Հրաչիկ Փանոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Հրաչիկ Փանոյան
Ծնվել է դեկտեմբերի 18, 1922(1922-12-18)
Ծննդավայր Ղարաքիլիս, Գուգարքի շրջան
Մահացել է օգոստոսի 28, 2000(2000-08-28) (77 տարեկանում)
Մահվան վայր Վանաձոր, Հայաստան
Ազգություն հայ
Կրթություն Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտություն բժիշկ և հոգեբույժ
Պարգևներ Հայկական ԽՍՀ վաստակավոր բժիշկ, Հայրենական պատերազմի շքանշան, Կարմիր Աստղի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան

Հրաչիկ Փանոյան (դեկտեմբերի 18, 1922(1922-12-18), Ղարաքիլիս, Գուգարքի շրջան - օգոստոսի 28, 2000(2000-08-28), Վանաձոր, Հայաստան), հայ բժիշկ, հոգեբույժ, առողջապահության կազմակերպիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1922 թ. դեկտեմբերի 18-ին Կիրովական (ներկայումս Վանաձոր քաղաքում՝ ծառայողների ընտանիքում։ 1930-1940 թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Կիրովականի թիվ 2 դպրոցը։ 1940-1941 թթ. եղել է Սամարղանդի սանինստրուկտորների դպրոցի կուրսանտ։

1941-1945 թթ. մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին։ Ծառայել է Խորհրդային բանակի 2-րդ Ուկրաինական և Տափաստանային հետևակային դիվիզիայի 12-րդ գնդում՝ որպես ֆելդշեր։ Ծառայության բերումով եղել է Չեխոսլովակիայում, Ռումինիայում, Հունգարիայում, Ավստրիայում, որտեղ պարգևատրվել է «Վիեննայի ազատագրման մեդալ»-ով։ 1946-1951 թթ. սովորել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում։

Վերապատրասստման դասընթացներ է անցել Երևանում (1951, 1968, 1988) և Մոսկվայում (1954, 1966, 1969, 1972)։ 1951-1955 թթ. աշխատել է Կիրովականի 1-ին բուժմիավորման հոգեբուժական կաբինետի բժիշկ։ 1955-1993 թթ. աշխատել է իր կողմից հիմնադրված Կիրովականի միջշրջանային հոգեբուժական դիսպանսերի գլխավոր բժիշկ։ 1973 թ. ԵրԲի-ում պաշտպանել է թեկնածուական թեզ՝ Հոգեկան հիվանդությունների էպիդեմիոլոգիան Հայաստանի հյուսիսային շրջաններում թեմայով և ստացել բժշկագիտության թեկնածուի գիտական աստիճան։

1951-1975 թթ. դասավանդել է Կիրովականի բժշկական ուսումնարանում։ 1975-1993 թթ. դասախոսել է Կիրովականի, այնուհետև՝ Վանաձորի մանկավարժական ինստիտուտում՝ 1982 թ-ից հանդիսանալով մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ։ Գիտական ուսումնասիրությունները նվիրված են հոգեբուժության և հոգեբանության խնդիրներին։ Հեղինակ է մեկ տասնյակ գիտական հոդվածների։ Մասնակցել է միջազգային միութենական և հանրապետական գիտաժողովների Մոսկվայում (1954, 1967, 1975), Վորոնեժում (1972), Երևանում։

Տիրապետել է հայերեն, ռուսերեն, գերմաներեն լեզուներին։

1943 թ. ընդունվել է Կոմունիստական կուսակցության շարքերը։ Եղել է Հայաստանի Կոմկուսի 28-րդ համագումարի պատգամավոր։ 1965-1988 թթ. անընդմեջ եղել է Կիրովականի քաղաքային խորհրդի պատգամավոր։ Եղել է Կիրովականի քաղխորհրդի առողջապահության և սոցիալական ապահովության մշտական հանձնաժողովի նախագահը, Կիրովականի Սթափության ընկերության նախագահը, Գիտելիք ընկերության դասախոս, Պատերազմի և աշխատանքի վետերանների խորհրդի նախագահության անդամ։

Մահացել է 2000 թ. օգոստոսի 28-ին Վանաձոր քաղաքում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Հայրենական պատերազմի՝ 2 և Կարմիր աստղի շքանշաններով, Հայրենական Մեծ պատերազմի 11 մեդալներով, Առողջապահության գերազանցիկի նշանով, Գիտելիք ընկերության, Կարմիր խաչի և մահիկի պատվոգրերով, շնորհակալագրերով և այլն։ 1970 թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր բժշկի կոչման։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թ-ին նրա հիմնադրած հոգենյարդաբանական դիսպանսերը վերանվանվել է և կրում է Հրաչիկ Փանոյանի անվան Լոռու մարզի հոգենյարդաբուժական դիսպանսեր անունը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, 100 հայ հոգեբույժներ, Գիրք Ա, Երևան, 2002: