Մեսրոպ Գրիգորյան
Մեսրոպ Գրիգորյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 25, 1932[1] |
Ծննդավայր | Հալեպ |
Մահացել է | հունվարի 14, 2017[2] (84 տարեկան) |
Մահվան վայր | Ավստրիա |
Կրթություն | Հայկազյան ազգային վարժարան (1946) և Դարհեմի համալսարան |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր և արվեստագիտության դոկտոր |
Մասնագիտություն | հայագետ և կրոնական ծառայող |
Աշխատավայր | Հովակիմյան-Մանուկյան վարժարան |
Զբաղեցրած պաշտոններ | եպիսկոպոս |
Պարգևներ և մրցանակներ |
Մեսրոպ Գրիգորի Գրիգորյան (Գևորգ Յումուրթաճյան, (հոկտեմբերի 25, 1932[1], Հալեպ - հունվարի 14, 2017[2], Ավստրիա), հայագետ, եկեղեցական գործիչ, եպիսկոպոս (1986)։ Փիլիսոփայության և արվեստագիտության դոկտոր (1964)։ Վիեննայի համալսարանի պրոֆեսոր (1986)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեսրոպ Գրիգորյանը ծնվել է 1932 թվականի հոկտեմբերի 25-ին, Գրիգոր և Երանուհի Գրիգորյանների ընտանիքում, Հալեպում։ 1939-1946 թվականներին նախնական կրթություն է ստացել Հալեպի Հայկազյան հայկական վարժարանում։ 1946-1947 թվականներին սովորել է Հալեպի Բեթել վարժարանում, 1947- 1953 թվականներին՝ Անթիլիասի դպրեվանքում։ 1961 թվականին ավարտել է Դարհեմի համալսարանը։ 1952 թվականին Դերենիկ եպիսկոպոս Փոլադյանի ձեռամբ ձեռնադրվել է սարկավագ, 1953 թվականի հուլիսին՝ Դերենիկ Փոլադյանի ձեռամբ ձեռնադրվել կուսակրոն քահանա՝ վերանվանվելով Մեսրոպ։ 1953 թվականի հոկտեմբերից մինչև 1956 թվականի ամառ Անթիլիասի դպրեվանքում դասավանդել է հայոց պատմություն, գրաբար և մատենագրություն, միաժամանակ պաշտոնավարել է որպես գրադարանի փոխտնօրեն, ձեռագրատան գլխավոր պատասխանատու և տպարանի տեսուչ։ 1956 թվականին պաշտպանել է վարդապետական թեզ «Կիլիկիո կաթողիկոսության` Անթիլիասի ձեռագրերի ընդարձակ նկարագրությունները» թեմայով և Աստվածածնի վերափոխման տոնին վարդապետական աստիճան է ստացել` ձեռամբ Տեր Խադ արքեպիսկոպոս Աջապահյանի։ 1956-1957 թվականներին եղել է Անկախ Միաբանության դպրեվանքի տեսուչ։ Տեսչության ընթացքում ուսանողների հետ Բիքվայայից բռնի հեռացվել է, ապա հաստատվել Բեյթ Մերի գյուղում` հայ ազգայինների հովանավորությամբ մեկ տարի ևս շարունակելով դպրեվանքի դասերը և տեսչությունը։ 1957 թվականից մինչև 1958 թվականի դեկտեմբեր Բեյրութի Հովակիմյան-Մանուկյան վարժարանում դասավանդել է կրոն, գրաբար և մատենագրություն։ 1957-1958 թվականներին եղել է «Սփյուռք» շաբաթաթերթի հիմնադիրներից և հրատարակիչներից։ 1959-1961 թվականների ուսման տարիներին, եղել է Վիեննայի այցելու հոգևոր հովիվ։ 1962 թվականից եղել է ավտրիահայ թեմի առաջնորդ։ 1964 թվականի աշնանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` ձեռամբ Վազգեն Ա կաթողիկոսի, ստացել է ծայրագույն վարդապետի աստիճան։ 1964-1974 թվականներին եղել է Մայր Աթոռի պաշտոնական ներկայացուցիչը ԵՀԽ-ում։ 1969 թվականին պաշտոնապես նշանակվել է «Պրո Օրիենտեի» աստվածաբանական խորհրդատու և Մայր Աթոռի ներկայացուցիչ։ 1980 թվականին Վազգեն Ա կողմից նշանակվել է Կանոնադրության հանձնախմբի անդամ։ 1982 թվականին եղել է Վիեննայի համալսարանի բյուզանդագիտական ֆակուլտետի հայոց պատմության և հայ հին մատենագրության պատմության դասախոս[3]։ 1986 թվականին ձեռնադրվել է եպիսկոպոս։ Երկար տարիներ գործակցել է «Հանդես ամսօրյա» ամսագրին։
Ուսումնասիրությունները վերաբերում են հայ ժողովրդի պատմությանը, մատենագիտությանը[4]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արքության պատիվ (60-ամյակի առթիվ, 1992)։
- Ս. Ներսես Շնորհալի շքանշան, 2002։
- Ս. Սահակ-Ս. Մեսրոպ շքանշան (քահանայական ձեռնադրության 50-ամյակի առթիվ), 2003։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ստեփանոս Սիւնեցի, 1958։
- Հայկական համայնքի մասնակցությունը Օսմանյան կայսրության Արևելյան Անատոլիայի և Սիրիայի հանրային կյանքին. 1860-1908, 1964 (անգլերեն)։
- Նոր նիւթեր և դիտողություններ հրատարակիչ Վանանդեցւոյ մասին, 1969։
- Կոստանդնուպոլսի գրավումը 1453 թվականին. հայկական հայեցակետը, 1981 (գերմաներեն)։
- Ֆրանց Վերֆել և Կոմիտաս, 1999 (գերմաներեն)։
- Հայ եկեղեցին 2003 (գերմաներեն)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=9180
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, էջ 313, 2005։
- ↑ «Կոհա առցանց քարտարան › Հեղինակավորի որոնում › Գրիգորյան, Մեսրոպ Գրիգորի, 1932- (Personal Name)»։ armunicat.nla.am։ Վերցված է 2020-03-04
|