Jump to content

Յորքի Սուրբ Պետրոսի տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յորքի Սուրբ Պետրոսի տաճար
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և տաճար
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ՏեղագրությունՅորք[2] և Յորք
ԴավանանքԱնգլիկան եկեղեցի
ԹեմAnglican Diocese of York?
Հիմնական ամսաթվերը1220[1]
Կազմված էYork Minster Undercroft?
Ժառանգության կարգավիճակ1-ին աստիճանի ցուցակագրված շենք
ՆվիրվածՊետրոս առաքյալ
ԱնվանվածՊետրոս առաքյալ
Ճարտարապետական ոճանգլիական գոթիկա
Հիմնադրված1220[1]
76 մետր
Երկարություն160 մետր
Լայնություն76 մետր
Շինանյութկրաքար
Քարտեզ
Քարտեզ
 York Minster Վիքիպահեստում
yorkminster.org(անգլ.)

Յորքի Սուրբ Պետրոսի տաճար (անգլ.՝ Cathedral and Metropolitical Church of Saint Peter in York, York Minster), եկեղեցի Մեծ Բրիտանիայի Յորք քաղաքում։ Հայտնի է որպես Յորքի Մայր տաճար։ Հյուսիսային Եվրոպայի խոշորագույն տաճարներից մեկն է։ Սուրբ Պետրոսի տաճարը համարվում է Յորքի արքեպիսկոպոսական նստավայրը, Անգլիական եկեղեցու երկրորդ բարձրագույն գրասենյակը և Յորքի թեմի ու Յորք նահանգի մայր տաճարը[3]։ Տաճարն ունի ատենապետ և եկեղեցական խորհուրդ։ «Minster» կոչումը վերագրվում է Անգլո-սաքսոնական ժամանակաշրջանում ստեղծված եկեղեցիներին` որպես միսիոներական ուսուցողական եկեղեցիներ, և այժմ պատվավոր կոչում է համարվում[4]։

Տաճարի նավը, ժողովատունն ու տրանսեպտները կառուցվել են գոթական ճարտարապետական ոճով։ Նավը ներառում է արևմտյան պատուհանը, որը կառուցվել է 1338 թվականին, իսկ արևելյան ծայրամասի Տիրամոր կապելլայում գտնվում է Մեծ Արևելյան պատուհանը, որի կառուցումն ավարտվել է 1408 թվականին։ Վերջինս ամենամեծ միջնադարյան վիտրաժային պատուհանն է աշխարհում։ Հյուսիսային տրանսեպտում Հինգ քույրերի տիգաձև պատուհանն է, յուրաքանչյուրը՝ 16,3 մ բարձրությամբ[5]։ Հարավային տրանսպետը ներառում է վարդակ պատուհան, իսկ Արևմտյան պատուհանն ունի սրտաձև դիզայն և հայտնի է որպես «Յորքշիրի սիրտ»։

Տեղանքում կառուցված առաջին տաճարը թվագրվում է 627 թվականին։ Դա մի փայտե շինություն է եղել, որը հապշտապ կառուցվել է Նորտումբրիայի թագավոր Էդվինի մկրտության համար։ Առավել հիմնավոր կառույցի շինարարությունը սկսվել է 630-ական թվականներին։ Քարե շինության կառուցումն ավարտվել է 637 թվականին Նորտումբրիի թագավոր Օսվալդի կողմից և նվիրաբերվել Պետրոս առաքյալին։ 670 թվականին արքեպիսկոպոս Սուրբ Վիլֆրիդը վերանորոգում է եկեղեցին։ Տաճարին կից գտնվող դպրոցը և գրադարանը հիմնադրվել են 8-րդ դարում, որոնք մեծ կարևորություն են ունեցել Հյուսիսային Եվրոպայում[6][7]։

Յորքի տաճարի նավ

741 թվականին եկեղեցին ավերվել է հրդեհից։ Այն վերակառուցվել է և վերածվել ավելի տպավորիչ կառույցի, որն ուներ երեսուն խորան։ Ե՛վ տաճարը, և՛ ողջ տարածքն ավերվել են բազմաթիվ զավթիչների կողմից։ Նրա պատմությունն անորոշ է մինչև 10-րդ դարը։ Բենեդիկտյան միաբանության մի շարք եպիսկոպոսներ, այդ թվում՝ Սուրբ Օսվալդը, Վուլֆստանը և Էլդրեդը ծառայություն են մատուցել Յորքի եկեղեցում։ 1066 թվականին վերջիններս միասին մասնակցել են Վիլհելմ I Նվաճողի թագադրման արարողությանը Ուեստմինստերյան աբբայությունում։ Էլդրեդը մահացել է 1069 թվականին և հուղարկավորվել Յորքի եկեղեցում[8]։

Տաճարը վնասվել է 1069 թվականին Վիլհելմ I Նվաճողի կողմից, սակայն առաջին նորմանդացի արքեպիսկոպոս Թոմասը 1070 թվականին վերանորոգել է այն։ Դանիացիները 1075 թվականին ավերել են եկեղեցին, սակայն այն կրկին վերակառուցվել է 1080 թվականին։ Շինությունը վերակառուցվել է նորմանդական ճարտարապետական ոճով։ Նոր տաճարը 1137 թվականին կրկին վնասվել է հրդեհից, բայց արագ վերանորոգվել է։ 1154 թվականին երգչախմբի տաղավարը և կրիպտեն վերանորոգվել են, ինչպես նաև կառուցվել է նոր մատուռ, բոլորը՝ նորմանդական ոճով։

Գոթական տաճարների կառուցումը սկսվել է 12-րդ դարի կեսերին։ 1215 թվականին եկեղեցու արքեպիսկոպոս է դառնում Վոլթեր դե Գրեյը, որը պատվիրում է գոթական ոճով տաճարի կառուցումը՝ Քենթերբերիի տաճարին նման։ Տաճարի վերակառուցումն իրականացվել է 1220 թվականին։ Առաջին կառույցները եղել են հյուսիսային և հարավային տրանսեպտները, որոնց կառուցումն ավարտվել է 1250 թվականին։ Երկուսն էլ կառուցված են Անգլիական գոթական ոճով, սակայն զգալիորեն տարբերվում են պատի բարձրություններով։ Այդ ժամանակ ավարտվել է նաև կենտրոնական զանգակատան կառուցումը։ Յորքի տաճարի շինարարությունը շարունակվել է մինչև 15-րդ դարը։

Ժողովատան կառուցումը սկսվել է 1260-ականներին և ավարտվել 1296 թվականին։ Ընդարձակ նավի կառուցումը սկսվել է 1280-ական թվականներին նորմանների աջակցությամբ։ Արտաքին տանիքի շինարարությունն ավարտվել է 1330-ականներին, սակայն կամարների կառուցումը շարունակվել է մինչև 1360 թվականը։ Այնուհետև սկսվել է տաճարի արևելյան մասի և մատուռների կառուցումը, ինչպես նաև վերջին նորմանդական կառույցի՝ երգչախմբի տաղավարի շինարարությունը։ Վերջինս ավերվել է 1390-ական թվականներին։ Վերականգնողական աշխատանքներն ավարտվել են 1405 թվականին։ 1407 թվականին կենտրոնական զանգակատունը քանդվել է, որից հետո ամրացվել են կամարակալներն, ու 1420 թվականից սկսած կառուցվել է նոր զանգակատունը։ Արևմտյան աշտարակների կառուցումն ավարտվել է 1433- 1472 թվականներին։ Յորքի տաճարի ամբողջական կառուցումն ավարտվել է 1472 թվականին[9]։

Անգլիական բարեփոխումները հանգեցրին տաճարի գանձերի մեծամասնության և եկեղեցական հողերի մեծ մասի կորստին։ Եղիսաբեթ I-ի օրոք ջանքեր գործադրվեցին, որպեսզի տաճարից հեռացվեին հռոմեական կաթոլիկ եկեղեցու բոլոր հետքերը, քանդվեցին գերեզմանատները, պատուհաններն ու խորանները։ Անգլիական բուրժուական հեղափոխության ժամանակ Յորք քաղաքը շրջապատվել է Օլիվեր Կրոմվելի զորքերի կողմից 1644 թվականին, սակայն Թոմաս Ֆերֆաքսը կանխել է տաճարին սպառնացող հետագա վնասները։

1840 թվականին հրդեհվել է նավը, հարավարևմտյան զանգակատունը և հարավային ենթակողմը։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յորքի տաճարը համարվում է Հյուսիսային Եվրոպայի երկրորդ մեծ տաճարը, որը կառուցվել է գոթական ճարտարապետական ոճով։

Ներկայիս տաճարի կառուցումը սկսվել է 1230 թվականին և ավարտվել 1472 թվականին։ Առաջինը կառուցվել են հարավային և հյուսիսային տրանսեպտները։

Տաճարի նավը կառուցվել է 1291-1350 թվականներին գոթական ճարտարապետական ոճով։ Այն ամենաընդարձակ գոթական ոճով կառուցված նավն է Անգլիայում և ունի փայտե տանիք (ներկված է այնպես, որ նման լինի քարի), իսկ ենթակողմերի քարե տանիքները կամարակապ են։ Արևմտյան մասում Մեծ Արևմտյան պատուհանն է, որը հայտնի է որպես «Յորքշիրի սիրտ»։

2003 թվականին «Անգլիական ժառանգությունը» հրապարակեց Յորքի տաճարի ճարտարապետական պատմության վերաբերյալ մենագրություն։ Գիրքը նկարագրում է տաճարի կառուցումը և կատարելագործումը՝ սկսած 1970-ական թվականներից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 https://www.historicengland.org.uk/listing/the-list/list-entry/1257222
  2. archINFORM (գերմ.) — 1994.
  3. «Archived copy» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  4. «York Minster FAQs». York Minster. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 1-ին.
  5. «Work Minster Fact Sheets: The Five Sisters Window» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 27-ին.
  6. Blair, Peter Hunter (1990). The World of Bede (1970 reprint ed.). Cambridge: Cambridge University Press. էջ 225. ISBN 978-0521398190. {{cite book}}: Invalid |url-access=yes (օգնություն)
  7. The most renowned product of the school was Alcuin.
  8. «Britannia Biographies: Ealdred, Archbishop of York». notesfromtheroad.net. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 2-ին.
  9. «The Medieval Minster: History of York». www.historyofyork.org.uk. Վերցված է 2009 թ․ հունիսի 2-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յորքի Սուրբ Պետրոսի տաճար» հոդվածին։