Jump to content

Պղնձի-քարի դար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էնեոլիթ (լատին․՝ aeneus-պղնձե և հուն․՝ λίθος (աօց)-քար), պղնձի դար, պղնձաքարային դար, նոր քարի դարից (նեոլիթ) բրոնզի դարին անցնելու ժամանակաշրջան։ Այն բնորոշվում է պղնձագործության զարգացմամբ, թեև տնտեսության մեջ քարե գործիքները դեռևս շարունակում էին գերիշխել[1]։

Ընդհանուր տեղեկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

էնեոլիթում քարե գործիքների կողքին երևան են գալիս առաջին պղնձե գործիքները, որոնք սկզբում պատրաստվում էին զտաբեկոր, այնուհետև՝ հանքային պղնձից։ Ուսումնասիրողների մեծ մասը էնեոլիթը համարում է ոչ թե նախնադարյան պատմության առանձին ժամանակահատված, այլ բրոնզի դարի նախնական շրջան։ Եգիպտոսում և Միջագետքում էնեոլիթը սկսվում է մեր թվարկությունից առաջ 4-րդ, Եվրոպայում՝ մեր թվարկությունից առաջ 3-րդ հազարամյակներում։ Նախկին ՍՍՀՄ-ի տարածքում հայտնի են Անաուի, Նամազգա-թեփեի (Միջին Ասիա), Տրիպոլիեի (Ուկրաինա) էնեոլիթյան բնակատեղիները։ էնեոլիթյան մարդը բնակվել է գետերի ու լճերի ափերին, զբաղվել բրիչային երկրագործությամբ և անասնապահությամբ։ էնեոլիթին բնորոշ է փայլեցրած գունազարդ (հալաֆյան տիպի) և սև խեցեղենը, հանդիպում է նաև անփայլ, ալիքավոր նախշերով և հարդախառն կոպիտ խեցեղեն։

Հայկական լեռնաշխարհ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական լեռնաշխարհի էնեոլիթյան բնակատեղիները պատկանում են հիմնականում մեր թվարկությունից առաջ 5-4, մասամբ՝ 3 հազարամյակներին։ Դրանցից արժեքավոր նյութեր են տվել հատկապես Շամիրամ-Ալթի (Վանա լճի մոտ, ուրարտական Մենուա թագավորի ջրանցքի ափին), Նախիջևանի Քյուլ-թափա առաջին, Էջմիածնի Մոխրաբլուր, Մխլու-թափա արհեստական բլուրները, Թեղուտը (Էջմիածնից հարավ)։

Խալկոլիթյան բնակավայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջին չորս տասնամյակներում խալկոլիթյան մեծաթիվ բնակավայրեր են բացահայտվել ժամանակակից Հայաստանի ամբողջ տարածքում։ Դրանցից չորսը` Ադաբլուրը և Թեղուտն Արարատյան դաշտում, Արենի-1-ը՝ Վայոց Ձորում, Գոդեձորը՝ Սյունիքում, մասնակիորեն պեղվել են։ Սրանք բոլորն էլ թվագրվում են Ք. ա. 4500-3400 թթ.[2]։

Թեղուտը յայլաղային անասնապահությամբ զբաղվող հովիվների փոքրիկ գյուղակ էր՝ բաղկացած կիսագետնափոր, կլոր հատակագծով խրճիթներից։ Այստեղ հայտնաբերվել են բարձրորակ կավամաններ, ինչպես նաև պղնձե գործիքներ՝ ներկրված այլ վայրերից։

Ադաբլուրն ակնհայտորեն ավելի մեծ էր։ Բնակատեղին բաղկացած էր ընդարձակ, բազմասենյակ համալիրներից, որոնք ձգվում էին փողոցների երկայնքով։ Այստեղ հայտնաբերվել են արհեստանոցների մնացորդներ և կավե քանդակներ։

Արփա գետի կիրճի Արենի-1 քարանձավի չոր միջավայրը և կայուն ջերաստիճանը ձևավորել են հիանալի պայմաններ օրգանական նյութերի պահպանման համար։ Հացահատիկը, մրգերը, կտորը, կաշին և նույնիսկ խոտը, որոնք սովորաբար չեն պահպանվում այլ վայրերում, մեզ տանում են արտեֆակտերի մի անհայտ աշխարհ, որն ստեղծվել է խալկոլիթյան ժամանակաշրջանում։ Եզակի են քարանձավի խորքում հայտնաբերված` աշխարհում մինչ այժմ հայտնի գինու ամենահին հնձանը, որը թվագրվում է Ք. ա. 4000 թ. և տրեխը՝ Ք. ա. 3600 թ.[3]։

Գոդեձորը տեղակայված է բարձր լեռնային, ալպիական արոտավայրերի միջավայրում։ Այն կարևոր անցակետ ու փոխանակման կենտրոն էր շարժունակ հովիվների համար։ Այստեղ կուտակվում էր հետիոտնի երկու-երեք օրվա ճանապարհի հեռավորությամբ հանքավայրերից բերված վանակատը և ապա արտահանվում։ Կավի վրայի կնիքների դաջվածքները վկայում են մասնավոր, շատ հավանական է՝ ընտանեկան ունեցվածքի նշագրման ավանդույթի մասին[4][5][6]։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 55
  1. Հայկական ճարտարապետության պատմություն. Երևան: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն. 1996.
  2. Джавахишвили, А. И. (1973). Строительное дело и архитектура поселений Южного Кавказа V-III тысячелетий до н.э., Тбилиси.
  3. Areshian Gregory E., Gasparyan Boris, Avetisyan Pavel S., Pinhasi Ron, Wilkinson Keith, Smith Alexia, Hovsepyan Roman, Zardaryan Diana (2012). The chalcolithic of the Near East and south-eastern Europe: discoveries and new perspectives from the cave complex Areni-1. Antiquity 86. էջեր 115–130.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  4. Frangipane, M. u.a. (Hrsg.) (1993). Between the Rivers and over the Mountains, Archaeologica Anatolica et Mesopotamica Alba Palmieri dedicata. Rome. էջեր 37–69.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  5. Թորոսյան, Ռ. (1976). Թեղուտի վաղ երկրագործական բնակավայրը (մ. թ. ա. IV հազարամյակ), Հնագիտական պեղումները Հայաստանում, N 14. Երևան: Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի հրատարակչություն.
  6. Simonyan, Hakob (2022). HISTORICAL AND CULTURAL HERITAGE OF ARMENIA. Yerevan: Ministry of Education, Science, Culture and Sports of the Republic of Armenia / “Scientific Research Center of Historical and Cultural Heritage” SNCO. ISBN 978-9939-9087-1-7.