Jump to content

Յարլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յարլի հագուստ

Յարլ (հին նորվ.՝ Jarl), բարձրագույն տիտղոս միջնադարյան Սկանդինավիայի հիերարխիայում[1][2]։ Սկզբնապես յարլ է կոչվել ցեղի առաջնորդը, հետագայում` երկրի բարձրագույն ղեկավարը։ Ազգային պետությունների ստեղծումից հետո յարլ են կոչվել կոնունգի վստահված անձինք` տեղերում իրականացնելով վերջինիս իշխանությունը։

14-րդ դարի սկզբին եզրը դուրս է եկել գործածությունից` բացի Իսլանդիայից, քանի որ յարլերին փոխարինելու են եկել թագավորական բրյուտները[3]։

Անվան ծագում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Պրոկոպիոս Կեսարացու աշխատությունների` հերուլների գերմանական ցեղը, որ հանգիստ չի տվել եվրոպական մի քանի սերնդի, մի շարք պարտություններից հետո 512 թվականին վերադարձել է Սկանդինավիա։ Քանի որ ցեղի սկզբնական տարածքները արդեն զբաղեցրել էին դաները, նրանք հիմնավորվում են գյոթերի հարևանությամբ։

«Erilaz» բառը, որ հաճախ հանդիպում է հարավային Շվեդիայի ավերված հուշարձաններում, կապում են հերուլների հետ։ Այն հավանաբար նշանակում է «ավերակների վարպետ» կամ «կախարդ», այսինքն` մարդ, ով կախարդանքով կարողանում է դիմել ավերակներին։ Բառը անգլոսաքսերի eorl բառի աբլաուտ ձևն է, որ առաջացել է *erōn բառից. այն նշանակում է «մարդ, ով կռվում է, զինվոր»[4]։

Սակայն բառի այս ստուգաբանությունը հիմնավոր չէ։ Միակ հավաստի փաստն այն է, որ «յարլ» բառի առաջին հիշատակումը կապված է այն կրողի տիտղոսի հետ։

Յարլերին, հերսիրներին (հին նորվ.՝ hærsiʀ կամ hersir), հիրդմաններին (հին նորվ.՝ hirðmenn) փոխանվանաբար անվանել են կոնունգի ընկեր, զրուցակից կամ սեղանակից (հին նորվ.՝ konungs rúnar eða málar eða sessar)[5]:

Սոցիալական դիրք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ շրջանում կոնունգների նման միայն յարլերն են հողի սեփականատեր համարվել, իսկ մնացածները զբաղվել են նավագնացությամբ և թալանով։ Եզրի գործածման վաղ փուլում անհասկանալի են մնում յարլերի և Դանիայում ու Նորվեգիայում իշխած ուրիշ առաջնորդների մեջ եղած տարբերությունները։

Հարալդ I Գեղավարսի սահմանած կարգերը մասամբ բացահայտում են ուշ շրջանում յարլերի ունեցած դիրքը Նորվեգիայում։

Նա ամեն կոմսությունում յարլ նշանակեց, ով պետք է պահպաներ օրենքն ու կարգը, հավաքեր հարկերը։ Յարլը պետք է վերցներ հարկերի մեկ երրորդը իր կարիքներն ու ծախսերը հոգալու համար։ Ամեն յարլ իր տրամադրության տակ կարող է ունենալ 4 կամ ավելի հերսիր, որոնցից յուրաքանչյուրը պետք է 20 մարկ ստանա որպես պարգև։ Ամեն յարլ պետք է 60 տղամարդ տրամադրի կոնունգի բանակին, ամեն հերսիր` 20 տղամարդ։
Յարլ Բիրգեր, XVII դարի փորագրություն, Շվեդիա

Ամենայն հավանականությամբ յարլերը Շվեդիայում հայտնվել են 10-րդ դարի վերջերին` Էրիկ VI արքայի օրոք, ով պարզեցրել է իշխողների` մինչ այդ գոյություն ունեցող համակարգը։ Հավանական է, որ մի քանի մարդ միաժամանակ կարողացել են կրել այդ տիտղոսը, սակայն միայն մեկը կարող էր լինել գերագույն յարլ (շվեդ.՝ riksjarl):

13-րդ դարի կեսին յարլի տիտղոս են կրել հիմնականում Ֆոլկունգների (Folkungaätten) նշանավոր տոհմի ներկայացուցիչները, չնայած դժվար է ճշտել` նրանք եղել են յարլեր, քանի որ լատիներենով պահպանված նամակներում նրանք իրար դուքս (dux) են անվանել։

Յարլ Բիրգերը (1210-ական թվականներ-1290), տիտղոս ստանալով 1248 թվականին, եղել է Շվեդիայի վերջին յարլը։ Հավանական է, որ նա չի ուզեցել, որ ինչ-որ մեկը ևս ունենա այդ տիտղոսը` սպառնալով նրա հարազատներին։ Այսպես թե այնպես նրանից հետո Շվեդիայում այլևս յարլեր չեն եղել։

Նորվեգիայի թագավորությունում սովորաբար եղել են մայրցամաքային Նորվեգիայի և Օրքնիի կոմսության յարլեր, իսկ 1261-1262 թվականներին Իսլանդիայում թագավորական իշխանության հաստատումից հետո` նաև Իսլանդիայի յարլ։ Սակայն արդեն 1237 թվականին Սկուլե Բորդսոնը նշանակվել է հերցոգ (նորվ.՝ hertug), որը դարձել է բարձրագույն նոր տիտղոսը։ 14-րդ դարի սկզբին Նորվեգիայում արդեն յարլեր չեն եղել։

Անգլիական էրլի թագ

Անգլիայում, որը պետական համակարգը փոխառել էր սկանդինավներից, նույնպես եղել են յարլեր, որոնք կոչվել են «էրլեր» (անգլ.՝ earl): Նրանք սկզբում ունեցել են նույն գործառույթները, ինչ յարլերը, սակայն ժամանակի ընթացքում տիտղոսակիրները զրկվել են իշխանությունից։ Ներկայումս այդ կոչմանը համարժեք է կոմսի կոչումը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Древнескандинавская литература — М. И. Стеблин-Каменский // М. 1979». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 28-ին.
  2. Славяне и скандинавы — Пер. с немецкого / Общ. ред. Е. А. Мельниковой. // М.: Прогресс, 1986. — 416 с.
  3. Viking Social Organisation
  4. Mees, B. (2003). «Runic 'erilaR'», North-Western European Language Evolution (NOWELE), 42:41-68.
  5. «Младшая Эдда, Язык поэзии». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 28-ին.