Շինշիլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շինշիլա
Շինշիլա
Շինշիլա
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուն (Mammalia)
Կարգ Կրծողներ (Rodentia)
Ենթակարգ Hystricognatha
Ինֆրակարգ Hystricognathi
Ընտանիք Շինշիլաներ (Chinchillidae)
Ցեղ Շինշիլաներ (Chinchilla)
Տեսակ Շինշիլա (C. lanigera)
Միջազգային անվանում
Chinchilla lanigera
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Վտանգված տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Շինշիլա (լատին․՝ Chinchilla lanigera), կրծողների կարգի շինշիլանմանների ընտանիքի կենդանիների սեռ։

Ընդգրկում է արտաքնակազմով իրար նման երկու տեսակ՝ կարճապոչ կամ խոշոր շինշիլաներ և երկարապոչ կամ փոքր շինշիլաներ։ Պարանոցը կարճ է, գլուխը՝ խոշոր, աչքերը՝ սև և մեծ, բեղիկները՝ երկար։ Ունի առանց արմատի 20 ատամ (4 կտրիչ և 16 սեղանատամ)։ Բութ եղունգներով և կոշտ բարձիկներով հնգամատ առջևի վերջավորությունները կարճ են, իսկ չորս մատով ետինը՝ ավելի հզոր։ Խոշոր շինշիլաների մարմնի երկարությունը՝ 35- 40, իսկ փոքրինը 24-30 սմ է, կենդանի միջին զանգվածը՝ համապատասխանաբար 700 և 500 գ։ Մեջքի և կողմնային հատվածների մազածածկի թույրը կապտամոխրագույն է, իսկ որովայնինը և ոտքերինը՝ սպիտակ։ Պոչի մազերը երկար են և կոպիտ։ Շինշիլաները ապրում են գաղութներով Անդերում (2-4 հազար մետր բարձրության վրա)՝ Պերուի, Չիլիի, Բոլիվիայի և Արգենտինայի տարածքում։ Ակտիվ է երեկոյան և գիշերը։ Սնվում են բարձրլեռնային խոտաբույսերով և թփերով։ Ծնում են տարեկան 2-3 անգամ (յուրաքանչյուր ծնին՝ 1-5 ձագ)։ Խոշոր շինշիլայի հղիության տևողությունը՝ 120, իսկ փոքրինը 111 օր է։ Սեռահասուն են դառնում 6-7 ամսականում և կարող են բազմանալ մինչև 10-12 տարեկանը։ Ապրում են մոտ 20 տարի։ Շինշիլաները արդյունագործության օբյեկտ են (օգտագործվում է շատ արժեքավոր մորթին)։ XIX դարի վերջերին և XX դարի սկզբներին ինտենսիվ որսի հետևանքով շինշիլան գրեթե ոչնչացված էր։ Փոքր շինշիլների ոչ մեծ գլխաքանակ կա Հյուսիսային Չիլիի առափնյա թեքություններում (այն վերցված է պահպանության տակ)։ 1923 թվականից շինշիլան (հիմնականում կարճապոչը) բուծվում է վանդակներում (սկզբում՝ ԱՄՆ-ում և Կանադայում, ավելի ուշ՝ Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում, ինչպես նաև Հարավային Ամերիկայում, Աֆրիկայում և Ավստրալիայում)։ Հայաստանում շինշիլաբուծությունը տարածվել է 1998 թվականից։ Ներկայումս Հայաստանում գործում են ավելի քան 35 շինշիլաբուծական տնտեսություններ։

Շինշիլան ունի շատ արժեքավոր մորթի

Շինշիլաների խնամքով և բուծմամբ զբաղվում են նաև սիրող-կենդանաբույծները։ Շինշիլաները որպես ընտանի կենդանիներ շատ տարածված են Եվրոպայում, ԱՄՆ-ում և Ռուսաստանում։ Շինշիլաների մաքրակենցաղության, տհաճ հոտի իսպառ բացակայության և դիմացկունության պատճառուվ նրանց տնային խնամքը տարածվում է նաև Հայաստանում։ Շինշիլաբուծությունը որպես եկամտաբեր բիզնես իր ուրույն տեղն ունի կենդանաբուծության և մորթեգործության բնագավառներում։ Շնորհիվ կլիմայական պայմանների և բարձրորակ ալպիական կերերի շինշիլաբուծությունը Հայաստանում ունի զարգացման մեծ հեռանկար։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 508