Հովվի կամուրջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովվի կամուրջ
Երկիր Թուրքիա
ՏեղանքԱվնիկ
Տեսակկամուրջ
Հատում էԱրաքս
Քարտեզ
Քարտեզ

Հովվի կամուրջ (թուրքերեն՝ Çobandede Köprüsü), պատմական կամուրջ Թուրքիայի Էրզրումի մարզում։

Տեղադիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամուրջը գտնվում է Էրզրումի մարզում՝ Ավնիկ (Քյոփրյուքյոյ) քաղաքի տարածքում (պատմական Հավնունիք գավառ)։ Կամուրջը կառուցված է Արաքս և Մուրց գետերի միախառնման վայրում։ Հովվի կամուրջն այսօր գտնվում է Էրզրում-Մուշ ավտոճանապարհի հարևանությամբ։ Այն այսօր չի գործում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1865 թվականին քահանա և վարդապետ Տիմեթեոսը արտագրել է Հովվի կամուրջի վրա եղած հայերեն արձանագրությունը։ Այնտեղ գրված էր. «Այս կամուրջը, որը կառուցել են հայերը, վերանորոգվել է Մագիստրոսի կողմից՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու և Դարոյնք ամրոցի հովանու ներքո 609 թվականին» (609 թվականը Գրիգորյան տոմարով 1160 թվականն է)։

1904 թվականին ոմն Քաջբերունի տեսել է այս և երկու արաբատառ արձանագրություն կամուրջի կամարների տակ՝ արևելյան հատվածում։ Նա նշել է, որ հայատառ արձանագրությունը գրեթե ջնջված էր մուրճի հարվածների հետևանքով և միայն «վերանորոգվել» բառն է ընթեռնելի։ Ո՛չ հայատառ, ո՛չ արաբատառ արձանագրություններն այսօր չեն պահպանվել։ Չորրորդ արաբատառ արձանագրությունը, որի մասին ներկայացրել է Քաջբերունին, այսօր էլ կա, սակայն խիստ վնասված է։ Այն գտնվում է եզրապատին։ Րաֆֆի Քորտոշյանը կարծում է, որ այն տեղադրվել է 1904 թվականից հետո։ Հայերեն արձանագրության մեջ հիշատակվող «Մագիստրոսը», ըստ Քորտոշյանի, կարող է լինել Գրիգոր Մագիստրոսի սերնդակիցներից մեկը[1]։ Գրիգոր Մագիստրոսը թաղված էր Բասենի մոտակայքում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցում։

Թուրք հետազոտողները նշում են, որ կամուրջը կառուցվել է Մոնղոլական արշավանքների ժամանակ՝ 13-րդ դարի վերջին[2]։ Համաձայն պահպանված մի գրառման, 1271 թվականի ջրհեղեղի ժամանակ Հովվի կամուրջի մոտ եղել է հին կամուրջ։ Այսպիսով, ըստ այդ վարկածի, կամուրջը կառուցվել է 1271 թվականից ավելի ուշ։ 13-րդ դարավերջին Անատոլիայի այդ իլխանությունում տիրում էր մոնղոլ զորավար ամիր Չոբանը[3]։

Հովվի կամուրջը վերանորոգման է ենթարկվել 1727 թվականին, այնուհետև՝ 1872 թվականին[4]։ 1946-1948 թվականներին լրացուցիչ վերանորոգվել է թուրքական բանակի կողմից[5]։

Տեխնիկական բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամուրջը կառուցվել է երեք գույնի քարերով (սև, կարմիր և մոխրագույն)։ Ընդհանուր երկարությունը 130 մետր է (430 ֆուտ)։ Կամուրջը նախկինում եղել է յոթնաթռիչք։ Այսօր կամարներից մեկը թաղված է հողի տակ։ Այս պահին կարամրների լայնությունը հետևյալն է. 11,50 մետր (37,7 ֆուտ), 13 մետր (43 ֆուտ), 14,50 մետր (47,6 ֆուտ), 15,50 մետր (50,9 ֆուտ), 15,50 մետր (50,9 ֆուտ) և 15,50 մետր (50,9 ֆուտ)[3]։ Կամուրջի մեջ կան կառուցված ութ սենյակներ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Raffi Kortoshian, "What is Concealed in the Turkish Information Boards", Vardzqporq, volume 4, 2011, pages 1-12.
  2. 2,0 2,1 Historical Bridges page by Prof. Gülsüm Tanyeli Արխիվացված 2020-10-02 Wayback Machine (tr)
  3. 3,0 3,1 Fügen İlter: Osmanlılara kadar Anadolu Türk Köprüleri, Karayolları Yayınları, pp.191-192
  4. «ÇOBANDEDE KÖPRÜSÜ». Kültür Portalı. Վերցված է 2020 թ․ մարտի 7-ին.
  5. Sinclair, T.A. (1989). Eastern Turkey: An Architectural & Archaeological Survey, Volume I. Pindar Press. էջ 232. ISBN 9780907132325.