Պորտալ:Աստղագիտություն/Ընտրված հոդված

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Յուպիտեր (լատին․՝ Jupiter) կամ Լուսնթագ, Արեգակից հեռավորությամբ հինգերորդ և արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակը։ Յուպիտերի զանգվածը կազմում է Արեգակի զանգվածի ընդամենը մեկ հազարերորդը (0,1%), միևնույն ժամանակ այն երկուսուկես անգամ մեծ է արեգակնային համակարգի բոլոր մնացած մոլորակների ընդհանուր զանգվածից։ Յուպիտերի ծավալը 1321 անգամ մեծ է Երկրի ծավալից, սակայն, լինելով ավելի նոսր բաղադրության, այն ընդամենը 318 անգամ է ծանր զանգվածով։ Սատուրնի, Ուրանի և Նեպտունի հետ միասին դասվում է գազային հսկաների դասին։ Այս չորս մոլորակները երբեմն միասին նաև անվանվում են յուպիտերյաններ կամ արտաքին մոլորակներ։

Յուպիտերը մարդկությանը հայտնի է հնագույն ժամանակներից, ինչը և արտացոլված է տարբեր մշակույթների դիցաբանության մեջ և կրոնական պատկերացումներում՝ Միջագետքի, Բաբելոնի, Հունաստանի և այլն։ Հռոմեացիները մոլորակն անվանել են Հռոմեական աստվածների բարձրագույնի՝ Յուպիտերի անունով։

Երկրից դիտելիս, Յուպիտերը կարող է հասնել −2,94 տեսանելի մեծության, հետևաբար այն Երկրի գիշերային երկնքում մեծությամբ երրորդ պայծառ մարմինն է՝ Լուսնից և Վեներայից հետո (Մարսը մոտավորապես կարող է հասնել Յուպիտերի մեծության միայն իր ուղեծրի որոշակի կետերում

Յուպիտերը հիմնականում կազմված է ջրածնից, իսկ հելիումը կազմում է նրա զանգվածի քառորդ մասը, միևնույն ժամանակ հելիումի մոլեկուլները մոլորակի մոլեկուլների ընդամենը 1/10-ն են։ Հնարավոր է նաև, որ այն ունի ժայռային միջուկ, կազմված ավելի ծանր տարրերից։ Մյուս հսկա մոլորակների նման, Յուպիտերը չունի կարծր մակերևույթ։ Արագ պտտվելու հետևանքով նրա ձևը ավելի մոտ է սեղմված գնդի (հասարակածի մասում ունի փոքր, բայց զգալի ուռուցիկություն)։ Արտաքին մթնոլորտը տեսանելիորեն բաժանված է մի քանի շերտերի՝ ըստ աշխարհագրաան լայնության, որոնց հատման շերտերում առաջանում են փոթորիկներ և գազային շարժեր։ Դրանց արդյունք է Մեծ կարմիր հետքը (հսկայական պտտահողմ, որը առաջին անգամ աստղադիտակով նկատվել է 17-րդ դարում)։ Իր տրամագծով այն 3 անգամ գերազանցում է Երկիր մոլորակը։ Յուպիտերի վրա տեղի են ունենում մի շարք մթնոլորտային երևույթներ, փոթորիկներ, կայծակներ և բևեռափայլեր, որոնք մի քանի անգամ ավելի մեծ են ու հզոր քան Երկրի վրա։