Կումրանի ձեռագրեր
Կումրանի ձեռագրեր | |
---|---|
Հեղինակ | անհայտ |
Տեսակ | հնագիտական առարկա, group of manuscripts? և discovered text? |
Կազմված է | The Great Psalms Scroll?, War of the Sons of Light Against the Sons of Darkness?, Qumran calendrical texts?, 4QMMT?, Habakkuk Commentary?, Damascus Document? և Copper Scroll? |
Մասն է | հուդայականություն |
Dead Sea Scrolls Վիքիպահեստում |
Կումրանի ձեռագրեր, Մեռյալ ծովի հյուսիսարևմտյան ափին, Վադի-Կումրան շրջանի անձավներից հայտնաբերված (1947 թվականից) եբրայերեն, արամեերեն, հունարեն, լատիներեն, ասորերեն, արաբերեն հին ձեռագրերի պայմանական անվանումը։ Գրելանյութերը՝ մագաղաթ, պապիրուս, աղյուս, պղինձ, փայտ։
Շուրջ 600 երկրի ավելի քան 40 հազար ձեռագիր հատվածներ (մեծ մասամբ՝ չհրատարակված) պատկանել են մեր թվարկությունից առաջ II- մեր թվարկության 68 թվականին Խուդայի անապատում միայնացած համայնքի աղանդավորներին, որոնք հակադրվել են հուդայական պաշտոնական կրոնին։ Կումրանի աղանդավորները (միայն այր մարդիկ) ապրել են համայնական սկզբունքով (համատեղ պարտադիր աշխատանք, միասնական սեփականություն, ընդհանուր հացկերույթ)։
Համայնքի հիմնադիրն ու գաղափարախոսը եղել է անանուն «Արդարության ուսուցիչը», որին իբր վերուստ շնորհվել են նույնիսկ մարգարեներին անհայտ գաղտնիքներ։ Համայնքի կարևոր ստեղծագործություններից են Կանոնադրությունը, Դամասկոսյան վավերագիրը, Պատերազմի գալարը, Ձոները, աստվածաշնչային գրքերի մեկնություններ, պատարագային և կատարածաբանական բնագրերի ժողովածուն, որոնցում արտահայտված են աղանդի գաղափարախոսությունը, հասարակության զարգացման մակարդակը և կազմակերպչական սկզբունքները։ Անվավերական բազմաթիվ հատվածներ Հին կտակարանի նախականոնական տարբերակներ են։
Մասադա ամրոցի (Մեռյալ ծովի ափի հարավարևմտյան մասում) պեղումներով (1963—1965 թվականներին) հայտնաբերվել են եբրայեցերեն և արամեերեն (այդ թվում՝ խեցիների վրա գրված տնտեսական 795 փաստաթուղթ), հունարեն, և լատիներեն ձեռագրեր, որոնք կարևոր նշանակություն ունեն նաև Կումրանի ձեռագրերի թվագրման համար։ Մասադայի արխիվը դեռևս հրատարակված չէ, բացի Բեն-Սիրի պարականոն ստեղծագործությունների ձեռագրերից։ Հրեական անապատի քարայրերում 1952 թվականին և 1960—1961 թվականներին աստվածաշնչային ձեռագրերի հետ գտնվել են գործնական, տնտեսական և իրավաբանական փաստաթղթերի արխիվներ (եբրայեյերեն, արամեերեն, նաբաթեերեն և հունարեն), որոնք լույս են սփռում Հրեաստանի և Նաբաթեայի հարաբերությունների վրա 2-րդ-3-րդ դարերում։ Առայժմ հրատարակված է միայն Վադի-Մուրաբբաատի արխիվը։ Հերբեթ-Միրդում (Վադի-Կումրանից հարավարևմտյան) 1952—1953 թվականներին հայտնաբերվել են առավելապես ասորերեն և հունարեն, ինչպես նաև արաբերեն (4-րդ—8-րդ դարերում) ձեռագրեր։ Գտնված են Նոր կտակարանի և պարականոն գրականության հատվածներ, գործնական փաստաթղթեր, ինչպես և մի հատված Եվրիպիդեսի «Անդրոմաքե»-ից։
Կումրանցիները զգալի ազդեցություն են ունեցել մեր թվարկության I դարում ձևավորվող վաղ քրիստոնեական համայնքների վրա։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կումրանի ձեռագրեր» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 12)։ |