Ուռենի դեղնաճյուղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Ուռածաղկավորներ
Ընտանիք Ուռազգիներ
Ցեղ Ուռենի
Տեսակ Ուռենի դեղնաճյուղ
Լատիներեն անվանում
Salix purpurea
Հատուկ պահպանություն

Ուռենի դեղնաճյուղ (լատին․՝ Salix purpurea), ուռազգիների ընտանիքի, ուռենի ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ թուփ է 3-4 մ բարձրությամբ։ Կեղևը սպիտակ-մոխրավուն է, ծիրանագույն երանգով, երբեմն կապտավուն խավով, ներսից կիտրոնագույն։ Երիտասարդ ընձյուղները մերկ են։ Բողբոջները գորշակարմրավուն են, մերկ։ Տերևակիցները գծանշտարաձև են, վաղ թափվող (երբեմն լրիվ բացակայում են)։ Տերևները, որոնք հաճախ հակադիր դասավորություն ունեն, բարակ են, հակառակձվաձև, 3-13 սմ երկարությամբ և 0,8-1,5 սմ լայնությամբ, 0,3-0,6 սմ երկարության կոթուններով։ Ամենամեծ լայնությունը ունի կենտրոնից վերև, երկու կողմից էլ կապտականաչավուն է կամ կապտավուն, հասունները լրիվ մերկ են, ամբողջաեզր կամ գագաթնային մասում սուրսղոցաեզր։ Կատվիկները բացվում են տերևներից առաջ կամ միաժամանակ, կողմնային են, նստադիր, հիմքում մի քանի տերևիկներով, մոտ 3 սմ երկարությամբ։ Ծաղկակից թեփուկները ծածկված են մետաքսանման մազմզուկներով։ Առէջները երկուսն են, մազմզուկապատ, ծիրանագույն փոշանոթներով։ Սերմնարանը նստադիր է, պատված մետաքսանման մազմզուկներով։ Սռնակ չունի։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնական պայմաններում տարածված է Կովկասում, Ղրիմում, Միջին Ասիայում, Արևմտյան Սիբիրում, Արևմտյան Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում, Մոնղոլիայում։ Հայաստանի պայմաններում տարածված է Կալինինոյի, Ստեփանավանի, Գուգարքի, Իջևանի, Նոյեմբերյանի, Շամշադինի, Թումանյանի շրջաններում, Սևանի ավազանում, Վայքում, Զանգեզուրում, Մեղրիում, որտեղ հանդիպում է ստորինից մինչև վերին լեռնային գոտում, ծովի մակերևույթից մինչև 2000 մ բարձրության վրա, գետերի և առուների ափերին։ Ավելի բարձր նիշերի վրա տուժում է սառնամանիքներից։ Գերադասում է թեթև ավազային հողերը, լուսասեր է, խոնավասեր։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճյուղերն օգտագործվում են զամբյուղագործության բնագավառում, ինչպես նաև խաղողի վազը կապելու համար։ Պարունակում է 0,6-5,2% սալիցին։ Աչքի է ընկնում դեկորատիվ բարձր հատկանիշներով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (252)։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուռենի դեղնաճյուղ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուռենի դեղնաճյուղ» հոդվածին։