Յուսուֆ Գերվալլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուսուֆ Գերվալլա
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 1, 1945(1945-10-01)
ԾննդավայրDromjaku, Deçan Municipality, Ջակովիցա շրջան, Կոսովո և Մեթոխիա
Մահացել էհունվարի 17, 1982(1982-01-17) (36 տարեկան)
Մահվան վայրUntergruppenbach, Հայլբրոն, Շտուտգարտի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Քաղաքացիություն ՀՍՖՀ
Մասնագիտությունգրող, լրագրող, ակտիվիստ և երաժիշտ
ԵրեխաներԴոնիկա Գերվալլա-Շվարց
 Jusuf Gërvalla Վիքիպահեստում

Յուսուֆ Գերվալլա (ալբ․՝ Jusuf Gërvalla, հոկտեմբերի 1, 1945(1945-10-01), Dromjaku, Deçan Municipality, Ջակովիցա շրջան, Կոսովո և Մեթոխիա - հունվարի 17, 1982(1982-01-17), Untergruppenbach, Հայլբրոն, Շտուտգարտի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), կոսովացի բանաստեղծ, երգիչ, երաժիշտ, լրագրող և «Կոսովոյի ազատագրման ժողովրդական շարժում» (ալբ․՝ Lëvizja Kombëtare për Çlirimin e Kosovës) ազգային-ազատագրական կազմակերպության ղեկավար։ Գնդակահարվել է չպարզված հանգամանքներում՝ 1982 թվականին, Գերմանիայում[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուսուֆի հայրը մահացել է, երբ որդին վեց տարեկան է եղել։ 1959 թվականին նրա մայրը՝ Այշեն, մեկնել է Սլովենիա, իսկ Յուսուֆը մնացել է քեռու խնամքին։ Ավարտել է Պեչ քաղաքի գիմնազիան, սովորել Պրիշտինայի և Լյուբլյանայի համալսարաններում, սկսել է աշխատել թատրոնում։ 1972-1973 թվականներին ծառայել է Հարավսլավիայի ազգային բանակում։

Հետագայում որպես լրագրող աշխատել է Պրիշտինայում և Սկոպիեում։ 1978 թվականին սկսել է աշխատել որպես խմբագիր ռադիոյում և հեռուստատեսությունում և նույն թվականին հիմնել է «Կոսովոյի ազատագրման ժողովրդական շարժում» ընդհատակյա խմբավորումը, որը հավատարիմ էր մարքսիզմ-լենինիզմի գաղափարախոսությանը, բայց միևնույն ժամանակ հանդես էր գալիս Կոսովոյի Հարավսլավիայից անջատման օգտին։

Յուսուֆը գրել է քնարական և արձակ ստեղծագործություններ, երաժշտություն է ձայնագրել եղբոր՝ Բարդոշի հետ[2]։ Նրա «Baladë për shevarin» և «Kalon pranë meje» ստեղծագործությունները տպագրվել են «Նոր աշխարհ» (ալբ․՝ Bota e re) համալսարանական ամսագրում 1974 թվականին։ 1975 թվականին գրել է իր առաջին վեպը՝ «Dy florinj të një dashurie», որն արգելվել է տպագրել Հարավսլավիայում։ Նրա երկրորդ՝ «Rrotull» վեպը և «Procesi» դրաման, լույս են տեսել միայն Յուսուֆի մահից հետո։

1980 թվականին Յուսուֆն ընտանիքի հետ գաղթել է Գերմանիա։ Ամուսնացել է Սուսանա Ջերվալայի հետ։ Զույգն ունեցել է երկու որդի և մեկ դուստր։ Նրա դուստրը՝ Դոնիկա Գերվալլա-Շվարցն, ամուսնացել է Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության առաջնորդ Ստեֆան Շվարցի հետ և Կոսովոյի պատերազմի ժամանակ աշխատել որպես Կոսովոյի դեմոկրատական ​​լիգայի առաջնորդ Իբրահիմ Ռուգովայի թարգմանիչ[3]։

Սպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

36-ամյա Յուսուֆ Գերվալլան, նրա 31-ամյա եղբայրը՝ Բարդոշը և նրանց ընկերը՝ շվեյցարական քաղաքացիություն ունեցող ալբանացի լրագրող[4] 28-ամյա Զեկա Կադրին, 1982 թվականի հունվարի 12-ին գնդակահարվել են ավտոտնակում՝ իրենց BMW 316 մեքենայում, Ունտերգրուպենբախ քաղաքում (Գերմանիա, Բադեն-Վյուրթեմբերգ, Հայլբրոն շրջան)։ Ենթադրաբար, երկու անհայտ անձինք 7,65 մմ տրամաչափի ատրճանակից արձակել են 12 կրակոց՝ փամփուշտները ծակել են նրանց թոքերը, սիրտը և պարանոցը՝ դառնալով երեքի մահվան պատճառ[5]։ Կադրին ու Բարդոշը մահացել են տեղում, Յուսուֆը՝ հաջորդ գիշեր։ Քրեագետների եզրակացության համաձայն՝ տուժողներից յուրաքանչյուրի ուղղությամբ սկզբում արձակվել է երեք կրակոց, իսկ հետո՝ հսկիչ կրակոց և բոլոր գործողությունները, հավանաբար, իրականացվել են փորձառու մարդասպանի կողմից։ Ալբանական ազգայնական շարժման բոլոր երեք գործիչների այդ սպանությունը դարձել է Բադեն-Վյուրտեմբերգում օտարերկրյա քաղաքացիների վրա ամենամեծ զինված հարձակումը[6]։

Գերվալլա և Կադրի եղբայրների սպանությունը չի բացահայտվել, սակայն ալբանական համայնքի ճնշող մեծամասնությունը դրա համար մեղադրել է Հարավսլավիայի հատուկ հետախուզական ծառայությանը՝ սպանությունը, իբր, ծրագրել են հետախուզության պետ Զդրավկո Մուստաչը և բրիգադային գեներալ Յոսիպ Պերկովիչը։ Ընդհանուր առմամբ, 1970-1989 թվականներին սպանվել է 22 մարդ, որոնց մահվան համար քննիչները մեղադրել են հարավսլավական գործակալներին։ Շրջանային դատախազը 10 հազար մարկ էր խոստացել նրան, ով կարող է գտնել հանցագործներին և հետաքննության համար ստեղծվել է «Ունտերգրուպպենբախ» հանձնաժողովը։ Նահանգի նախարար-նախագահ Լոթար Շփետը պաշտոնապես հայտարարել է, որ օտարերկրյա ծայրահեղականների ցանկացած գործունեություն Գերմանիայում կճնշվի[6]։ Գերմանիայի Դաշնային քրեական ոստիկանության գրասենյակը ստանձնել է հետաքննությունը և Շվեյցարիայի դաշնային ոստիկանությունը նույնպես միացել է հետաքննությանը[4], սակայն մինչ օրս ոչ ոք չի կարողացել բացահայտել կասկածյալներին[3][7]։ Տարածված վարկած կա, որ հանցագործներից մեկը եղել է Ինտերպոլի կողմից հետախուզման մեջ գտնվող Ժելկո Ռաժնատովիչը, սակայն ինքը՝ Ռաժնատովիչը հերքել է իր կապը UDBA-ի հետ։ Մեկ այլ վարկած էլ ենթադրում է, որ երեքն էլ սպանվել են ոչ այնքան գաղափարական նկատառումներով, որքան հերոինի մաֆիայի հետ կապերի համար, սակայն Ռաժնատովիչը այս վարկածում էլ է հայտնվում կասկածյալների թվում։

Գերվալլա եղբայրները վերաթաղվել են 2002 թվականին Դուբովիկում։ Նրանց հուղարկավորությանը մասնակցել է մոտ 10 հազար մարդ[6]։

Յուսուֆ Գերվալլայի անունը շնորհվել է Կոսովոյի ազատագրության բանակի 131-րդ բրիգադին[8][9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Focus 25/2013 Seiten 46-50
  2. Jusuf dhe Bardhosh Gërvalla – Njeri ku je Արխիվացված 2017-01-08 Wayback Machine; YouTube-Video.
  3. 3,0 3,1 Alexander Goeb: Die Zerschlagung Jugoslawiens begann nicht erst 1992 – Der Tod des Patrioten Jusuf Gervalla. Արխիվացված 2018-01-20 Wayback Machine Neue Rheinische Zeitung, 8. Januar 2017.
  4. 4,0 4,1 Geheime Mörder. Արխիվացված 2018-01-21 Wayback Machine Tages-Anzeiger, 3. Januar 2014.
  5. «Das ganze sieht nach Hinrichtung aus» (գերմաներեն). Der Spiegel. 1982 թ․ հունվարի 25. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 18-ին.
  6. 6,0 6,1 6,2 Dreifachmord auf offener Straße ungeklärt. Արխիվացված 2018-01-21 Wayback Machine Heilbronner Stimme, 14. Januar 2012.
  7. Agron Sadiku: 35 Jahre nach den Morden an Jusuf Gërvalla, Bardhosh Gërvalla und Kadri Zeka in Untergruppenbach Արխիվացված 2018-01-21 Wayback Machine, Kosova-Aktuell vom 18. Januar 2017.
  8. «Brigada 131 «Jusuf Gërvalla»» (ալբաներեն). komveterani.net. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 18-ին.
  9. Мартынкин А. В. Армия освобождения Косово — лидер албанских сепаратистов на Балканах (1992—2000 годы)(ռուս.) // Причерноморье. История, политика, культура : журнал. — 2012. — С. 34—41. Архивировано из первоисточника 23 Դեկտեմբերի 2019.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Robert Elsie Исторический словарь Косово = Historical Dictionary of Kosovo. — Lanham: Scarecrow Press, 2010. — 111 с. — ISBN 978-0-8108-7231-8
  • Robert Elsie: A Biographical Dictionary of Albanian History. London: I.B. Tauris, 2012, с. 166. ISBN 978-1-78076-431-3.(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուսուֆ Գերվալլա» հոդվածին։