Շերլոկ (անգլ.՝ Sherlock), անգլիական Hartswood Films ընկերության հեռուստանովել՝ նկարահանված BBC Wales-ի համար։ Սյուժեն հիմնված է սըր Արթուր Կոնան Դոյլի՝ հետախույզ Շերլոք Հոլմսին նվիրված ստեղծագործությունների վրա, սակայն գործողությունները տեղի են ունենում մեր օրերում։ 2009 թվականին պատվիրվեց չցուցադրված, փորձնական էպիզոդ, իսկ 2010 թվականի հուլիսին և օգոստոսին BBC One և BBC HD հեռուսատաալիքներով ցուցադրվեցին առաջին եթերաշրջանի երեք իննսունրոպեանոց էպիզոդներ։ Երկրորդ եթերաշրջանը ցուցադրվել է 2012 թվականի հունվարին, իսկ երրորդը՝ 2014 թվականին՝ 2013 թվականին դեկտեմբերի 25-ին BBC One հեռուստաալիքով մինի-սերիաների ցուցադրումով։ 2014 թվականի հունվարի 8-ին Սթիվեն Մոֆֆաթը հաստատեց, որ հեռուստանովելը երկարաձգված է չորրորդ և հինգերորդ եթերաշրջանով[3], և հույս հայտնեց, որ նոր էպիզոդները հնարավոր կլինի ավելի արագ պատրաստել, քան ավանդական դարձած 2 տարիները[4]։
Հեռուստանովելի հեղինակներն են Մարկ Գեթիսը և Սթիվեն Մոֆֆատը, որոնք հայտնի են «Դոկտոր Ով» և «Ջեքիլ» հեռուստանովելներով, իսկ Շերլոք Հոլմսի և դոկտոր Ջոն Վաթսոնի դերերը կատարում են համապատասխանաբար Բենեդիկտ Քամբերբեչը և Մարտին Ֆրիմենը։ Նկարահանումները տեղի են ունենում հիմնականում Լոնդոնում և Քարդիֆում։ Երեք եթերաշրջանների արդյունքներով հեռուստանովելը ստացել է դրական արձագանքներ, և ներկայացված է եղել մի քանի մրցանակների։ 2011 թվականին «Շերլոկը» դարձավ հեռուստատեսային BAFTA մրցանակակիր՝ «Լավագույն դրամատիկական հեռուստանովել» անվանակարգում[5]։
Հեռուստանովելը Արթուր Կոնան Դոյլի՝ խուզարկու Շերլոկ Հոլմսի և նրա գործընկեր Ջոն Վաթսոնի մասին պատմող ստեղծագործությունների ազատ ադապտացիա է։ Գործողությունները 19-րդ դարից տեղափոխված են 21-րդ դար. խորհրդատու խուզարկու Շերլոկ Հոլմսը բնակարանի կենակից փնտրելիս ընկերոջ օգնությամբ ծանոթանում է Ջոն Վաթսոնի հետ, որը Աֆղանստանից վերադարձած ռազմական բժիշկ է։ Շերլոկն անմիջապես տպավորում է Վաթսոնին՝ պատմում է վերջինիս իր իսկ մասին. այն մասին, որ ծառայել է Աֆղանստանում, և որ ոտքի ցավը փսիխոմատիկ բնույթ ունի։ Նրանք բնակություն են հաստատում Բեյքեր սթրիթ համար 221 տանը՝ ծեր տանտիկին Հադսոնի մոտ։ Շերլոկը և Ջոնը միասին օգնում են Սքոթլանդ-Յարդին բարդ գործերը բացահայտելու գործում՝ օգտագործելով դիտման, վերլուծության, բացառման մեթոդները, ինչպես նաև ժամանակակից տեխնոլոգիաներ, ինչպիսիք են համացանցն ու բջջային հեռախոսները։