Հույզերի կապը պերցեպտիվ և կոգնիտիվ գործընթացների հետ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մեր հոգեկանը իրականացնում է արտացոլման և կարգավորման գործառույթներ։ Արտացոլող գործառույթն ապահովում են պերցեպտիվ (զգայություն, ընկալում) և կոգնիտիվ (հիշողություն, երևակայություն, մտածողություն, խոսք) գործընթացները։ Կարգավորման գործառույթն ապահովում են հույզերն ու կամքը։ Որոշ հեղինակներ գտնում են, որ հույզերը նույնպես մասնակցում են հոգեկանի արտացոլման գործառույթի իրականացմանը։ Հատկապես սա դրսևորվում է Դադոնովի «Հույզը որպես արժեք» աշխատությունում, որտեղ հույզերը սահմանվում են որպես գործընթաց, որոնք իրենցից ներկայացնում են արտաքին և ներքին աշխարհի վերաբերյալ մուտք գործող ինֆորմացիայի գնահատման գործունեություն։ Չնայած գործառույթների այս տարաբաժանմանը, այս բոլոր գործընթացները փոխկապակցված են, փոխպայմանավորված և նրանցից յուրաքանչյուրի հասկացումը հնարավոր է միայն այս գործընթացների փոխկապվածության շղթան դիտարկելիս։ Իզարդի տված հույզերի սահմանումը դիտարկելիս անիջականորեն բախվում ենք հենց այդ կապին։ Հույզն ապրվում է որպես զգացում, որը դրդապատճառում, կազմակերպում, ուղղորդում է ընկալումը, մտածողությունը, գործողությունները։
Հույզերի և պերցեպտիվ գործընթացների կապ
[խմբագրել | խմբագրել կոդը]Զգայությունը մեր զգայարնների վրա անմիջականորեն ազդող առարկաների առանձին հատկությունների արտացոլումն է մեր հոգեկանում։
Նեյրոֆիզիոլոգիական մակարդակում զգայությունը օրգանիզմի էլեկտրաքիմիական ռեակցիան է, որն առաջանում է ի պատասխան արտաքին կամ ներքին ստիմուլյացիային։ Գիտակցական մակարդակում զգայությունը իրենից ներկայացնում է այդ էլեկտրաքիմիական ռեակցիայի ապրում։ Մարդու կոնտակտը արտաքին միջավայրի հետ սկսվում է ընկալիչների վրա զգայական գրգռիչների ազդեցությունից։ Այդ գրգռիչները ինֆորմացիա են տալիս օբյեկտների և իրադարձությունների հատկությունների մասին, բայց միևնույն ժամանակ առաջացնում են աֆեկտիվ բնույթի փոփոխություններ։ Մի մոդալությունում հուզական բաղադրիչն ունի երկրորդային նշանակություն, մեկ այլ մոդալությունում՝ դոմինանտող։ Ենթադրվում է, որ տեսողական զգայություններում դոմինանտում է ճանաչողական բաղադրիչը, իսկ ցավային զգայություններում՝ աֆեկտիվ բաղադրիչը։ Հույզերը, որոնք աջանում են սենսոր գրգռիչներով պայմանավորված, կարող են լինել ինչպես դրական, այնպես էլ բացասական։ Հույզի նշանը այստեղ կախված է նախ և առաջ գրգռիչի որակից։ Պետք է նաև նշել, որ միևնույն ինտենսիվությամբ գրգռիչի կրկնությունները հանգեցնում են հուզական երանգավորման փափոխության։ Գրգռիչների կրկնությունը հանգեցնում է գրգռիչի հետաքրքրության իջեցմանը։
Ընկալումը հոգեկան իմացական գործընթաց է, որը տվյալ պահին անիջականորեն մեր զգայարանների վրա ազդող առարկաների ու երևույթների ամբողջական արտացոլումն է՝ հոգեկան պատկերներ ձևով։ Գիտակցությունը միշտ բնութագրվում է հուզականության որոշակի մակարդակով, այդ պատճառով էլ կարելի է պնդել, որ երևույթների, առարկաների, մարդկանց ընկալմանը պարտադիր նախորդում է հույզ կամ հույզերի կոպլեքս։ Հույզերն անմիջականորեն ազդում են ընկալման գործընթացի վրա՝ ֆիլտրելով և մոդիֆիկացնելով այն զգայական ինֆորմացիան, որը գիտակցություն է գալիս ընկալիչներից։ Հենց այն պատճառով, որ հույզերը գիտակցության հետ փոխազդում են զգայական ինֆորմացիայի ընդունման մակարդակում, զգայությունները գիտակցությունում չեն գիտակցվում «մաքուր ձևով»։
Ընկալումը հանդիսանում է բարդ գործընթաց։ Այն ներառում է այնպիսի գործընթացներ, ինչպիսիք են պատկերի ֆոնից առանձնացումը, ընկալվող օբյեկտի մեծության, պայծառության, հեռավորության գնահատումը, օբյեկտի բաղկացուցիչ դետալների առանձնացումը։ Այս գործընթացներից յուրաքանչյուրը կարող է փոփոխությունների ենթարկվել հուզական գործոնների ազդեցության տակ։
Մի շարք տվյալներ ցույց են տալիս, որ առարկաները, որոնք ունեն հուզական նշանակություն, մի փոքր այլ ձևով են ընկալվում, քան նեյտրալ առարկաները, և նրանք ակցենտուացվում են, ինչը հանգեցնում է նրանց մեծության գերագնահատմանը, ֆոնից ավելի լավ առանձնացմանը և այլն։
Հույզերի և կոգնիտիվ գործընթացների կապ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հույզերի և կոգնիտիվ գործընթացների միջև առկա են «երկկողմանի փոխհարաբերություններ»։ Տրամաբանական է ենթադրել, որ հույզը կարող է հանդիսանալ կոգնիտիվ գործընթացի պատճառ և ազդել նրա ընթացքի վրա, այնպես էլ կա հակառակ կապ կոգնիտիվ գործընթացների և հույզերի միջև։
Հետազոտությունների տվյալները վկայում են այն մասին, որ հույզերի ազդեցությամբ ճանաչողական գործընթացի բոլոր տեսակները ենթարկվում են որոշակի փոփոխությունների։ Այդ մոդիֆիկացիաների արդյունքում նրանք նախ ձեռք են բերում ընտրողականություն և ուղղվածություն։ Մտածողությունը իրականության ընդհանրացված և միջնորդավորված արտացոլման գործընթացն է իրական կապերում և հարաբերություններում։ Մտածողությունը ճանաչողական գործունեության գործընթաց է, որի ժամանակ սուբյեկտը կատարում է տարբեր տեսակի ընդհանրացումներ՝ ներառելով պատկերներ, հասկացություններ։ Չնայած տրամաբանական օպերացիաները մտնում են մտածողության կազմի մեջ, սակայն միշտ չէ մտածողությունը հանդես գալիս որպես գործընթաց, որում գործում են միայն տրամաբանությունը և բանականությունը։ Մտածողությոն գործընթացին հաճախ «միջամտում են» հույզերը՝ փոփոխելով մտածական գործունեության ընթացքը։ Ռուբինշտեյնը այս կապակցությամբ գրում է. «Ենթարկվելով կույր զգացմունքի անվերապահ գերիշխանությանը` միտքը սկսում է երբեմն ղեկավարվել սուբյեկտիվ ապրմանը, այլ ոչ թե օբյեկտիվ ռեալությանը համապատասխան»։
Դադոնովը նշում է, որ հույզերի և մտածողության միջև առավել շատ ընդհանրություններ գոյություն ունեն, քան մտածողության և զգայության ու ընկալման միջև։ Հույզերն ու մտածողությունը իրենցից ներկայացնում են ներքին գործունեություն, որում իրականության մասին առաջնային ինֆորմացիան ենթարկվում է որոշակի վերամշակման։ Խնդրի լուծման սկզբունքը գտնելու կամ էլ նրան ինտուիտիվ զգացման առաջացման ժամանակ մարդու մոտ առաջանում է հուզական դրդման վիճակ։
Անհատի կողմից իր փորձի մտապահումը, պահպանումը և հետագա վերարտադրումը անվանում են հիշողություն։ Հիշողության և հույզերի կապի օրենքը կայանում է հետևյալում. որքան ավելի արտահայտված հուզական ռեակցիա է մարդու մոտ առաջացնում այս կամ այն նյութը, այնքան ավելի լավ և «ամուր» է այն մտապահվում։ Այն, ինչը չի առաջացնում ընդհանրապես որևէ հուզական ռեակցիա, չի մտապահվում ընդհանրապես կամ էլ մեծ դժվարությամբ է մտապահվում։
Երևակայությունը հոգեկան գործունեության յուրահատուկ գործընթաց է, որը միևնույն ժամանակ հանդես է գալիս որպես առանձնացված գործընթաց, և ընկալման, մտածողության և հիշողության միջանկյալ օղակ է։ Աայն այնպիսի պատկերացումների և մտային իրավիճակների ստեղծման հոգեկան գործընթաց է, որոնք երբևիցե չեն ընկալվել մարդու կողմից։ Երևակայության գործունեությունը սերտորեն կապված է անձի հուզական ոլորտի հետ։ Հույզերի և երևակայության կաը երկկողմանի է. մի կողմից հույզերն ազդում են երևակայության վրա, մյուս կողմից էլ երևակայության պատկերները ազդում են հույզերի վրա։ Օրինակ, վախի ազդեցությանմբ երեխայի երևակայությունը պատկերում է մի շարք վտանգներով տեսարաններ։ Մյուս կողմից էլ երևակայական պատկերները կարող են որոշակի հույզեր առաջացնել։ Եվ չնայած երևակայության կողմից ստեղծված պատկերը իրական չէ, հույզերը ապրվում են որպես միանգամայն իրական։ Հույզեր և կոգնիտիվ գործընթացների կապի յուրահատուկ մեկնաբանություն տեսնում ենք հույզերի կոգնիտիվ տեսություններում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Рейковский Я. Экспериментальная психология эмоций. M.,1979.С. 179-212.
- Вилюнас В. К.,Гиппенрейтер Ю. Б. Психология эмоций.— М.։ Изд-во Моск. ун-та, 1984. —288 с.
- Հայրապետյան Դ. Ռ.,Իմացական գործընթացների պրակտիկում (Հիշողություն, մտածողություն և խոսք, երևակայություն)։ Ուսումնամեթոդական ձեռնարկ. - Եր.։ ԵՊՀ հրատ., 2009, - 190 էջ