10-23)[1], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), Թուրքիայում ծնված ազգությամբ հայ ամերիկացի խոհարար, ռեստորատոր[2]։ 1938 թվականին նա Սան Ֆրանցիսկոյում բացել է «Օմար Խայամ» ռեստորանը, որը բաց է մնացել ավելի քան 40 տարի[3]։ Նա կարևոր դեր ունեցավ ԱՄՆ-ում հայկական խոհանոցի հանրահռչակման գործում․ եղել է 1948 թվականին ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից «Տեղահանված մարդկանց մասին» օրենքի հաստատումով` «Հայրենազուրկ հայերի օգնության ամերիկյան ազգային կոմիտեի» նախագահը[4]։ Մինչև 1952 թվականը իրականացրել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Գերմանիայում, Ավստրիայում, Իտալիայում հայտնված 4,5 հզ. ռազմագերի-տարագրյալ հայերի փոխադրումն ու բնակեցումը ԱՄՆ-ում[5] :

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտիկյանը ծնվել է 1903 թվականի նոյեմբերի 7-ին, Բաբերդ քաղաքում, այն ժամանակվա Օսմանյան կայսրությունում (այժմ՝ Թուրքիա), Մագար Մարտիկյանի և Հայկանուշ Ամիրյանի ընտանիքում։

Մարտիկյանը մեծացել է Կոստանդնուպոլիսի Սկյուտար թաղամասում։ Մարտիկյանի հայրական ընտանիքի անդամները եղել են մարտիկներ, այդտեղից էլ առաջացել է նրանց ազգանունը։ Նրա մայրական ընտանիքը՝ Ամիրյանները, ազդեցիկ ու հզոր ընտանիք են եղեկ Բաբերդում։ Մարտիկյանի մայրը եղել է հայ հեղափոխական գործիչ Գրիգոր Ամիրյանի քույրը։

Մարտիկյանի հայրը՝ Մագարը, մոտ 250 էթնիկ հայ մտավորականներից է եղել, որոնք ձերբակալվել էին 1915 թվականի ապրիլի 24-ին։ Նրա ձերբակալությունից հետո Ամիրյանները դուրս են եկել իրենց տներից և երթով շարժվել դեպի Երզնկա։

Մարտիկյանի մորական տատը՝ Վարդանուշ Ամիրյանը, ինքնասպան է եղել՝ ցած նետվելով Եփրատ գետը, մինչդեռ Ամիրյան ընտանիքի մնացած անդամները կա՛մ ծեծի ենթարկվել, կա՛մ ողջ-ողջ այրվել։

Մարտիկյանը ականատես է եղել մոր ընտանիքի կոտորածին և ցանկացել է վրեժխնդիր լինել նրանց մահվան համար և ապացուցել մորը, որ ինքը իսկական մարտիկ է։

1951 թվականին Նախագահ Թրումենը Մարտիիկյանին պարգեւատրել է Ազատության մեդալով

Մարտիկյանը փախել է տնից և միացել հայկական կամավորական ստորաբաժանումներին, որոնց բարձրաստիճան անդամ է եղել իր մորեղբայրը՝ Գրիգոր Ամիրյանը։ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո Մարտիկյանը վերադարձել մոր մոտ։

1920 թվականի ամռանը Մարտիկյանն աշխատել է «Մերձավոր Արևելքի օգնության» կազմակերպության կապիտան Էդի Ֆոքսի և Ջորջ Դ. Ուայթի հետ՝ ստեղծելու «Հայ տղա» սկաուտների միավորումը։ Դա տևեց շատ կարճ, քանի որ Թուրքիան և Ռուսաստանը համատեղ հարձակվեցին Հայաստանի Առաջին Հանրապետության վրա։ Մարտիկյանը կոչ արեց իր հայրենակից երիտասարդներին շարունակել պայքարը հանուն ազատության։ Երբ նա վերադարձել է մարտի դաշտ, նրան գերել են ու բանտարկել։

Երկու տարի բանտում անցկացնելուց հետո Մարտիկյանի համար միջնորդել է Ջորջ Դ. Ուայթը, ում հետ նա հանդիպել է մի քանի տարի առաջ։ Վերջինս թուրք բանտապետին ասել է, որ Մարտիկյանը ԱՄՆ քաղաքացի է և պահանջել է ազատել նրան։

Ազատ արձակվելուց հետո Մարտիկյանը մեկնել է Սկյուտար թաղամաս՝ մոր և իր ողջ մնացած ընտանիքի անդամների մոտ, որոնք խորհուրդ են տվել նրան մեկնել ԱՄՆ։

Մարտիկյանի նավը Սկյուտարի նավահանգստից հեռանալուց մեկ ժամ անց թուրք ոստիկանները մտել են իրենց բնակարան և պահանջել բացահայտել որդու գտնվելու վայրը։ Հայկանուշը հայտարել է, որ իր որդին հեռացել է այս աշխարհից և մտել նոր աշխարհ։ Այնուամենայնիվ, թուրք ոստիկանները թալանել են տունը և վերջապես հեռացել՝ ենթադրելով, որ նա մահացել է։

Ժամանում ԱՄՆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտիկյանը Էլլիս կղզի է ժամանել 1922 թվականի հուլիսի 24-ին։ Նա, ինչպես յուրաքանչյուր ներգաղթյալ, անցել է բոլոր քայլերը՝ երկիր մուտք գործելու օրինական թույլտվություն ստանալու համար։

Սան Ֆրանցիսկո ժամանելուց հետո նա որպես աման լվացող աշխատանքի է անցել սրճարանում։

Հետագայում նշանակվել է ռեստորանի մենեջեր

1928 թվականին նրան շնորհվել է Միացյալ Նահանգների քաղաքացիություն։ Հաջորդ երկու տարիների ընթացքում նա որպես խոհարար աշխատել է զբոսաշրջային նավի վրա։ Նա տիրապետել է խոհարարությանը, իմացել է հայկական, ինչպես նաև միջազգային խոհանոցների մասին։

1930 թվականին նա տեղափոխվել է Ֆրեզնո, Կալիֆորնիա, որտեղ միացել է կենսունակ հայ գաղթական համայնքին։ Նա իր կնոջ՝ Նազենիգի հետ բացել է Ֆրեզնոյի ճաշի վաճառասեղանը, որը կոչվում էր Օմար Խայամի՝ պարսիկ հայտնի բանաստեղծի անունով[6]։ Չնայած շարունակվող Մեծ ճգնաժամին, նա ունեցել է շատ հաճախորդներ։ Ինչպես նա հաճախ էր նշում, իր երազանքն էր սովորեցնել ամերիկացիներին լավ սնվել։

1935 թվականին Մարտիկյանը կազմակերպել է իր մոր ժամանումը Բուխարեստ, Ռումինիա, որտեղ ապրել է իր եղբայրը՝ Գրիգոր Ամիրյանը։ Կարճ ժամանակ անց՝ 1936 թվականի փետրվարին, Հայկանուշը վիրահատության ժամանակ հիվանդացել է թոքաբորբով և օրեր անց մահացել։ Նա թաղվել է Ֆրեզնոյի Արարատ գերեզմանատանը։

Երկրորդ համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1942-1954 թվականներին Մարտիկյանը եղել է Միացյալ Նահանգների բանակի սննդի գծով տնօրեն։ 1944 թվականին նա հրատարակել է խոհարարական գիրք՝ «Ընթրիք Օմարում», որը հաջորդ երկու տասնամյակների ընթացքում մի քանի անգամ վերահրատարակվել է։

1945 թվականին նա եղել է սննդի սպասարկողը ՄԱԿ-ի Միջազգային կազմակերպության կոնֆերանսին, որը տեղի ունեցել Սան Ֆրանցիսկոյում և ստեղծել է Միավորված ազգերի կազմակերպությունը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Մարտիկյանը մտավախություն ուներ, որ մորեղբայրը կարող է սպանված լինել։ 1945 թվականի վերջին Մարտիկյանը գտել է նրան։ Նրանց վերամիավորումն ապահովելու համար Մարտիկյանը խնդրել է տեղաբնակ դաշնակից գեներալին ապաստան տալ իր մորեղբորն ու ընտանիքին։ Մարտիկյանն օգնել է նրանց փախչել Ավստրիա, ապա՝ Իտալիա։

Մարտիկյանը շրջել է աշխարհով մեկ՝ փորձելով համոզել հայերին տեղափոխվել Միացյալ Նահանգներ։ Նրա ջանքերի շնորհիվ ավելի քան 5000 հայ ներգաղթել են Միացյալ Նահանգներ։

Մարտիկյանը նկարահանվել է «Սա քո կյանքն է» հեռուստատեսային շոուում, որը հեռարձակվել է 1954 թվականի մայիսի 5-ին, հաղորդավար Ռալֆ Էդվարդսի հետ[7]։

1951 թվականին Մարտիկյանը Նախագահ Հարի Ս. Թրումանի կողմից պարգևատրվել է Ազատության մեդալով՝ Միացյալ Նահանգների բանակի գլխավոր հրամանատարի խորհրդատու աշխատանքի համար։

Մեջբերման մի հատվածում ասվում է. «Ունենալով եռանդուն էներգիա, դիտորդական և վերլուծության ընդգծված ուժ և դինամիկ անհատականություն՝ նա ներգրավել է հրամանատարների և զինվորների խանդավառ հետաքրքրությունը մարտական գոտում տարբեր պայմաններում սննդի պատրաստման և սպասարկման հարցում»։

Մարտիկյանն իր մորեղբորը նշանակել է գլխավոր հայ մեքենագրող, իսկ Սողոմոն Թեհլիրյանին՝ իր օգնական։

Նա շարունակել է գրել և իր ներդրումն ունենալ ձեռնարկատիրական և բարեգործական աշխատանքներում, հիմնադրել է «Հայրենազուրկ հայերի օգնության ամերիկյան ազգային կոմիտեն»։

Ջորջ Մարտիկյանի «Օմար Խայամ» ռեստորանը գտնվել է Սան Ֆրանցիսկոյի Փաուել փողոցի 200 հասցեում՝ Փաուել փողոցի և Օ'Ֆարել փողոցի հյուսիսարևելյան անկյունում գտնվող շենքի նկուղում։ Մուտքը եղել է Օ'Ֆարել փողոցից[8][9]։

1980-ականների կեսերին հրդեհը ոչնչացրեց ռեստորանը։

Մարդիկյանը մահացել է 1977 թվականի հոկտեմբերի 23-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. «Վիքթոր Մաղաքեան եւ Բ. համաշխարհային պատերազմը». arevelk.am (անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
  3. Keraghosian, Greg (2021 թ․ օգոստոսի 16). «The amazing tale of the genocide survivor who changed how SF eats». SFGATE (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 8-ին.
  4. Holt, Jane (1944 թ․ նոյեմբերի 12). «Delights of Armenian Cookery». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2022 թ․ հուլիսի 8-ին.
  5. Sinanian, Vartkes (2004 թ․ դեկտեմբերի 25). «Remembering A Legend». The Armenian Reporter. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 19-ին.
  6. Rehart, Catherine Morison (1996). The Valley's Legends and Legacies. Fresno, California: Quill Driver Books.
  7. «Ralph Edwards Productions production records». Online Archive of California, California Digital Library. Վերցված է 2022 թ․ հուլիսի 8-ին.
  8. «A Couple of Celebrations and Laments». DesignFaith.com. Վերցված է 2009 թ․ ապրիլի 5-ին.
  9. Gregorian, Vartan. The Road to Home: My Life and Times(Simon & Schuster, 2004, 0-7432-5565-8).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Մարտիկյան» հոդվածին։