Գոնդոլ
Գոնդոլ (իտալ.՝ góndola), վենետիկյան ավանդական թիավարական նավակ[1]: Վենետիկի խորհրդանիշերից մեկն է:
Պատմականորեն եղել է քաղաքի ջրանցքներով փոխադրման գլխավոր եղանակը: Ներկայումս զբոսաշրջիկների զվարճանքի ձև է: Վենետիկի հանրապետության անկման շրջանում հաշվվել է մի քանի հազար գոնդոլ: Գոնդոլավարի աշխատանքի արտոնագիրը հիմնականում փոխանցվում է հորից որդուն, ինչի հետևանքով գրեթե անհնար է կողմնակի մարդու` գոնդոլավար դառնալը:
Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Գոնդոլի չափերն ու կառուցվածքը կանոնադրությամբ սահմանվել են 18-րդ դարի վերջին:
Նավակի երկարությունը 11.05 մ է, լայնությունը` 140 սմ, հատակը հարթ է, առանց ողնափայտի: Դատարկ գոնդոլի քաշը մոտ 900 ֆունտ է (մոտ 400 կգ): Գոնդոլն անհամաչափ ձև ունի. ձախ թևի եզրագծի երկարությունը աջից 24 սմ-ով մեծ է: Նավակի կմախքը կլորավուն է, քիթը վեր է ցցված, որպեսզի ջրի հետ շփման մակերեսը առավելագույնս փոքր լինի, և թիավարը գոնդոլի ուղղությունը հեշտ կարգավորի:
Գոնդոլը պատրաստում են ութ տեսակի փայտից: Նավի կմախքի պատրաստ լինելուց հետո այն պատվում է մի քանի շերտ սև ստվերաներկով:
Գոնդոլը միայն մեկ թի ունի: Պատմականորեն դա պայմանավորված է եղել ջրանցքի նեղ լինելու հանգամանքով, քանի որ երկու թիերով նավակը շրջվել չէր կարող: Թին նավակին ամրացված է կողպեքով, որ կոչվում է ֆորկոլա (իտալ.՝ fórcola): Ֆորկոլան բարդ կառուցվածք ունի, որը թույլ է տալիս թին մի քանի դիրքով օգտագործել, ինչը հարմարավետ է դարձնում նավակի կառավարումը շրջադարձերին և հետ թիավարմանը` արագ և դանդաղ կարգավորում ապահովելով:
Գոնդոլի քթին ամրացվում է երկաթյա հատուկ սարք` ֆերո (իտալ.՝ ferro): Ֆերոյի տեղադրումը մի քանի նպատակ է հետապնդում. այն պահպանում է նավի քիթը հարվածներից, ապահովում է գոնդոլի վերջում կանգնած գանդոլավարի հավասարակշռությունը: Դրանով նավավարը կարողանում է որոշել կամրջի բարձրությունը` ճիշտ գնահատելով նրա տակով անցնելու հնարավորությունը: Ֆերոյի վրա կան վեց ելուստներ, որոնք խորհրդանշում են քաղաքի վեց շրջանները:
Գոնդոլով կարող են տեղափոխվել առավելագույնը վեց մարդ: Թույլատրվում է փոքր նավախցիկի առկայություն արևից ու անձրևից պաշտպանվելու համար: Նավակի կառուցվածքի առանձնահատկություններով պայմանավորված` գոնդոլավարը գրեթե միշտ նույն ջանքերն է կիրառում ինչպես դատարկ, այնպես էլ ուղևորներով լեցուն գոնդոլի թիավարման դեպքում:
Գոնդոլի կառուցվածքային շեղումներ թույլատրվում են միայն հատուկ կամ տոնական գոնդոլների դեպքում: Այդպիսին են, օրինակ, գոնդոլ դե ռիգատան (իտալ.՝ gondola di regatta), որ նախատեսված է մրցությունների համար, ինչպես նաև թեթև զբոսանավերը` տրագետոները (իտալ.՝ traghetto), որտեղ կարող են տեղավորվել 15 մարդ:
Վենետիկի Բուչինտորո դոժի գոնդոլը տարբերվել է մնացած բոլոր գոնդոլներից. այն ունեցել է 12 թիավար[2]:
Կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նավակի անհամաչափ ձևը թույլ է տալիս գոնդոլավարին նավակը կառավարել մեկ թիով` գտնվելով նավակի վերջում: Թիավարը, կանգնած թիավարելով նավակը, դրա ուղղությամբ առաջ նայելու լավ հնարավորություն է ունենում: Թին նաև ղեկի դեր է կատարում:
Գոնդոլի կառավարման ձևը ավելի շուտ ոչ թե թիավարումն է, այլ հրումը: Գոնդոլավարը տատանում է նավակը և թիով հատուկ հետագծով շարժումներ է կատարում:
Ի տարբերություն Շանհայի` Վենետիկում նավավարությունը բացառապես տղամարդու մասնագիտություն է, որ մեծ վարպետություն է պահանջում: Մասնագիտությունը սովորաբար ժառանգաբար է փոխանցվում հորից որդուն: Մասնագիտությունը ռոմանտիկ է. գոնդոլավարները նույնիսկ հատուկ երգ ունեն նավավարի` բարկարոլայի (իտալ.՝ barca, բառացի` նավակ) մասին:
2009 թվականին Վենետիկում հայտնվել է գոնդոլավարի արտոնագիր ունեցող առաջին կին նավավարը[3]:
Մրցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամեն տարի սեպտեմբերի առաջին կիրակի օրը Վենետիկում կազմակերպվում է պատմական ռեգատա (իտալ.՝ Regata Storica): Մրցությունից առաջ անցկացվում է գոնդոլների շքերթ, որից հետո` գոնդոլավարների մրցություն: Մրցության երկարությունը 7 կմ է: Ամեն կղզի կամ շրջան իր պարտքն է համարում գոնդոլ ներկայացնել մրցույթում[4]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Гондола, венецианская лодка»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- ↑ О. Курти «Постройка моделей судов. Энциклопедия судомоделизма», перевод с итальянского А. А. Чебан, Издательство «Судостроение», Ленинград 1988 (второе издание), Часть Вторая, Глава XIII «Якоря, малые плавучие средства и рули», раздел «Мелкие суда», страница 383
ББК 75.717.96, К 93, удк 629.12.(086.5),
Orazi Curti «Modeli navali. Enciclopedia del modelismo navale», U.Mursia & C.Milano - ↑ В Венеции появилась первая женщина-гондольер
- ↑ знаменитая Regata Storica (Историческая регата)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|