Մեծ ջրանցք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեծ ջրանցքի տեսքը Ռիալտոյի կամրջից

Մեծ ջրանցք (Գրանդ կանալ, իտալ.՝ Canal Grande), Վենետիկի ամենահայտնի ջրանցքը: Այն, սակայն, «ջրանցք» բառի նեղ իմաստով ջրանցք չէ, այսինքն` արհեստական եղանակով չի ստեղծվել, այլ նեղ վտակ է երկու կղզիների ծովածոցում, որոնցից մեկը Ռիալտոն է:

Ամենայն հավանականությամբ ջրանցքի անունով կղզին էլ են անվանել Ռիալտո: Լատիներեն` rivus altus անվանումը (բառացի` խոր վտակ) փոփոխվելով դարձել է «Ռիալտո»: Մեծ ջրանցքը քաղաքի տրանսպորտային գլխավոր ուղիներից է:

Առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրանցքը գիշերը

Ջրանցքն անցնում է քաղաքի ողջ տարածքով: Սկսվելով կայարանի մերձակա ծովածոցից` այն անցնում է ամբողջ քաղաքով շրջված S տառի հետագծով և ավարտվում է մաքսատան մոտ` Սան Մարկո և Լա Ջուդեկա ջրանցքներին միանալով:

Ջրանցքի երկարությունը 3.800 մ է, լայնությունը` 30-70 մ, խորությունը` 5 մ:

Ջրանցքը ափեր գրեթե չունի. դրանց փոխարինում են շինությունները, որոնք, որպես կանոն, կառուցված են ցցագերանների վրա և ունեն երկու ելք` մեկը դեպի փողոց, մյուսը դեպի ջրանցք:

Մեծ ջրանցքի մոտ են կենտրոնացված Վենետիկի ամենագեղեցիկ շենքերը: Հենց այդ պատճառով էլ վենետիկցիները իրենց գլխավոր ջրային զարկերակն անվանում են «ջրանցք-պալատ» (իտալ.՝ Canalazzo): Ջրանցքի ափերին կա ավելի քան 100 պալատ, այդ թվում` Կա' Ռեցոնիկո, Կա' դ'Օրո, Կա Ֆոսկարի, Պալացո Բարբարիգո:

Քանի որ հիմնական շարժումը կատարվում է ջրանցքով, ապա ջրանցքի վրա ընդամենը չորս կամուրջ կա` Ռիալտոյի կամուրջը, Ակադեմիայի կամուրջը, Սկալցին և Սահմանադրության կամուրջը:

Ջրանցքով կարելի է տեղաշարժվել գոնդոլների և վապորետոների միջոցով: Փոխադրման միջոց են ծառայում նաև լաստանավերը:

Տոնակատարություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանտա Մարիա դելա Սալյուտե
Մեծ ջրանցք
  • Սեպտեմբերի առաջին կիրակի օրը կայանում է մրցություն վենետիկցի գոնդոլավարների միջև: Իրադարձությանը հետևելու են գալիս հազարավոր հանդիսականներ: Մրցությունը կազմակերպվում է Կիպրոսի թագուհի Կատերինա Կորնարոյի պատվին, ով 1489 թվականին հրաժարվել է գահից: Գոնդոլավարները հագնում են 16-րդ դարի նավավարներին բնորոշ տոնական զգեստներ:
  • Նոյեմբերի 21-ին վենետիկցիները, ի նշան Աստվածամոր հանդեպ ունեցած երախտագիտության, կազմակերպում են տոնակատարություն այն բանի առթիվ, որ 1630-38 թվականներին քաղաքը փրկվել է ժանտախտի համաճարակից: Տոնի մասնակիցները, Մեծ ջրանցքն անցնելով ժամանակավոր կամրջով, ուղևորվում են Սանտա Մարիա դելա Սալյուտե տաճարը (իտալ.՝ Basilica di Santa Maria della Salute), որից հետո ճաշակում են իտալական ավանդական կերակուրներ:

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1896 թվականին օպերատոր Ալեքսանդրո Պրոմիոն աշխարհում առաջին անգամ իրականցրել է նկարահանում շարժման ընթացքում: Պրոմիոն նկարահանում է կատարել Մեծ ջրանցքով լողացող նավակին ամրացված տեսախցիկով[1]:

Մեծ ջրանցքի համայնապատկեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ժորժ Սադուլ Համաշխարհային կինոյի պատմություն. — Մոսկվա: Искусство, 1958.