Մինաս Ամդեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Մինաս Ամդեցի
Դիմանկար
Ծնվել էմոտ 1630
ԾննդավայրԴիարբեքիր, Թուրքիա
Մահացել էդեկտեմբերի 5, 1704(1704-12-05)
Մահվան վայրԵրուսաղեմ, Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունգրող, պատմաբան, մատենագիր և պատրիարք

Մինաս Ադամեցի կամ Մինաս վարդապետ Ամդեցի (ծն․թ.անհտ․,Ամիդ, մոտ 1630, Դիարբեքիր, Թուրքիա - դեկտեմբերի 5, 1704(1704-12-05), Երուսաղեմ, Օսմանյան կայսրություն), հայ մատենագիր, գրիչ, եկեղեցական գործիչ, Երուսաղեմի հայոց պատրիարք (1690-1696, 1698-1702, 1704)։

Կենսագրություն և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինաս Ամդեցին ծնվել է Ամիդ քաղաքում (ներկայիս՝ Դիարբեքիր), Առաքելի և Հռիփսիմեի ընտանիքում։ Ծննդյան ստույգ ամսաթիվը հայտնի չէ, մոտավորապես 1630 թվականին։ Վաղ տարիքում կորցրել է մորը։ Կրթությունը ստացել է տեղի եպիսկոպոսի՝ Մարկոսի մոտ, որին էլ նվիրված է նրա հետագայում գրած գովաբանական բանաստեղծություններից մեկը

1655 թվականին ավարտել է ուսումը և ստացել վարդապետի կոչում։ Մեկ տարի անց մեկնել է Ուրֆա, որտեղ զբաղվել է վարդապետությամբ և մեծ հաջողություն է ունեցել։ 1664 թվականին մեկնել է Եվդոկիա, որտեղ եպիսկոպոս է ձեռնադրվել (1666)։ Ըստ ժամանակակիցների վկայության, եղել է Եղիազար I (1681-1691) կաթողիկոսի զինակիցներից մեկը և եկեղեցական հարցերում կարևոր դերակատարում է ունեցել։

1673 թվականին հոր մահից հետո ստիպված է եղել տուն վերադառնալ, սակայն շուտով կրկին մեկնել է Ուֆա։ 1681 թվականին Եղիազար կաթողիկոսի հետ մեկնել է շրջագայության և կաթողիկոսի հորդորով սկսել է գրել իր անտիպ «Օրագրությունը» (1680 - 1704)։

Եղել է Եվդոկիայի եպիսկոպոսական թեմի առաջնորդ (1686-1688)։ 1690 թվականին դարձել է Երուսաղեմի հայոց պատրիարք (1690-1696, 1698-1702, 1704)։ 1696 թվականին Երուսաղեմի իր պատրիարքական աթոռը թողնելով մեկնել է Էջմիածին։ Որից հետ, 1698 թվականին մեկնել է Կոստանդնուպոլիս և կրկին վերադարձել Երուսաղեմ՝ կրկին ստանձնելով պատրիարքի իր պաշտոնը։ 1702 թվականին եկեղեցական ներքին պառակտումների հետևանքով կորցրել է իր աթոռը՝ ի օգուտ Ավետիք Եվդոկացու։ Սակայն 1704 թվականին կրկին բարձրացել է պատրիարքի գահին և ղեկավարել մինչև մահը՝ նույն թվականի նոյեմբերի 24 (դեկտեմբերի 5)։

Գրական-հրատարակչական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինաս Ամդեցու Հայ թագավորների ժամանակագրություն գրքի էջ
1735 թվականի հրատարակություն, Կոստանդնուպոլիս

Պահպանվել են նրա գրչագրած ձեռագրերը և այդ ժամանակահատվածում նրա հանձնարարությամբ կատարված որոշ ձեռագրերի կրկնօրինակները, որոնցից առավել արժեքավոր են Սամուել Անեցու «Ժամանակագրության» և Մխիթար Գոշի «Դատաստանագիրք» աշխատությունների (1687) գրչագրումները։

1700-1701 թվականներին հրատարակել է Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» երկի առաջին ամբողջական բնագիրը և նրա ներբողյանները[1]։ Գրել է (1698) «Ազգաբանութիւն Հայոց» երկը (1870, «Ազգաբանութիւն թագաւորացն Հայոց» 2 հրտ․), որի սկզբի մասը հայոց պատմության (Հայկից մինչև Լևոն Զ), իսկ շարունակությունը հռոմեական ու բյուզանդական կայսրերի համառոտ ժամանակագրությունն է։ Գրել է (1680 - 1704) նաև «Օրագրութիւն» (անտիպ), որն ունի ինքնակենսագրական արժեք և XVII դարի վերջին քառորդի ու XVIII դարի սկզբի հայ հասարակական-քաղաքական կյանքի մասին վավերական սկզբնաղբյուր է՝ տեղագրական հարուստ տվյալներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Չամչյան Մ․, Պատմութիւն Հայոց, հ․ 3, Վնտ․, 1786
  • Օրմանյան Մ․, Ազգապատում, մաս 2, ԿՊ, 1914
  • Քյոմուրճյան Ե․ Չ․, Օրագրութիւն, Երուսաղեմ, 1939։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 554 CC BY-SA icon 80x15.png