Մոնակոյի պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոնակոյի դիրքը Եվրոպայի քարտեզին
Մոնակոյի բնապատկերը, 2015
Մոնակոյի գերբը, որը հաստատվել է 1297 թվականին

Ժամանակակից Մոնակոյի պատմության սկզբնավորումը նշանավորվում է 1215 թվականին՝ Ջենովայի հանրապետության տարածքում գաղութի ստեղծմամբ և ամրոցի կառուցմամբ։

1297 թվականի հունվարի 8-ին Ջենովայում քաղաքացիական պետարազմի ընթացքում Մոնակոն գրավվեց ջենովացի պատրիկ Ֆրանչեսկո Գրիմալդիի և նրա կողմնակիցների կողմից։ Այս տարեթիվը համարվում է Գրիմալդի դինաստիայի կառավարման սկիզբ։ Դրանից հետո արդեն 700 տարի Մոնակոյի իշխանությունը կառավարվում է այդ ազգանվան ներկայացուցիչների կողմից (1731 թվականին նրանց փաստացի փոխարինեցին ֆրանսիացի արիստոկրատներ Մատինյոնները, որոնք իրենց ազգանունը փոխեցին՝ դառնալով Գրիմալդի)։

1612 թվականին Օնորե II Գրիմալդին իրեն հռչակեց ինքնիշխան։ Նրա հողերի սուվերենությունը և իշխանական կոչումը ֆրանսիական կառավարության կողմից ճանաչվեցին 1643 թվականին։

XVIII-XIX դարերի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1789 թվականին երկիրը բռնակցվեց Ֆրանսիային։ 1814 թվականի մայիսի 30-ի Փարիզի առաջին խաղաղության պայմագրով վերականգնվեց Մոնակոյի իշխանությունը այն սահմաններով, որոնք գոյություն ունեին ֆրանսիական պրոտեկտորատի ներքո մինչև 1792 թվականի հունվարի 1-ը։

Իշխան դարձավ Օնորե III-ի որդին՝ Օնորե IV-ը, սակայն առողջության վատացման պատճառով գահը զիջեց իր եղբայր Ժոզեֆին։ Գահից հրաժարված իշխանի որդին՝ Օնորե-Գաբրիելը ըմբոստացավ այդ որոշման դեմ և համոզեց որդուն իշխանությունն իրեն փոխանցել։ 1815 թվականի մարտին Օնորե IV-ը (1815-1819թթ) ուղևորվեց Մոնակո, սակայն հասնելով Կանն, ձերբակալվեց ափ իջած Նապոլեոնի զորքերի կողմից և տարվեց Նապոլեոնի մոտ։

Կայսրության վերջնական փլուզումից հետո, համաձայն 1815 թվականի նոյեմբերի 20-ի Փարիզյան երկրորդ պայմանագրի, իշխանությունը դրվեց Սարդինյան թագավորության պրոտեկտորատի ներքո։

Մոնակոյի և սարդինական թագավոր Վիկտոր Էմմանուիլ I-ի միջև պայմանագիրը ստորագրվեց 1810 թվականի նոյեմբերի 8-ին։ Այն այնքան էլ բարենպաստ չէր իշխանության համար, որքան Ֆրանսիայի հետ մինչ Ֆրանսիական հեղափոխությունը գործող պայմանագիրը։ Իշխանության ֆինանսական վիճակը սկսեց վատանալ, երկրի ռեսուրսները կրճատվեցին։

Օնորե IV-ի մահվանից հետո իշխաությունն անցավ նրա որդի Օնորե V-ին (1819-1841թթ․), որին Նապոլեոնը 1810 թվականին շնորհեց բարոնի տիտղոս, իսկ Ռեստավրացիայի ռեժիմը՝ Ֆրանսիայի պերի (բարձրաստիճան պաշտոնյա) աստիճան։ Նոր իշխանը ձեռնարկեց միջոցառումներ, որպեսզի ճգնաժամը հաղթահարի։ Սակայն նրա կոշտ քաղաքականությունը հանդիպեց բնակչության դիմադրությանը և բողոքի ցույցի, հատկապես 1833 թվականին Մենթոնում։ Օնորե V-ի մահվանից հետո իշխանությունն անցավ նրա եղբորը՝ Ֆլորեստան I-ին (1841-1856 թվականներ), ով գրականության և թատրոնի մեծ երկրպագու էր և բացարձակապես պատրաստ չէր պետական կառավարմանը։

Խնդիրների մեծ մասը լուծում էր նրա կինը՝ Կարոլինան, ով բուրժուական ծագում ուներ։ Նրան հաջողվեց որոշ ժամանակով մեղմացնել բնակչության դժգոհությունը, որն առաջացել էր Օնորե V-ի օրոք։ Սակայն լարվածության թուլացումը երկար չտևեցց, և շուտով Ֆլորեստանը և Կարոլինան կրկին անցան կոշտ քաղաքականության՝ հույս ունենալով այդ կերպ վերականգնել Մոնակոյի իշխանության բարօրությունը։

Այդ ժամանակ Մենթոնում ավելի էին ուժգնանում անկախության համար պահանջները։ Քաղաքի բնակիչները հասան նրան, որ ընդունվեց լիբերալ սահմանադրություն, որը նման էր Սարդինական թագավորությունում թագավոր Կարլոս-Ալբերտի կողմից ընդունված սահմանադրությանը։

Նրանք մերժեցին Ֆլորեստանի առաջարկած սահմանադրությունը։ 1848 թվականին Ֆրանսիական հեղափոխությունից հետո իրադրությունը կտրուկ սրվեց։ Ֆլորեստանը և Կարոլինան իշխանությունը փոխանցեցին իրենց որդի Կարլոսին։

Սակայն արդեն ուշ էր։ Սկսվեցին ապստամբություններ։ Իշխան Ֆլորեստանին տապալեցին, ձերբակալեցին և բանտարկեցին, իսկ իշխանական կառավարումը վերացվեց։ Սակայն 1849 թվականին Ֆլորեստանը կրկին վերահաստատվեց գահին։

1848 թվականի մարտի 20-ին Մենթոնը և Ռոկբրյունը իրենց հայտարարեցին ազատ և անկախ քաղաքներ «սարդինական գերիշխնության ներքո»։ 1849 թվականի մայիսի 1-ին Սարդինական թագավորության իշխանությունները հրապարակեցին հրովարտակ Նիցցայի շրջանին միանալու մասին։ Մոնակկոյի իշխաններ Ֆլորեստան I-ին (1785-1856թթ․) և Կարլոս III-ին (1856-1889թթ․) այդպես էլ չհաջողվեց վերադարձնել այդ տարածքները։

XIX դարի 50-ական թվականներին Ֆրանսիայի կայսր Նապոլեոն III-ը կրկին հավակնություններ ցուցաբերեց Սավոյայի նկատմամբ։ Այդ շրջանի զավթման նպատակով նապոլեոնյան կառավարությունը օգտագործում էր Իտալիայի միավորման համար Սարդինիայի և Ավստրիական կայսրության միջև ընթացող պատերազմը։ Համաձայն Ֆրանսիայի և Սարդինիայի միջև 1858 թվականին կնքված պայմանագրի՝ Սարդինիան պարտավորվում էր Ավստրիայի դեմ պատերազմում օգնության դիմաց Ֆրանսիային զիջել Սավոյան և Նիցցան։

1859 թվականի ավստրո-իտալա-ֆրանսիական պատերազմի ավարտից և Սարդինական թագավորությանը Լոմբարդիայի, Պարմայի, Տոսկանայի, Մոդենայի և Ռոմանիայի միացումից հետո 1860 թվականին Նապոլեոնը հասավ նրան, որ սարդինական կառավարության հետ կնքվեց Թուրինի պայմանագիրը, ըստ որի, սարդինական թագավոր Վիկտոր Էմանուիլ II-ը փաստացի Ֆրանսիային էր հանձնում Սավոյան և Նիցցան։ Ընդ որում,ձևական պահպանվելու էր հանրաքվեն (պլեբիսցիտը), սակայն միջոցառումներ էր ձեռք առնվել, որպեսզի պլեբիսցիտը քվեարկեր միավորման օգտին։ Այդ տարածքի զիջումը առաջ բերեց մեծ դժգոհություն ընդդեմ կառավարության։ Այն արտահայտվեց հենց Նիցցայի բնակչության կողմից Գարիբալդիի շատ կտրուկ ճառում։

1860 թվականի մարտին Սարդինական թագավորությունը Ֆրանսիային զիջեց Նիցցայի կոմսությունը՝ ներառյալ Մենթոնը և Ռոկբրյունը։

1860 թվականի հուլիսի 18-ին Սարդինիան իր զորքերը դուրս բերեց Մոնակոյից՝ դրանով վերջ դնելով պրոտեկտորատին։

Իշխան Կարլոս III-ի և Նապոլեոն III-ի միջև 1861 թվականի փետրվարի 2-ի պայմանագրի համաձայն Մոնակոն հրաժարվեց Մենթոնի և Ռոկբրյունի նկատմամբ բոլոր իրավունքներից հօգուտ Ֆրանսիայի, որի դիմաց ստացավ փոխհատուցում 4 մլն ֆրանկի չափով։ Պայմանագիրը պաշտոնապես ճանաչում էր Մոնակոյի իշխանության անկախությունը, սակայն նրա տարածքները նախկինի համեմատ կրճատվեցին 1/20-ի չափով։ Համաձայն պայմանագրի չհրապարակված լրացուցիչ հոդվածների՝ Մոնակոն պարտավորվում էր իր տարածքներից չզիջել որևէ այլ երրորդ տերության՝ բացի Ֆրանսիայից[1]։

Մոնտե Կառլոյի խաղատունը, Մոնակո, 2016-06-23

1865 թվականին Մոնտե Կառլոյում բացվեց խաղատուն և Ֆրանսիայի հետ ստեղծվեց մաքսային միություն, որոնք էականորեն խթանեցին երկրի տնտեսական զարգացմանը։

XX դարի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1910 թվականին տեղի ունեցավ մոնեգասկյան հեղափոխությունը, որի արդյունքում 1911 թվականին ուժի մեջ մտավ առաջին սահմանադրությունը, որը սահմանափակում էր իշխանների իրավունքները։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ իշխանությունը փորձում էր չեզոքություն պահպանել։ Սակայն 1942 թվականին Մոնակոն ռազմակալվեց իտալական բանակի կողմից, իսկ 1943 թվականին Իտալիայում Մուսոլինիի ռեժիմի տապալումից հետո իշխանությունը ռազմակալվեց գերմանական բանակի կողմից։ Դեռևս ռազմակալումից առաջ, 1942 թվականի օգոստոսի 27-ին մահվան ճամբարներ աքսորվեցին 66 հրեաներ։ Շուտով նրանց ճակատագրին արժանացան ևս 24 հրեա, որոնք բնակվում էին ֆրանսիական Ռիվիերայում։ Նրանցից միայն ինը մարդ փրկվեց[2][3]։ Աքսորվածների թվում էր նաև օպերային թատրոնի հիմնադիր Ռենե-Բլյումը, ով մահացավ համակենտրոնացման ճամբարում։

Արքայազն Ռենե III-ը և արքայադուստր Գրեյսը ժամանում են Սպիտակ տուն, 1961

Մոնակոյի նկատմամբ մեծ հետքրքրություն առաջացրեց 1956 թվականին Մոնակոյի արքայազն Ռենե III-ի (գահ է բարձրացել 1949 թվականին) և հոլիվուդյան դերասանուհի Գրեյս Քելլիի հարսանիքը։ Ռենեն նաև ակտիվ շինարարություն ծավալեց Մոնակոյում։ 1962 թվականին ընդունվեց նոր սահմանադրությունը (թվով երկրորդը), ըստ որի ընտրական իրավունքը տարածվում էր նաև իգական սեռի ներկայացուցիչների վրա։ Նոր սահմանադրության համաձայն՝ ստեղծվեց Մոնակոյի Գերագույն դատարանը, իսկ մահապատիժը, որպես պատժի ամենաբարձր աստիճան, վերացվեց։ 1993 թվականի մայիսին Մոնակոն դարձավ ՄԱԿ-ի լիիրավ անդամ։

Իշխանության ներկայիս վիճակը[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին Մոնակոյի և Ֆրանսիայի միջև կնքվել է պայմանագիր, համաձայն որի նույնիսկ Գրիմալդի դինաստիայի թագաժառանգի բացակայության դեպքում Մոնակոյի իշխանությունը մնալու է սուվերեն պետություն և չի դրվելու Ֆրանսիայի պրոտեկտորատի ներքո։

2005 թվականի մարտի 31-ին իշխան Ռենե III-ը, ով չափազանց հիվանդ էր իր պարտականությունները իրականացնելու համար, իր լիազորությունները փոխանցեց միակ որդուն՝ թագաժառանգ Ալբերտին։ Ռենեն մահացավ 2005 թվականի ապրիլի 6-ին, իսկ իշխան դարձավ Ալբերտ II-ը։ Վերջինիս ծրագրերի մեջ է մտնում նաև Մոնակոյի հողաբարելավումը, որը սկսել էր նրա հայրը, ինչպես նաև նոր՝ Լե Պորտիեր (թվով 11-րդ) շրջանի կառուցումը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. История Монако
  2. Максим Суханов. (09.11.2015). «Лучше поздно, чем никогда». 9tv.co.il. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 13-ին.
  3. «Княжество Монако извинилось за депортацию евреев во время Второй мировой - 73 года спустя». NEWSru.com. 28 августа 2015. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]