Հնդկական ժողովրդական ապստամբություն
Թվական | 1857 թ. մայիս — 1859 թ. ապրիլ |
---|---|
Վայր | Փենջաբ–Բենգալիա (Հնդկաստան) |
Արդյունք | Ապստամբության ճնշումը Օստ-Հնդկական ընկերության վերացումը։ Հնդկաստանը անցնում է Բրիտանական գահի ուղիղ ենթակայության տակ։ |
Հակառակորդներ | |
Բրիտանական Օստ-Հնդկական ընկերություն Բրիտանական կայսրության բանակը Նեպալը | Սիփահիներ Հնդկաստանի 7 իշխանություններ |
Հրամանատարներ | |
Քոլին Քեմփբել | Բահադուր Շահ II Տանտիա Տոպի |
Կողմերի ուժեր | |
անհայտ | անհայտ |
Ռազմական կորուստներ | |
անհայտ | անհայտ |
Ընդհանուր կորուստներ |
Հնդկական ժողովրդական ապստամբությունը տեղի է ունեցել 1857—1859 թթ. անգլիական տիրապետության դեմ։ Ավարտվել է ապստամբության ճնշմամբ և Արևելահնդկական ընկերության վերացմամբ, որի հետևանքով Հնդկաստանը անցնում է Բրիտանական գահի ուղիղ ենթակայության տակ։
Պատճառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատճառներն էին հարկերի ծանրացումը, բրահմանների (նրանցից էր կազմվում բենգալական բանակը) հարկային արտոնության, սիփահիների (տեղական բնակչությունից հավաքագրված վարձկան զինվորներ) որոշ իրավունքների վերացումը, խոշոր ֆեոդալների մի մասի հողազրկումը, անգլիական ապրանքների հոսքի հետևանքով հնդկական արհեստագործության անկումը։ Բրիտանակացիների վարած քաղաքականությունը լցրել էր բնակչության համբերության բաժակը և ապստամբություն սկսելու համար միայն առիթ էր անհրաժեշտ։ Առիթ հանդիսացավ սիփահիների սպառազինության տակ անցած նոր Էնֆիլդի հրացանը[1]։
Փամփուշտը, որը անհրաժեշտ էր բացել կծելով ներծծված էր կովի և խոզի ճարպով (կովը հինդուիզմում համարվում է սուրբ կենդանի, իսկ խոզը իսլամում արգելված է)։ Չնայած նրան, որ սիփահիների ջոկատները խառը կազմ ունեին, հինդուստների և մուսուլմանների մեջ հաջողվեց համաձայնություն ձեռք բերել և սկսվեց ապստամբությունը։ Ապստամբության շարժիչ ուժը ժողովրդական զանգվածներն էին, ռազմական միջուկը՝ սիփահիները, սակայն ղեկավարության մեջ կարևոր դեր էին խաղում ֆեոդալները։
Ընթացքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապստամբությունը սկսվել է բենգալական բանակում։ 1857 թվականի մայիսի 10-ին սիփահիների երեք գունդ, ապստամբեցին և գնացին Դելի, որտեղ նրանց աջակցեցին տեղի սիփահիներն ու բնակչությունը։ Ապստամբները հռչակեցին Մեծ Մողոլների կայսրության վերականգնումը և գահ բարձրացրին գահաժառանգ Բահադուր շահ II-ին։
Կանպուրի և Լակհնաուի կառավարությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Դելիից բացի, որտեղ Բահադուր Շահ II-ի կառավարությունից զատ ստեղծվել էր նաև սիփահիների և քաղաքացիների բարձրագույն վարչական խորհուրդ, երկու այլ վայրում (Կանպուր և Լակհնաու) ևս առաջացել էին ապստամբական ինքնուրույն կենտրոններ և կառավարություններ։ Ապստամբների ղեկավարության պաշտպանական տակտիկան անգլիացիներին հնարավորություն տվեց ապստամբների մի մասին մեկուսացնել Գանգեսի հովտում։ 1857 թվականի հուլիսի 15-ին և 16-ին անգլիացիները պարտության մատնեցին Կանպուրի ապստամբներին, իսկ սեպտեմբերի 19-ին, 4 ամիս պաշարելուց հետո, գրավեցին Դելին։ Ապստամբության կենտրոն դարձավ Աուդը։ 1858 թվականի մարտի 19-ին գաղութարարները գրավեցին նաև Լակհնաուն։
Պարտիզանական շարժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապստամբներն անցան պարտիզանական պատերազմի, որի ընթացքում ռազմական հմուտ գործողություններով աչքի ընկան ապստամբության շատ ղեկավարներ՝ Ահմեդ-շահը, Մաուլավին, Լակշմի-Բաին, և ուրիշներ։ 1858 թվականի նոյեմբերի 1-ին հրապարակվեց Վիկտորյա թագուհու մանիֆեստը ապստամբությանը մասնակցած ֆեոդալներին ներելու վերաբերյալ, որի հետևանքով ֆեոդալական վերնախավը հեռացավ ապստամբությունից։ Մինչև 1859 թվականի ապրիլը գաղութարարները ճնշեցին պարտիզանական շարժումները։ Անգլիացիները դաժան հաշվեհարդար տեսան պարտված ապստամբների հետ։
Պարտության պատճառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապստամբության պարտության հիմնական պատճառներն էին՝ անգլիացիների ռազմական գերազանցությունը, ապստամբ ֆեոդալների ու գյուղացիների հետապնդած տարբեր նպատակները, իսկ Հնդկաստանի ժողովուրդների տարանջատվածությունը օգնեց գաղութարարներին մեկուսացնել ապստամբության հիմնական օջախը և դրա մարման վրա կենտրոնացնել Փենջաբի, Բենգալիայի և Դեկանի ողջ ուժերը։
Հետևանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անգլիացիները հարկադրված էին փոխել իրենց քաղաքականությունը Հնդկաստանում։ Դեռևս 1858 թվականի օգոստոսի 2-ին բրիտանական Պարլամենտը որոշում կայացրեց վերացնել Բրիտանական Օստ-Հնդկական ընկերությունը։ Մի շարք օրենքներով ամրապնդվեցին հնդիկ իշխանների և կալվածատերերի հողատիրական իրավունքները։ Գյուղացիների դժգոհությունը հաշվի առնելով՝ հրապարակվեցին օրենքներ վարձակալության վերաբերյալ, որոնք որոշ չափով սահմանափակեցին զամինդարիների (հողատերերի) կամայականությունը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 472)։ |