Հորդանանի ազգային խորհրդանիշներ
Հորդանանի ազգային խորհրդանիշներ (արաբ․՝ رموز وطنية في الأردن), Հորդանանի թագավորության պետական խորհրդանիշերը և այն խորհրդանիշերը, որոնք օգտագործվում են Հորդանանում և արտասահմանում երկիրը և նրա ժողովրդին ներկայացնելու համար:
Հորդանանի թագավորության կողմից պետականորեն ընդունված երեք խորհրդանիշերն են դրոշը, զինանշանը և օրհներգը, որը կոչվում է «Աս-սալամ ալ-մալաքի ալ-ուրդունի»:
Պետական խորհրդանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հորդանանի դրոշ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հորդանանի դրոշը Հորդանանի թագավորության գլխավոր խորհրդանիշերից մեկն է: Այն ներկայացնում է Հորդանանը երկրի ներսում և աշխարհում:
Այս դրոշը իրենից ներկայացնում է երեք հորիզոնական գծեր, որոնք ունեն համապատասխանաբար սև, սպիտակ և կանաչ գունավորում: Այս գույները միացված են շևրոնով, իսկ շևրոնի վրա պատկերված է յոթանկյուն աստղ[1]:
Հորդանանի թագավորության դրոշը ընդունվել է 1928 թվականի ապրիլի 18-ին:
Վերջինիս հիմքում ընկած է այն դրոշը, որը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին խորհրդանշում էր Հորդանանի ժողովրդի ազգային-ազատագրական հեղափոխությունը՝ ընդդեմ Օսմանյան կայսրության[2]:
Հորդանանի զինանշան[խմբագրել | խմբագրել կոդը]
Հորդանանի զինանշանը երկրի երեք պետական խորհրդանիշերից մեկն է: Այն կարևոր դեր ունի երկրի մշակույթում և միջազգային հարաբերություններում:
Զինանշանը ընդունվել է 1921 թվականին՝ Աբդուլլահ I իբն ալ-Հուսեյնի օրոք: Այն նաև ծառայում է, որպես երկիրը կառավարող Հաշիմյան թագավորական արքայատոհմի պաշտոնական խորհրդանիշ:
1982 թվականին նախարարների խորհրդի հրապարակած թիվ 6 պաշտոնական հայտարարության մեջ ներկայացվել են զինանշանի առանձնահատկությունները:
Հորդանանի օրհներգ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հորդանանի թագավորության ազգային օրհներգը կրում է «Հորդանանի թագավորական հիմն» կամ «Աս-սալամ ալ-մալաքի ալ-ուրդունի» անվանումը (արաբ․՝ السلام الملكي الأردني): Որպես թագավորական օրհներգ ընդունվել է 1946 թվականին:
Հորդանանի թագավորական հիմնի հեղինակը պաղեստինա-լիբանանյան բանաստեղծ և Հորդանանի նախկին վարչապետ Աբդել Մունիմ ալ-Ռիֆայն է (արաբ․՝ عبد المنعم الرفاعي): Այն գրվել է 1939 թվականին:
Օրհներգի հիմքում ընկած է թագավորի և Հաշիմյանների վեհության գաղափարը: Թագավորը ներկայացվում է, որպես Հորդանանի արաբների մեծ:
Բնական խորհրդանիշեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ազգային և պանարաբական գույներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Որպես խորհրդանշական գույներ, Հորդանանում օգտագործվում են պանարաբական կամ համաարաբական գույները, որոնք արդիական են նաև արաբական մյուս պետություններում՝ Եգիպտոսում, Սիրիայում, Քուվեյթում, Սուդանում, Իրաքում և այլն:
Գրեթե բոլոր պանարաբական գույները՝ կարմիր, սև, սպիտակ, կանաչ, օգտագործվում են Հորդանանի թագավորության դրոշի և զինանշանի վրա:
Սև գույնը խորհրդանշում է Աբբասյան խալիֆայությունը, մի պետություն, որը սերում էր Մուհամմադ մարգարեի հորեղբայր Աբբասի գերդաստանից։ Շուրջ երկու դար խալիֆայությունը ծաղկում էր, սակայն ավատատիրական մասնատվածությունը վերջիվերջո հանգեցրին խալիֆայության անկմանը և նվաճմանը մոնղոլների կողմից։
Սպիտակը՝ Օմայյան խալիֆայության ազգային գույնն է: Հանդիսանում է Արաբական խալիֆայության առաջին ժառանգական դինաստիան։
Ֆաթիմյան խալիֆայության խորհրդանշական գույնը կանաչն է, որն էլ հանդիսանում է երկրի դրոշի միակ գույնը:
Կարմիր գույնը խորհրդանշում է արաբական փառահեղ հեղափոխությունը կամ «արաբական զարթոնքը»:
Հորդանանի թագավորության գույները օգտագործվում են նաև Հորդանանի ֆուտբոլի ազգային հավաքականի և այլ սպորտային ակումբների խորհրդանշանների վրա: Այն կիրառվում է նաև կրթական հաստատությունների պատկերանիշների վրա:
Կենսաբանական խորհրդանիշեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Հորդանանի կենսաբանական խորհրդանիշերն են ազգային ծառը, ազգային կենդանին, ազգային թռչունը և ազգային ծաղիկը:
Հորդանանի ազգային ծառը համարվում է լեռնային կաղնին: Այս կաղնին Հորդանանում տարածված լինելուց բացի աճում է նաև Հունաստանում, Իսրայելում, Սիրիայում, Լիբանանում և Թուրքիայում: Պատկանում է կաղնիների ընտանիքին:
Հորդանանի ազգային թռչունը դժգույն ոսպնուկն է, որը իրենից ներկայացնում է ճնճղուկազգիների կարգի, սերինոսազգիների ընտանիքի թռչուն: Որպես ազգային թռչուն ընտրվել է դժգույն ոսպնուկը, քանի որ նրա մարմնի գունավորումը շատ նման է Պետրա քաղաքի գունավորմանը[3]:
Այս արաբական երկրի ազգային ծաղիկը սև իրիսն է: Այս ծաղիկը հանդիպում է ամբողջ Հորդանանում, հատկապես՝ Մաանի մուհաֆազայում:
Սպիտակ օրիքսը Հորդանանի ազգային կենդանին է և նաև երկրի գլխավոր խորհրդանիշերից մեկը: Այս կենդանին օրիքսների ցեղի ամենափոքր ներկայացուցիչն է: Տարածված է, ոչ միայն Հորդանանում, այլ նաև Օմանում, Իսրայելում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Սաուդյան Արաբիայում: Համարվում է Արաբական թերակղզու էնդեմիկ կենդանատեսակ:
Ազգային ուտեստ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հորդանանի ազգային ուտեստը մանստաֆն է (արաբ․՝ المنسف الاردني): Այն նաև երկրի ամենատարածված ճաշատեսակներից է:
Մանստաֆի գլխավոր բաղադրամասերն են յուղալի սոուսով համեմված գառան միսը, յոգուրտը և բրինձը: Հորդանանում այն օգտագործվում է, որպես տոնական ուտեստ և պատրաստում ամանորյա տոներին, այլ տոների և հարսանիքների ժամանակ:
Մատուցվում է տարբեր սննդամթերքների հետ: Մանստաֆը բացի հորդանանյան խոհանոցից, օգտագործվում է նաև Պաղեստինի, Իրաքի, Սիրիայի և Սաուդյան Արաբիայի ազգային խոհանոցներում:
Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Ազգային օրհներգ»։ kinghussein.gov.jo։ Հորդանանի կառավարություն։ Վերցված է մայիսի 10, 2015
- ↑ «Աշխարհի դրոշներ՝ Հորդանան»։ Վերցված է մայիսի 10, 2015
- ↑ Հորդանանի ազգային թռչուն Archived 2016-09-19 at the Wayback Machine., դժգույն ոսպնուկ
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հորդանանի ազգային խորհրդանիշներ կատեգորիայում։ |